2015.12.15,

Նյուսրում

Անապահովների հեռուստացույցները չեն «լռի» թվայնացման պատճառով

Հայաստանում 2016թ.-ի հունվարի 1-ից նախատեսված թվային հեռարձակման անցումը կիրականացվի աստիճանաբար: Անալոգային հեռարձակումը հասանելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ  սոցիալապես անապահով ընտանիքները անվճար չեն ստացել թվային հեռարձակման ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 կցուրդները:

Սոցիալապես անապահով ընտանիքներին կցուրդներով ապահովելու պարտավորություն ստանձնել է կառավարությունը:  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը media.am-ի հետ հեռախոսային զրույցում ասաց, որ անապահով ընտանիքների համար նախատեսված համապատասխան թվային սարքավորումներն արդեն պատվիրված են,  ճանապարհին են, բայց դեռ Հայաստան չեն մտել:

ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 8-ի որոշմամբ,  ձեռք բերվելիք 48 հազար 733 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը՝ 365 միլիոն 497 հազար 500 դրամ ընդհանուր արժողությամբ, անհատույց հանձնվելու են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Միաժամանակ, ՏԿԱԻ և աշխատանքի, սոցհարցերով նախարարը 30 օրվա ընթացքում պետք է առաջարկություն ներկայացնեին սարքերի բաշխման կարգի վերաբերյալ:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ անալոգային հեռարձակումը կանջատվի ըստ այն տարածքների, որտեղ սոցիալապես անապահով ընտանիքները արդեն ստացած կլինեն  DVB-T2 կցուրդները: «Քանի դեռ սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց հանդեպ պետությունն ունի պարտավորություն՝ ստացած չեն լինի այդ սարքավորումները,  համապատասխան տարածքում անջատում չենք անի»,- ասաց Գրիգոր Ամալյանը:

«Անապահով քաղաքացիները կարող են հանգիստ լինել այնքանով, որ մինչև թվային սարքավորումները չտեղադրվեն, անալոգայինը չի անջատվի, այսինքն, հեռուստատեսությունը բոլորի համար մատչելի, հասանելի  է լինելու»,- ասաց Նանա Գնդոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սպասում է կցուրդներին՝ դրանց հասցեատերերի ցուցակը տրամադրելու համար:  Նախարարության  սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Արմեն Մարգարյանի փոխանցմամբ՝ «Որ պահին սարքավորումներն ուզենան բաշխել, մեկ ժամից կտրամադրենք սոցիալապես անապահովների ցուցակը: Դա չենք արել, որպեսզի ցուցակը ճշգրիտ լինի. այս երկու ամիսներին մարդիկ են եղել, որ զրկվել են նպաստից, մարդիկ՝ որ ընդգրկվել են»:

Ի դեպ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մոտ մեկ տարի առաջ խոսում էր անապահով խավին շուրջ 100 հազար նման սարք տրամադրելու մասին, իրավապաշտպաններն ասում էին, որ միայն պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 130 հազար չքավոր ընտանիք կա: Իսկ կառավարության վերը բերված որոշումից բխում է, որ այս նպատակով ձեռք է բերվում 48 733 հատ սարք:

Գրիգոր Ամալյանը բացատրեց, որ մրցույթը հայտարարված է 150 հազար սարքի գնման պայմանով, և սա առաջին տրանշն է, ֆինանսավորվել է իր ղեկավարած ՓԲԸ-ի խնայողությունների հաշվին:

Ռուզաննա Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *