2023.12.27,

Խաչմերուկ

Վատ լրագրողը` սոցիալական մեդիայի լավ համակարգող

Բլոկադայի օրերին, երբ դասական լրագրությունն «անզոր» էր, օգնության էր հասնում սոցիալական մեդիան։  Այնպես էր ստացվել, որ ֆեյսբուքի արցախյան տիրույթի ամենամեծ խմբերը համակարգում էր ձեզ արդեն ծանոթ վատ լրագրողը։  

Եթե աշխարհում դեռ մնացել են Արցախի հարցով հետաքրքրված հետազոտողներ և լրագրողներ, ապա, հաստատապես, արժե նրանց ուշադրությունը հրավիրել Ֆեյսբուքում «Ինձ պետք ա էս հինչ Պենը» բաց և «Արցախի մայրիկների ակումբ» փակ խմբերի վրա, որոնք ժամանակագրական ճշգրտությամբ արտացոլում են այդ ամիսների ողջ աբսուրդն ու խեղճությունը…  

Ի՞նչ էր կատարվում արցախահայության կյանքում գրեթե մի տարի տևած շրջափակման ընթացքում` ըստ վերոնշյալ խմբերի։ Նախ` բլոկադայից առաջ սոցիալական մեդիայի արցախյան տիրույթում շատ էին տան վաճառքի հայտարարությունները, որոնց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, բայց որոնք շարունակեցին գրվել նաև բլոկադայի առաջին` լավատեսական ամիսներին։ Պատերազմից հետո բնակարան առնողը միայն պետությունն էր` բռնատեղահանված հադրութեցիների, շուշեցիների, քաշաթաղցիների համար, սակայն գնվում էին հիմնականում իշխանավորների և մերձիշխանական շրջանակներին պատկանող տները։  

Բլոկադայի առաջին ամսում սոցիալական մեդիայում մարդիկ փնտրում էին խանութներ, որտեղ առկա կլիներ իրենց անհրաժեշտ սնունդը, դեղորայքն ու տնտեսական ապրանքները։ Հետո սկսեցին փնտրել ցանկացած տեսակի սնունդ, ամենատարրական ջերմիջեցնողներ ու ցավազրկողներ, տնտեսական ապրանքներից էլի ամենապետքականները` զուգարանի թուղթ, օճառ, տակդիր… 

Հաջորդ փուլում խանութներն արդեն խաղից դուրս էին հայտարարվել, դրանք կամ փակ էին կամ իներցիայով բացվում-փակվում էին, քանի որ ալկոհոլային խմիչքներից բացի ոչինչ չունեին վաճառքի համար։ Այս փուլում գումարն արժեզրկվեց։ Ո՞ւմ էր պետք գումարը, եթե հազվադեպ բաներ էր հնարավոր դրանով գնել, այն էլ` միայն «հոր գներով»։ Մնացածը փոխանակովի էր։ Այս փուլում Էվոլյուցիայի տեսությունը հերքողները մտքում երևի ներողություն էին խնդրում Դարվինից։

Տեսակի պահպանության պայքարում շարունակում էին շահել ճարպիկները` նրանք, որ լավ կապեր ունեին կամ գյուղատնտեսությամբ զբաղվող բարեկամ(ներ)։ Նրանցն էր «երկրային արքայությունը», որովհետև կարողանում էին հայթայթել սնունդ, մինչդեռ մանկահասակ երեխաների մայրերը սովահարությունից երեխաներին փրկելու համար մեծ խմբերում կաթնախառնուրդ էին փնտում` խնդրում, աղաչում ցանկացած գնով վաճառել իրենց կամ փոխանակում առաջարկել։

Փոխանակումը հակասական զգացմունքներ էր առաջացրել հանրության մեջ. այն հատկապես ծանր էին տանում նրանք, ովքեր տանն այլևս փոխանակելիք պաշար չունեին և բոլոր փոխանակման գրառումների մեկնաբանություններում խնդրում էին բարձր գնով վաճառել իրենց… Հենց այս պատճառով էլ փոխանակման գրառումներ անողները նախընտրում էին անանուն ներկայանալ, հատկապես՝ նրանք, որ անհամարժեք փոխանակումներ էին փորձում անել և արդյունքում մեկնաբանություններում տարբեր տրամաչափի հայհոյանքների ու անեծքների էին արժանանում փոխանակման համար ոչինչ չունեցողների և, պարզապես, անարդարություն չհանդուրժողների կողմից։

Այս ընթացքում հետզհետե ներսիս «վատ լրագրողն» արթնանում էր. նյութ պատրաստելն անցել էր երկրորդ պլան, ես անընդհատ խմբերին էի հետևում, որտեղ օրական հարյուրներով գրառումներ էին արվում, որոնք պետք էր ֆիլտրել բոլոր հնարավոր մտածելակերպի տեր մարդկանց ֆիլտրերով, որպեսզի կարիքի և օրեցօր հյուծող ճնշվածության մեջ ապրող մարդկանց հերթական անգամ նյարդայնանալու առիթ չտամ… Իհարկե, դա չէր փրկում. մեկնաբանություններում միշտ «ղալմաղալ» էր և պետք էր ժամանակին ֆիքսել ու փակել գրառման մեկնաբանությունները կամ ջնջել գրառումն ամբողջությամբ։ Սրան հաջորդում էր անձնական էջիս հարձակումները, որոնց հետ ևս հողմաղացների պայքար էի մղում։ Սա այն պատճառով չէր, որ արցախցիները կռվարար են, պարզապես ամենաբնական ձևով ջունգլիների օրենքը սկսել էր հաղթել քաղաքակրթությանը։ 

Մենք քարանձավաբնակաների պես էինք․ միակ փոխադրամիջոցը մեր սեփական ոտքերն էին, սնունդ հայայթելը նախամարդու որսից քիչ էր տարբերվում, դեղերի բացակայությունը հիշեցնում էր ամբողջ կյանքում ապացուցողական բժշկությամբ առաջնորդված բժիշկներին բուսաբուժության ու պլացեբոյի մասին, որովհետև դժվար էր մի կերպ ոտքով ջերմող երեխային հիվանդանոց հասցրած ծնողի աչքերին նայել և ասել, որ ոչինչ չունեն առաջարկելու։  

Ուրախացնող գրառումները, որոնք սրտի թրթիռով էի հաստատում, հարսանեկան զգեստի և դրա հետ կապված պարագաների փնտրտուքի մասին գրառումներն էին։ Այդ պայմաններում նոր ընտանիքների ստեղծումը ինչ֊-որ անորոշ հույս էր արթնացնում մարդկանց մեջ։ Դրանք միակ գրառումներն էին, որոնց տակ օրհնանքի և բարեմաղթանքների մեկնաբանություններ էին գրվում: 

Վերջին փուլը…  

Երբ ուսանողների և ծանր հիվանդների առաջին հոսքը հատեց Հակարին, լիակատար շրջափակումից հյուծված մարդկանց մի մասը սկսեց զարտուղի ճանապարհներ փնտրել բլոկադան ճեղքելու և փրկվելու համար։ Այս փուլում մարդիկ մեծ խմբերում ճամպրուկներ էին փնտրում։ Որպես խմբերի համակարգող` ձեռքս չէր ուզում սեղմել հաստատման կոճակը… Ամեն գնացողի հետ երեխայիս առաջ մեղքի զգացումն էր մեծանում, ստացվում էր` նրանք լավ ծնողներ են, փրկում են իրենց երեխաներին, ես` ոչ։ Ամեն գնացողի հետ վտանգն ավելի էր ահագնանում, ուստի պատահական չէին դավաճանի և հայրենադավի պիտակները, որ մնացողների մեծ մասը ասում էր գնացողների հետևից: Կյանքն ընտրողները նեղանում էին մեզանից այդ պիտակների համար և հեռանում էին մեղքի զգացումով, որովհետև գնալն էլ, ասում են, հեշտ որոշում չէր։ 

Խմբերը մեկ էլ ակտիվացան սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունից հետո. մարդիկ իրենց այրված հարազատների համար ցավազրկողներ էին փնտրում, մյուսները` բենզին` ամեն գնով։  

Այսօր արդեն արցախյան մեծ խմբերում մարդիկ փնտրում են աշխատանք, կացարան, այլ երկիր տեղափոխվելու հնարավորություններ, պետության կողմից տրվող աջակցություններից օգտվել չկարողանալու և հաշվառմանը վերաբերող հարցեր են տալիս, հաճախ` մնում անպատասխան։ 

Տաթևիկ Խաչատրյան 

Շարքի նախորդ հոդվածները՝

Վատ լրագրողի պատերազմական օրագրից. «զոհվածների շենքը»
Վատ լրագրողի պատերազմական օրագրից․ չմիանալով մահվան կուլտին
Վատ լրագրողի պատերազմական օրագրից


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *