2022.05.22,

Ստուգված է

Հայաստանում կապիկի ծաղիկի վիրուսի որևէ դեպք չի գրանցվել. Միկա Բադալյանը կեղծել է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մայիսի 7-ին աշխարհը սկսեց ակտիվորեն խոսել կապիկի ծաղիկի վիրուսի մասին։ Վարակման առաջին դեպքը գրանցվել էր Մեծ Բրիտանիայում։ Քաղաքացին նոր էր վերադարձել Նիգերիայից, որտեղ էլ, ենթադրաբար, վարակվել էր:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը կենդանիներից փոխանցվում է մարդկանց, սակայն մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Այն արձանագրվել է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ վիրուսին: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 օր, ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մեջքի և մկանների ցավը, դողը և ընդհանուր թուլությունը։ Ջերմությունից հետո կարող է ցան առաջանալ դեմքի, այնուհետև մարմնի այլ մասերի վրա: Այժմ առնվազն 12 երկրներում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 80 դեպք, 50-ը հետաքննության փուլում է։

Մայիսի 21-ին «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր Միկա Բադալյանը տելեգրամյան ալիքում գրել էր, թե Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, թե կապիկի ծաղիկի աղբյուրը Հայաստանում գործող արևմտյան բիոլաբորատորիաներն են։ Բլոգերը հաղորդել էր նաև, որ վերջին 3 օրերին վարակվածության 350 դեպք է արձանագրվել Հայաստանում։ Թեև Միկա Բադալյանը որոշ ժամանակ անց արդեն հեռացրել էր գրառումը, սակայն այն պահպանվել է TGStat որոնողական համակարգում։

Գրառումը հասցրեց լայնորեն տարածվել սոցիալական ցանցերում։ Տարածմանը միացավ նաև ադրբեջանական Без Масок ЧИВ տելեգրամ ալիքը, որի հրապարակած կեղծ և ահաբեկող այլ տեղեկություններին media.am-ն անդրադարձել է նախկինում (հղում 1, հղում 2): Տելեգրամում տեղեկությունը վերահրապարակել էին բազմաթիվ այլ ալիքներ (1, 2, 3, 4, 5

Ֆեյսբուքում տեղեկությունը ևս տարածվեց (1, 2, 3):

Բլոգերի պնդումները կեղծ են

Հայաստանում կապիկի ծաղիկ վիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել։ Այսօր՝ մայիսի 22-ին, media.am-ի հետ զրույցում այս մասին պաշտոնապես հայտարարեց Առողջապահության մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Այնուհետև նույնը գրեց իր ֆեյսբուքյան էջում։

Ինչ վերաբերում է ՌԴ առողջապահության նախարարության հայտարարությանը, թե վիրուսի տարածման աղբյուրը Հայաստանում գործող արևմտյան բիոլաբորատորիաներն են, ապա այս տեղեկությունը ևս չի համապատասխանում իրականությանը։ Ո՛չ պաշտոնական էջում, ո՛չ այլ լրատվամիջոցներում Ռուսաստանի առողջապահական գլխավոր կառույցը նման հայտարարություն չի արել։ 

Փոխարանը մայիսի 18-ին «Սպուտնիկ Արմենիան» էր գրել, թե «Ռուսաստանի մոտ հարցեր են մնում՝ կապված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ կենսաբանական ոլորտում Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների գծով»։ Մեջբերելով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքերը՝ կայքը գրել էր, որ Ուկրաինայում կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցների ներկայությունը Հայաստանում արժանի է մանրակրկիտ վերլուծության։

«Դեսպանատունը նշում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են նրանք զբաղվում Հայաստանում՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ: Այս գործոնը, բնականաբար, դեսպանատունը հաշվի է առնում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- գրել էր «Սպուտնիկը»։ Այս տեղեկատվության մեջ որևէ խոսք չկա կապիկի ծաղիկ կոչվող հիվանդության մասին։

Միկա Բադալյանը ապրիլի 22-ին «Ազատության» հրապարակից բերման էր ենթարկվել ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում էր տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։ Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Օրեր անց՝ ապրիլի 24-ին, նա ազատ էր արձակվել։

Այսպիսով, Միկա Բադալյանի պնդումները, թե ՌԴ առողջապահության նախարարությունը հաղորդել է, թե վիրուսի տարածման սկզբնաղբյուրը Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաներն են և թե մեզ մոտ գրանցվել է 350 դեպք, կեղծ են։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *