2022.02.09,

Նյուսրում

«Ռեգիոն 5+»․մարզային լրատվամիջոցների միասնական հարթակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանի 5 մարզերի 5 մեդիա հարթակներ աշխատելու են  «Ռեգիոն 5+» ձևաչափով։  «Ռեգիոն 5+»-ի գործընկերները են՝ Երևանի Ա1+, Լոռու մարզի ՄԻԳ, Արմավիրի մարզի ԱԼՏ, Շիրակի մարզի ԳԱԼԱ հեռուստաընկերությունները և Սյունիքի մարզի Գորիսի Մամուլի ակումբը։

Հարթակում ներկայացված լրատվամիջոցները պնդում են, որ մարզերի ձայնը չպետք է սահմանափակվի և աղավաղվի, հավաստի, օբյեկտիվ տեղեկատվությունը չպետք է իր տեղը զիջի տեղեկատվական մանիպուլյացիաներին․ «Հայաստանի տարբեր կետերից՝ հյուսիսից հարավ, այսօր քաղաքացին կարիք ունի ստանալ ստուգված և վստահելի տեղեկատվոթյուն ամենատարբեր թեմաներով»։

Շաբաթական այս ձևաչափով պատրաստվելու է մեկ թողարկում, որտեղ ներկայացնելու են  իրենց տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային և այլ կարևորագույն խնդիրներ։ Նոր հարթակը նպատակ ունի ներկայացնել բացառիկ տեսանյութեր՝ տեղեկատվական, վերլուծական նյութերով, նոր բացահայտումներով, մարդկային պատմություններով:

Հունվարի 29-ին հեռարձակված առաջին թողարկումը նվիրված է եղել հարթակում համագործակցող լրատվամիջոցների փորձառությանը, անցած դժվար ուղուն և եթերազրկման խնդիրներին և այլն։

ԳԱԼԱ հեռեւստաընկերության գործադիր տնօրեն, «Ռեգիոն 5+»-ի  ծրագրի դեկավար Կարինե Հարությունյանն ասում է՝  մարզային համատեղ մեդիահարթակ ունենալու գաղափարը ծագել մոտ 3 տարի առաջ: Այս ձևաչափի անհրաժեշտությունը պայմանավորվում է մի քանի գործոնով:

«Համատեղ մեդիա հարթակի ստեղծման նպատակը նախ և առաջ այլընտրանքային լրատվություն տալու մղումն էր: Այսօր լրատվական դաշտին պետք է միասնական տեղեկատվական հարթակ, որը կներկայացնի Հայաստանի մարզերը առանց աղավաղման, առանց այս կամ այն թևի քաղաքական շահերը սպասարկելու»,-ասում է Հարությունյանը:

Նա նկատում է, որ ինֆորմացիան տարբեր նպատակների համար է օգտագործվում, ըստ նպատակահարմարության ձևախեղվում,  և  քաղաքացու համար չափազանց դժվար է դարձել  գտնել ճիշտն ու օբյեկտիվը․«Մարզերում մեդիա դաշտը կաթվածահար է, անաչառ լրատվություն ունենալը հեշտ չէ»: 

Այսօր թեև հանրապետական սփռման մայրաքաղաքային հեռուստաընկերություններն ունեն  մարզային թղթակիցներ, սակայն կարծում է, որ նրանք սպասարկում են հիմնականում տվյալ մեդիայի քաղաքական հետաքրքրությունները: 

«Հուսով ենք, որ ԳԱԼԱ-ի՝ համատեղ աշխատելու գաղափարը կուժեղացնի մարզային մեր գործընկերներին առանձին-առանձին, և դրանով կշահի նաև ընդհանուր գործը: Բացի այդ, հատկապես մարզային լրատվամիջոցների համար զգայուն հարց է ֆինանսական անկախությունը: Դա շատ կարևոր է անկախ և օբյեկտիվ լրատվություն տալու համար»։ 

Կարինե Հարությունյանը համոզված է, որ այս հարթակը լսելի է դարձնելու մարզերում ապրող սովորական քաղաքացուն ու նրա խնդիրները, որոնք դժվար անպատասխան և անուշադրության մատնված մնան։

«Ռեգիոն 5+» մեդիա հարթակում համախմբվել են լրատվականներ, որոնք չունեն վերգետնյա թվային հեռարձակում:  Այժմ կա հնարավորություն համախմբվել ավելի ընդգրկուն և  որակյալ լրատվություն մատուցելու  գաղափարի շուրջ:

Նախքան ծրագրի մեկնարկը աշխատանքային թիմը վերապատրաստվել է, Դանիացի լրագրության հյուսիսային կենտրոնի փորձագետների օգնության ծանոթացել են նոր հմտությունների և միջազգային փորձին։

Մարզային մեդիայի այս հարթակը բաց է համագործակցության համար այլ մարզային լրատվամիջոցների համար։ Առայժմ ստեղծված բովանդակությունը տարածվում է «Ռեգիոն 5+»-ի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև համագործակցող լրատվամիջոցների սոցիալական ցանցերում և կայքէջերում։

Դեռ երկու թողարկում է եթեր հեռարձակվել և կախված բնակիչների արձագանքից պարզ կլինի արժե արդյոք սեփական կայքն ունենալ, թե ոչ։ Թեև հիմա աշխատում են դրամաշնորհային գումարներով, բայց հետագայի համար մտածում են ֆինանսապես ինքնաբավ դառնալու ուղղությամբ։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *