Տաքսի-մեդիա 2

20.05.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Սկիզբը

Տաքսի-ծառայությունների անվանումները կատակի տարածված թեմա են, բայց խոստովանենք, որ հեշտ բան չէ մեծ մրցակցության պայմաններում թարմ ու գրավիչ անուն գտնելը։ Անձամբ ինձ հայտնի է մի սիրված մեդիա կազմակերպություն, որը մի քանի տարի իր անվանափոխությունը քննարկելուց հետո որոշեց իր էությունը արտահայտել բարդ ստորադասական նախադասությամբ։

Այսօր մենք կատակում ենք, բայց քսան տարի անց, երբ Հայաստանը լինի կա՛մ Եվրամիության անդամ, կա՛մ Ռուսաստանի մարզ, տաքսի ծառայությունների անունները հետազոտողներին կօգնեն պարզել, թե ինչ անզիջում պայքար է նախորդել պատմական ընտրությանը։

Զուտ տաքսի ծառայություններից դատելով՝ արեւմտյան աշխարհաքաղաքական կողմորոշումն գերակշռել է։ «DREAM», «SOUL», «STAR», «STARS», «STARLINE», «ARMSTARS», «ELEGANT», «HAPPY WAY», «GOLD WAY», «MY WAY», «GOOD», «LUCKY», «FOR YOU», «FUNNY», «GLORIA», «JUST», «FAST»՝ անգլալեզու անունները կես էջ կարող են զբաղեցնել։ Ընդ որում՝ կան նաեւ ավելի ուղղակի ակնարկներ՝ «EURO»… «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԱՔՍԻ» եւ այլն։

Yahoo_Taxi

«Ռուսական կողմնորոշումը» արտահայտվում է թե՛ համեմատաբար սպասելի «ՄԱՅԱԿ», «ՈՒՅՈՒՏ», «МИР», «MINUTKA», թե՛ անակնկալ անուններով՝ «SEMERKA», «ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ», «БРАТ», «DUBROVKA», «Ninka», «MALINKA», որոնցից մեկը խիստ արմատական է՝ «СЛАВЯНСКИЙ». երեւի ծառայությունը նախընտրում է/կնախընտրեր մոլոկան վարորդներով գործել, որպեսզի հյուր եկած ռուսները (սլավոնները) չհիասթափվեին՝ սեւ-մեւ հայերին տեսնելով։

Այս «արտաքին քաղաքական թեւն» ունի նաեւ իր ռահվիրան՝ «ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ» տաքսի ծառայությունը։

Ինչպես եւ մեր հանրային կյանքի այլ ոլորտներում, այս նույն խմբի մեջ պետք է միավորել ՍՍՀՄ-ի հանդեպ կարոտախտով տառապող անունները։ «Danko»-ն տեսնելով, որի «D» տառը բոցերի մեջ է (թեկուզ այրվող շարժիչով՝ վարորդը քեզ տեղ կհասցնի), հիշում ես Մաքսիմ Գորկու «Դանկոյի սիրտը» պատմվածքը, որը պարտադիր ուսացանության նյութ էր սովետական տարիներին։

«НУ, ПОГОДИ»-ի ուղերձներն ավելի երկիմաստ են. կա՛մ հորդորում է, որ ուղեւորն ուրիշ տաքսի չնստի, կա՛մ սպառնում, եթե ուրիշ փոխադրամիջոց է նախընտրել։

Վերջինիս հետ երկիմաստությամբ մրցակցում է հայանուն «ՄԻ ՍՊԱՍԻՐ»-ը։ Մի կողմից՝ հասկանալի է՝ չենք սպասեցնում, մյուս կողմից՝ մեզ վրա հույս չդնես՝ գնա։

Նույն երկակի ապրումներն ես ունենում, երբ մի տաքսի քեզ ողջունում է՝ «ԲԱՐԵՎ», իսկ ուրիշները ոնց որ միանգամից ճամփու դնեն՝ «ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ», «ՉԱՈ»։

«Ռուսական» բաժնում կա նաեւ խորհրդավոր «ԶՈԼՈՏՈՅ ԴՅՈՒԿ»-ը։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ նույնանուն կինոփառատոն է եղել… Օդեսայում, որն անվանակոչվել է նրա առաջին քաղաքապետ Արման-Էմանուել դյու Պլեսիսի պատվին (Ռուսաստանում` Էմանուել Օսիպովիչ դը Ռիշելյե)։ Նա «դյուկ» էր, այսինքն՝ «դուքս»։ Հիմա կինոփառատոնը գոյություն չունի, բայց ՌԴ-ում կա կինոթատրոնների համանուն ցանց, որի հետ էլ, հավանաբար, ինչ-որ կապ ունեն տաքսի ծառայությունը հիմնողները։

Unicef_Taxi

Խորհրդավոր կարող է թվալ նաեւ «UNISEF» անունը, բայց, ինչպես նրա մասին ինձ պատմած Գեղամ Վարդանյան էր պարզել, այն ներշնչված է… նույն մակագրությամբ մարզաշապիկով, որ իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն են կրում։ Քանի որ «BARCA» տաքսի էլ կա («REALMADRID» նույնպես), պետք է ենթադրել, որ ավելի վաղուց է գործում, եւ թիմի այլ երկրպագուները բավարարվել են փոքրագույնով՝ «UNISEF»-ով։

Եվրոպական ակումբային ֆուտբոլի հանդեպ ներկա զանգվածային հրապուրանքին միայնակ դիմադրում է «ԱՐԱՐԱՏ-73»-ը։

Երկակի կարող է մեկնաբանվել նաեւ «YAHOO» անունը։ Դա կարելի է հասկանալ թե՛ որպես էլեկտրոնային հնագույն հասցեներից մեկի օգտատիրոջ հեգնանք, դիցուք, mail.ru-ի բաժանորդների հանդեպ, եւ թե՛ Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճամփորդության» հերոսի՝ նախաավտոմոբիլային առասպելական ձիու հետ նույնացում… Թեեւ այդ դեպքում ավելի նախընտրելի պիտի լինեին մյուս նժույգները՝ բարեկիրթ «Houyhnhnm»-ները։

Վերջը՝ հաջորդիվ:

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?