2015.05.27,

Քննադատ

Տաքսի-մեդիա- 3

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Տաքսի-մեդիաՏաքսի-մեդիա -2

Լավ բանին մարդը շուտ է վարժվում, բայց մեր մեդիան Ռուսաստանում կամ Հայաստանում ունեցած բիզնեսների մասին տաքսու վարորդների լեգենդների, տեղանքի ոչ բավարար իմացության հետ զուգահեռ համարյա չի հիշում, որ նրանց կրթական մակարդակը (միջնակարգ, մեկ կամ երկու բարձրագույն կրթություն) իրոք բավական բարձր է եւ, մեծ մրցակցության շնորհիվ, հակադարձ համեմատական՝ աշխարհում, միգուցե, ամենացածր գնին։ (Այդ իմաստով Հայաստանի բոլոր տաքսիները կարող էին կոչվել «ԷԿՈՆՈՄ»)։

Նույն մեծ մրցակցությունն է անվանումների միջոցով ուղեւորին հաճոյանալու հարցում։ Եվ ահա ձեզ մնում է տիտղոս ընտրել՝ «ԿԱՅԶԵՐ», «ՔՈՒԻՆ», «ՔԻՆԳ (ԴԵԼՅՈՒՔՍ)», «ՊՐԻՆՑ», «ԼՈՐԴ», «ՄԱՐԿԻԶԱ», «ԲԱՐՈՆ». երեկվա բանվորա-գյուղացիական երկրում ուրիշ ինչ անուններ կարող են ցանկալի լինել։

Ազնվական ծագումը թելադրում է սեր թանկարժեք քարերի նկատմամբ. «SILVER»-ը (արծաթը) իր տեղն ունի, «GOLD»-ը (ոսկին)՝ մի քանի տեսակի՝ իր, «PLATINUM»-ը, որը կարող է արտաքնապես ոսկուն զիջել, բայց ոչ արժեքով՝ իր… Թեեւ, իհարկե, ամեն ինչ կախված է «ԿԱՐԱՏ»-ից։ Ըստ սեռական պատկանելության՝ նախապատվությունը տվեք «ԿԱՎԱԼԵՌ»-ին կամ «ԴԱՄԱ»-ին։ Տաքսու նստարանն էլ, որին բազմել եք հանգիստ, կարող եք «ԳԱՀ» պատկերացնել։       

Կա նաեւ «ԹԱԳՈՒՀԻ» տաքսի ծառայություն, բայց սա թե՛ տիտղոս կարող է լինել, թե՛ հատուկ անուն, որոնք անթիվ-անհամար են. մատնանշում են սեփականատերերին կամ նրանց զավակներին՝ «ԴավՏիգ», «ՄԱՆԵ», «ՆԱՐԵԿ», «ԱԲՈՒԼԻԿ», «ԳՈՆՉ» եւ այլն։

Այն ուղեւորներին, ովքեր արխայիկ կհամարեն տիտղոսները, առաջարկվում է պարզապես խավ կամ «ՄԱՍՏ» ընտրել. «ՌՈՅԱԼ»-ի փոխարեն ձեզ սիրով կսպասարկեն «ԷԼԻՏ»-ը, «ԷԼԻՏԱ»-ն ու «ԷԼԻՏԱՐ»-ը… «ՊՐԵՍՏԻԺ»-ն ու «ՌԻՉ»-ը։

«Ջինսի սերնդին» կվայելի «JEANS»-ը, «FREEDOM»-ը, «ԳԼԱՄՈՒՌ»-ին՝ «ՍՈՒԻԹ»-ը, «ՓԻՆՔ»-ը։

Ինձ հանդիպած անուններում պատմական անձինք ավելի քիչ էին, քան ենթադրելի էր՝ նկատի ունենալով պատմության հանդեպ մեր հատուկ վերաբերմունքը։ «ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ»-ին, դիցուք, «կտրեցին» միայն «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»-ն ու «ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ»-ը… դե, նաեւ՝ «ՆՈՅ» նահապետը, ինչքան էլ որ նրա փոխադրամիջոցը՝ տապանը, ջրային էր։

Թեեւ ջրային փոխադրամիջոցների անուններ քիչ չեն կրում տաքսի ծառայությունները՝ «ԿԱՌԱՎԵԼԼԱ», «ԳԱԼԵՐԱ», որ ավելի պետքական են «ԿՐՈՒԻԶ» գնալու համար, քան «ՎՈՅԱԺ»-ի։

Ցամաքային փոխադրամիջոցներից զգալի տարածում ունեն նժույգները՝ «ՄՈՒՍՏԱՆԳ», «WHITE HORSE», «ՖԱՅՏՈՆ ՏԱՔՍԻ», «ԿՈԼԵՍՆԻՑԱ»՝ որպես քաղցր վերհուշ ներքին այրման շարժիչների նախորդող դարաշրջանից։

Արագության կամ հուսալի փոխադրման խորհրդանիշ կենդանիներն ու թռչունները նույնպես իրենց անուններն են «բաշխել» տաքսիներին՝ «ՊԱՆՏԵՐԱ», «ԲԵՐԿՈՒՏ», «ԱՂԱՎՆԻ»։

Վախենալու արագություն է ակնարկում «ԿԱՅԾԱԿ» տաքսին՝ ի տարբերություն բնության մեկ այլ երեւույթի՝ վերջերս վիճելի հանրային ենթիմաստներ ձեռք բերած «ԾԻԱԾԱՆ»-ի։

Բույսերից, ինձ անհայտ պատճառներով, «ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ»-ում (տաքսու անուն է) հասարակածայինի («ՄԱՆԳՈ») համեմատ ակնհայտ գերազանցություն ունեն արեւադարձային ցիտրուսային մրգերը՝ «ԼԱՅՄ»-ը, «ԼԻՄՈՆ»-ը, «ՕՐԱՆԺ»-ը։ Ընդեղեններից առկա է «ՆՈՒՇ»-ը՝ անվիճելի հաճելի համով, ճիշտ ինչպես քաղցրեղեններից՝ «ՇՈԿՈԼԱԴ»-ը։     

Առանձնապես կատակի թեմա չէ, բայց կարծես կակազելու արդյունք են «ՏԱՔՍԻ ՍԻ»-ն ու «ՏԱՔՍԻ ՏԱՔՍԻ»-ն։ Չնայած վերջինս նաեւ Պարոնյանի անվան թատրոնի հայտնի կատակերգության վերնագիրն է։

Երեւի պատկերացնելով, թե ինչ «ԺՊԻՏ» են առաջացնում այս անունները հայկական «ԻՆՏԵԼԵԿՏ»-ուալների շրջանում, մի տաքսի ծառայություն իրեն կոչել է «ՋԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ»։

Եվ վերջապես յուրովի այս բազմազանությանը հակադրվում են տաքսի «ԿԼԱՍԻԿ»-ը, թեեւ սովետական դեղին «24»-ներով չի սպասարկում, եւ

«ՏԱՔՍԻ ՆՈՌՄԱԼ»-ը։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *