2023.12.12,

Խաչմերուկ

Վատ լրագրողի պատերազմական օրագրից․ չմիանալով մահվան կուլտին

Պատերազմներ առաջ՝ հեռավոր 2014-ին, երբ ես ժուռֆակի 2-րդ կուրսի ուսանող էի, հիմա արդեն կարելի է ասել` նախորդ կյանքում, առաջին անգամ ընկալեցի զոհվել բառի նշանակությունը։ Դա այն ժամանակ էր, երբ տարածաշրջանի հզորագույն բանակի միֆը, առճակատվելով 1994-ին ծնվածիս խաղաղության սերդնի խորհրդանիշ լինելու փուչիկին, պայթեց` դասարանցուս զոհվելով… Մեր դասարանի ամենասիրուն ու ամենաաշխույժ տղան` ժամկետային Արայիկ Բաբայանը, ինչպես սովոր են լրատվականներն ասել` «մահացու հրազենային վնասվածք ստացավ թշնամու դիպուկահարի կրակից»։

Պատերազմներ առաջ այդ իրադարձությունը 19-ամյա դեղնակտուցիս համար անքուն գիշերների, կյանքի ողբերգայնության գիտակցման դաժան փորձառություն էր։ Ո՞վ իմանար, որ շատ պատերազմներ են դեռ ինձ սպասում, և դրանց միջև պետք էր հասցնել չխելագարվել ու, եթե հաջողեի, նաև` ապրել։ Ապրիլյան, օգոստոսյան, սեպտեմբերյան, 4-օրյա, 44-օրյա, 1-օրյա, Փառուխի, Սև լճի, Ջերմուկի. իմ ապրած պատերազմներն են, գուցե որոշները չհիշեմ էլ, դրանք այնքա՜ն շատ են պատահել ինձ հետ, որ գուցե նորմալ է մոռանալը։

Չգիտեմ, թե ինչպես են սահմանվում պատերազմները, գուցե դրանք զինվորական և հատկապես՝ քաղաքական տեսակետից այլ անուններ ունեն` ռազմական գործողություն, ինքնապաշտպանական միջոցառում, զորավարժություն, հատուկ օպերացիա, թե մեկ այլ բան, բայց ինձ համար իմ թվարկածները հենց պատերազմներ են, որովհետև գործում է զենքը, և զոհվում են մարդիկ։

Մահն ինձ համար 2014-ից դարձավ առօրյայի մաս. ես էլի շարունակեցի դասարանցիներ, բակի ու բարեկամների տղաներ կորցնել, և որպեսզի հանկարծ ողբերգությունների չափաբաժինն ու ազդեցությունը չմարեն իմ կյանքում, 44-օրյա պատերազմը մի քանի օրվա տարբերությամբ խլեց նաև 2 եղբայրներիս կյանքը՝ հարազատ եղբորս և քեռուս տղայի…

Պատերազմն այնպիսի աբսուրդ բան է, որը ստիպում է ամաչել, որ պարզապես կաս, այն դեպքում, երբ քեզանից փոքրերը` շատ ավելի փոքրերը, չհասցրին կյանքի համն առնել…

Մարդիկ պատերազմը ճանաչում են գործնականում, երբ իրենց ամենաթանկերի մահվան թուղթն են կարդում, և տեսականորեն, երբ կարդում են այդ թուղթը կարդացողների մասին։ Եվ, բնական է, որ այս երկու խմբերում ծագող հարցերն ու դրանց հնարավոր պատասխանները նույնպես տարբեր են։ Դրա համար, երբ ինձ հարցնում են՝ Արցախը հետ կբերե՞նք. ես պատասխանում եմ, որ այլևս ոչ մեկի որդու, ամուսնու և/կամ եղբոր ԿՅԱՆՔԻ հաշվին Հայրենիք չեմ ուզում։ Անտուն ու անծննդավայր մնալը, ինչ խոսք, բավական ստորացուցիչ զգացում է. Հակարիի կամուրջն անցնելիս հասկացա, երբ հետևում էի թողնում ամբողջ կյանքս, երազանքներս ու սին հույսերս… Բայց և համազգային մահվան կուլտին, կներեք, միանալու չնչին ցանկություն անգամ չունեմ։ Այս միտքը պարտվողական կարող է թվալ նրանց համար, ովքեր եղբոր սառած մարմնի վրա ձայնալարեր խզած չկան…

Այսօր 2023 թվականի դեկտեմբերի 12-ն է, և ես շարունակում եմ գոյությունս` անգամ չդիմելով հոգեբանի, բայց… լրացնելով պատերազմական օրագրիս հերթական էջը։

Տաթևիկ Խաչատրյան,
լրագրող

Շարքի առաջին հոդվածը՝ այստեղ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *