2013.05.16,

Քննադատ

Ցույց եք տալիս, որ ի՞նչ ասեք

Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էի, որ եթե լրատվամիջոցի խմբագիր լինեի, ապա եթեր չէի թողնի արդեն հանրաճանաչ դարձած «Աբովյանի ճաշկերույթը», առնվազն այն տեսքով, որով երեկ տեղադրված էր ցանցում: Քանի որ այդ թեման բուռն քննարկում առաջացրեց, որոշեցի մի քանի հարցի մասին խոսել:

Բայց նախ մի պարզաբանում: Ես ազատ մամուլի երդվյալ կողմնակից եմ եւ համարում եմ, որ օրենքով սահմանված հարցերի շատ նեղ շրջանակից բացի՝ խոսել, գրել եւ քննարկել կարելի է ամեն ինչ: 

Միշտ անհեթեթ եմ համարել նաեւ երեկ հնչած այն տեսակետը, որ նման նյութերի տարածումը վնասակար է Հայաստանի անվտանգության եւ միջազգային իմիջի համար, ինչպես նաեւ «ջուր թշնամու ջրաղացին» խորագրով այլ խոսակցությունների առումով: Ուզում եմ վստահեցնել, որ արտահայտված դիրքորոշումը գրաքննության հետ որեւէ առնչություն չունի: Խնդիրը, որը բարձրաձայնել եմ երեկ, ըստ էության, ամողջությամբ պրոֆեսիոնալալիզմի եւ լրագրողական էթիկայի դաշտում է:

Առաջին:

Ամեն օր աշխարհում, Հայաստանում, Երեւան քաղաքում, հանրային տարածքներում, փողոցներում ու բնակարաններում տեղի են ունենում հազարավոր իրադարձություններ: Դիցուք՝ լրատվամիջոցը լիովին ազատ է եւ կարող լուսաբանել ցանկացած թեմա ըստ սեփական հայեցողության: Արդյո՞ք այդ բոլոր մեծ ու փոքր իրադարձությունները տեղ են գտնում լրահոսում: Բնականաբար` ոչ:

Խմբագիրը (պայմանականորեն, քանի որ դա կարող է լինել նաեւ սեփականատերը, գլխավոր տնօրենը, թողարկող պատասխանատուն եւ այլն) որոշում է կայացնում, որ ա, բ, գ, դ իրադարձությունները պետք է լուսաբանվեն, i, ii, iii նորությունները տեղ գտնեն եթերում/էջում/թերթում, իսկ մնացածը` ոչ:

Ինչո՞վ է առաջնորդվում խմբագիրը նման որոշումներ կայացնելիս:

Մեծ հաշվով հենց այս խմբագրական քաղաքականությամբ է պայմանավորված լրատվամիջոցների ֆորմալ, բայց ավելի հաճախ ոչ ֆորմալ դասակարգումը: «Դեղին» մամուլը չի թաքցնում, որ նյութերի ընտրության հիմնական չափանիշը դրանց՝ հանրության լայն շերտերին հասանելի, հաճախ սկանդալային, հեշտությամբ վաճառվող բնույթն է:

Լուրջ լրատվամիջոցները (կամ այդպիսին ձեւացողները) պնդում են, որ ի հեճուկս կոմերցիոն շահերի՝ իրենց հիմնական ֆունկցիան հանրությանը անաչառ եւ բազմակողմանի տեղեկատվություն հաղորդելն է: Ավելի հավակնոտները հայտարարում են, որ ձեւավորում են ինֆորմացիոն դաշտի որոշակի հասարակական պահանջ, զարգացնում ճաշակ եւ հանդիսանում իշխանություններին իրական հակակշիռ:

Հարց` այս նյութը եթեր տալով՝ ի՞նչ նապատակ է հետապնդել «խմբագիրը»:

Երկրորդ:

Ցանկացած նյութ, որն առաջարկվում է մեզ` տեղեկատվություն սպառողներիս, կարդալ, լսել կամ դիտել, բացի բուն բովանդակությունից, ունի նաեւ ուղերձ:

Այսինքն՝ նյութի հեղինակը, այդ կոնկրետ պատմությունը պատմելով, զուտ ինֆորմացիան փոխանցելուց զատ՝ մեզ փորձում է մղել որոշակի մտորումների, արթնացնել զցացմունքներ, հանգեցնել եզրակացությունների, դրդել գործողությունների:

Օրինակ՝ «168 ժամ» թերթի սոցիալական ուղղվածության շարքը կառուցված է առանձին մարդկանց պատմությունների վրա եւ պարունակում է հստակ ուղերձներ` կարեկցանքի, սոցիալական անարդարության, բարեգործության եւ այլն: «Հետք»-ի հետաքննական հոդվածները նույնպես ուսումնասիրում են հստակ փաստեր եւ ունեն հստակ հասցեատերեր: Օրինակները բազմազան են եւ բազմաթիվ:

Հարց` ո՞րն է այս նյութի ուղերձը: Ի՞նչ են ուզում սրանով մեզ հաղորդել լրագրողներն ու լրատվամիջոցները, ի՞նչ զգացմունքներ արթնացնել, ի՞նչ եզրակացությունների հանգեցնել:

Երրորդ:

Հարց` ինչպե՞ս: Սա երեւի ամենաբարդ հարցն է: Առավելեւս ուղիղ եթերի պարագայում, երբ գրեթե հնարավորություն չկա համապատասխան կադրեր ընտրելու, հարցազրույցները նախապես պատրաստելու կամ խմբագրելու: Մեծ հաշվով, երեւի, այս «ինչպեսն» է, որ լրագրողին տարբերում է լավ լրագրողից, ռեժիսորին՝ լավ ռեժիսորից, գրողին՝ լավ գրողից:

Եթե փնտրես, կարելի է գտնել տարբեր փաստաթղթերում սահմանված ստանդարտներ (այդ տեսակետից հետաքրքրական է «Ազատություն» ռադիոկայանի աշխատողների էթիկական կոդեքսը, որը տպագրվել է «սառը պատերազմի» ժամանակ), բայց կարծում եմ, որ կոդեքսներով ֆիքսված լրագրողական էթիկայից առավել կարեւոր է «do not harm» ՝ վնաս չտալու սկզբունքը:

Վստահ եմ, որ հարգանքը ցանկացած մարդու հանդեպ (անկախ նրանից, թե նա ով է՝ երկրի նախագա՞հ, թե՞ պարզ «սեմուշկա» վաճառող) մարդակենտրոն լրագրության հիմքն է եւ հիմնարար է անգամ այն դեպքերում, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով իրենց իսկ հանդեպ այդ հարգանքը կորցրել են:

Իզաբելլա Սարգսյան

Հ.Գ. Շատ եմ խորհել, թե ինչու են մարդիկ այդքան սիրում կարդալ/նայել  բնական աղետների, սպանությունների, դժբախտ պատահարների, պատերազմների մասին ռեպորտաժներ: Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ, տեսնելով ուրիշների մահն ու տառապանքը, մարդը ենթագիտակցորեն  իրեն ողջ է զգում եւ թաքուն մտածում` ի՜նչ լավ է, որ այս ամենը ինձ հետ չի կատարվում: Երեկվա ֆեյսբուքյան քննարկումներն «Աբովյանի խրախճանքի» շուրջ, ինձ մի պահ այդ նույն երեւույթը հիշեցրին…

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *