Հուլիսի 10-ին, ամիսը չլրացած, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ երկկողմ հանդիպումն ունեցավ․ Աբու Դաբիում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ առաջինը հունիսի 20-ին էր, Ստամբուլում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Աբու Դաբիում հանդիպումը տևեց 5 ժամ։ Առաջին տեղեկատվությունը հանդիպման վերաբերյալ տարածեց ադրբեջանական APA գործակալությունը` տեղի թղթակցի միջոցով։ Հայաստանից որևէ լրատվամիջոց Աբու Դաբի չէր մեկնել։
«Լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»,- տարածել էր APA-ն։
Ավելի ուշ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ ԱԳՆ–ն՝ ընդհանուր ձևակերպումներով․ «քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը:
Երկրների ղեկավարները նշել են, որ սահմանազատման գործընթացում գրանցվել է առաջընթացը, և հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները»:
Հանդիպումից հետո ամենաշատ քննարկվող բառը «արտապատվիրակումն» է, որը շրջանառության մեջ էր դրվել ավելի վաղ՝ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմամբ։ Դրանում, ըստ
«Ազատության», նշվում է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել: Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է»։
Փաշինյան-Ալիև հանդիպման օրը՝ հուլիսի 10-ին, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատությանը» պարզաբանեց, թե սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ-ն դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Այդ սկզբունքներն են Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը։
Արտապատվիրակման հավանականության, ձևի ու նպատակահարմարության հարցը ԶԼՄ-ներում դարձել էր քննարկման առարկա, բայց առանց մանրամասների։ Քննարկվե՞լ է այն Աբու Դաբիում, ի՞նչ տարբերակով և ինչպիսի՞ լուծմամբ․ այս հարցերին սպառիչ պատասխաններ չտվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 16-ի ասուլիսում։
Վարչապետն ասաց, որ արտապատվիրակման հարցը Աբու Դաբիում քննարկվել է, արտահայտվել են տարբեր գաղափարներ, բայց դրանցից որևէ մեկի շուրջ համաձայնություն չի եղել։ Հստակ է, սակայն, որ «մենք ուզում ենք Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր»։
Ճանապարհի արտապատվիրակման վերաբերյալ մանրամասներ Նիկոլ Փաշինյանը չհայտնեց, բայց կոնկրետ օրինակներով վստահեցրեց, որ ճանապարհը մնալու է Հայաստանի սեփականությունը։ Հիշեցրեց, որ արտապատվիրակված կառավարմամբ են գործում «Զվարթնոց» օդանավակայանը, Հայաստանի ջրային համակարգը, «Հայփոստը», երկաթուղին։
Վարչապետի պատկերացմամբ՝ արտապատվիրակմամբ գործելու է «մի տնտեսություն, որը պետք է ստեղծվի, կառավարվի»։ «Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նկատի ունենալով «կառուցապատման իրավունքի» պոտենցիալ հավակնորդներին էլ՝ նշեց․ «Արդեն կան հետաքրքրված գլոբալ խաղացողներ, ում ներկայությունը կարող է ներդրումային միջավայրի նկատմամբ վստահություն լինել»։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց տեղեկությունը, թե բանակցային օրակարգում կա նաև Խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափարը։ Նրա խոսքով՝«դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակ է, որը միայնակ չէ։ Որոշակի պայմաններում կարող է լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այնքան իրատեսական»։
«ԱՄՆ-ի ծրագրով՝ իր ուժերը պիտի ստուգեն ՀՀ-ով երթևեկող ադրբեջանցիներին և տվյալները տան հայ սահմանապահներին․ Ադրբեջանը դեմ է»․ հուլիսի 11-ին Factor.am-ի տաղավարում ասում է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։ Նրա գնահատականով հանդիպումը կոնսերվատիվ էր, զգուշավոր, օպտիմիստական: Ասում է՝ պայմանավորվածությունը՝ թե հանդիպումները շարունակական են լինելու, կնպաստեն դեէսկալացիային սահմանին։
Ներսիսյանի խոսքով՝ եթե ԱՄՆ–ն հետաքրքրված է գործընթացով, պետք է լուրջ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, թե չէ «նրանք որևէ լուծում էլ չեն ուզում»․ կարող են համաձայնվել, բայց պայմանագիր չստորագրել, ու «ստորակետների մասին հանդիպումները ձգվեն տարիներով»։
«Ադրբեջանական դիվանագիտությունը բուլդոգ է հիշեցնում։ Երբ բուլդոգը բռնում է զոհին, կծելով տանում է ու բաց չի թողնում մինչև սատկացնելը»,-ԱԺԲ անդամ Արա Պապյանն այսպես է նկարագրում հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ասում է՝ երկկողմ ձևաչափը ցանկալի չէ, մեզ ձեռ կտար, եթե Մինսկի խմբի եռանախագահները ներկա լինեին։ «Ադրբեջանն Արցախը գրավել է, բայց երեսուն տարի Արցախը մերն էր, ու եռանախագահները մասնակցում էին հանդիպումներին, չէ՞»,- նկատում է Պապյանը։
Պապյանը համոզված է, որ մինչև տարեվերջ Խաղաղության պայմանագիրը չի կնքվի, քանի որ ադրբեջանական պահանջները չեն բավարարվի։
Խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ Պապյանն ասում է՝ մենք էլ պիտի պահանջենք Նախիջևանի տարածքով անցնող ճանապարհ։ Նկատում է՝ տեսականորեն ամերիկացիները ավելի նախընտրելի են, քան ռուսները․Ադրբեջանի հետ հարաբերություններում թելադրողն արդեն Ռուսաստանը չէ։
Բանակցային «արևմտյան հարթակը» Հանրայինի տաղավարում դրական է գնահատում նաև «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալլաքյանը։ Ասում է․ «Ռուբիոյի հայտարարությունից հետո հասկանում ենք, որ վայրն ընտրված է ամերիկյան նախաձեռնությամբ։ Միացյալ Նահանգները ստվերային ձևով վերահսկում է, թեպետ հանդիպումը երկկողմ է»։
Դալլաքյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն ասում են, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն Ռուսաստանի վերահսկողությամբ, ԱՄՆ–ն, Եվրոպան ու Հայաստանը դեմ են։ Ասում է ուղիղ երկխոսության փորձն առաջինը ողջունեց Պեսկովը՝ իմանալով, որ հակառակ դեպքում Թրամփը կարող է ավելի վատ վերաբերվել Պուտինին։ Այսուհանդերձ, Լիլիթ Դալլաքյանը նշում է, թե Պեսկովը չի հավատում, որ գործընթացը հաջողությամբ կավարտվի, ու ամեն ինչ կանի, որ հաջողությամբ չավարտվի։