Հայաստանի 5 մարզերի 5 մեդիա հարթակներ աշխատելու են «Ռեգիոն 5+» ձևաչափով։ «Ռեգիոն 5+»-ի գործընկերները են՝ Երևանի Ա1+, Լոռու մարզի ՄԻԳ, Արմավիրի մարզի ԱԼՏ, Շիրակի մարզի ԳԱԼԱ հեռուստաընկերությունները և Սյունիքի մարզի Գորիսի Մամուլի ակումբը։
Հարթակում ներկայացված լրատվամիջոցները պնդում են, որ մարզերի ձայնը չպետք է սահմանափակվի և աղավաղվի, հավաստի, օբյեկտիվ տեղեկատվությունը չպետք է իր տեղը զիջի տեղեկատվական մանիպուլյացիաներին․ «Հայաստանի տարբեր կետերից՝ հյուսիսից հարավ, այսօր քաղաքացին կարիք ունի ստանալ ստուգված և վստահելի տեղեկատվոթյուն ամենատարբեր թեմաներով»։
Շաբաթական այս ձևաչափով պատրաստվելու է մեկ թողարկում, որտեղ ներկայացնելու են իրենց տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային և այլ կարևորագույն խնդիրներ։ Նոր հարթակը նպատակ ունի ներկայացնել բացառիկ տեսանյութեր՝ տեղեկատվական, վերլուծական նյութերով, նոր բացահայտումներով, մարդկային պատմություններով:
Հունվարի 29-ին հեռարձակված առաջին թողարկումը նվիրված է եղել հարթակում համագործակցող լրատվամիջոցների փորձառությանը, անցած դժվար ուղուն և եթերազրկման խնդիրներին և այլն։
ԳԱԼԱ հեռեւստաընկերության գործադիր տնօրեն, «Ռեգիոն 5+»-ի ծրագրի դեկավար Կարինե Հարությունյանն ասում է՝ մարզային համատեղ մեդիահարթակ ունենալու գաղափարը ծագել մոտ 3 տարի առաջ: Այս ձևաչափի անհրաժեշտությունը պայմանավորվում է մի քանի գործոնով:
«Համատեղ մեդիա հարթակի ստեղծման նպատակը նախ և առաջ այլընտրանքային լրատվություն տալու մղումն էր: Այսօր լրատվական դաշտին պետք է միասնական տեղեկատվական հարթակ, որը կներկայացնի Հայաստանի մարզերը առանց աղավաղման, առանց այս կամ այն թևի քաղաքական շահերը սպասարկելու»,-ասում է Հարությունյանը:
Նա նկատում է, որ ինֆորմացիան տարբեր նպատակների համար է օգտագործվում, ըստ նպատակահարմարության ձևախեղվում, և քաղաքացու համար չափազանց դժվար է դարձել գտնել ճիշտն ու օբյեկտիվը․«Մարզերում մեդիա դաշտը կաթվածահար է, անաչառ լրատվություն ունենալը հեշտ չէ»:
Այսօր թեև հանրապետական սփռման մայրաքաղաքային հեռուստաընկերություններն ունեն մարզային թղթակիցներ, սակայն կարծում է, որ նրանք սպասարկում են հիմնականում տվյալ մեդիայի քաղաքական հետաքրքրությունները:
«Հուսով ենք, որ ԳԱԼԱ-ի՝ համատեղ աշխատելու գաղափարը կուժեղացնի մարզային մեր գործընկերներին առանձին-առանձին, և դրանով կշահի նաև ընդհանուր գործը: Բացի այդ, հատկապես մարզային լրատվամիջոցների համար զգայուն հարց է ֆինանսական անկախությունը: Դա շատ կարևոր է անկախ և օբյեկտիվ լրատվություն տալու համար»։
Կարինե Հարությունյանը համոզված է, որ այս հարթակը լսելի է դարձնելու մարզերում ապրող սովորական քաղաքացուն ու նրա խնդիրները, որոնք դժվար անպատասխան և անուշադրության մատնված մնան։
«Ռեգիոն 5+» մեդիա հարթակում համախմբվել են լրատվականներ, որոնք չունեն վերգետնյա թվային հեռարձակում: Այժմ կա հնարավորություն համախմբվել ավելի ընդգրկուն և որակյալ լրատվություն մատուցելու գաղափարի շուրջ:
Նախքան ծրագրի մեկնարկը աշխատանքային թիմը վերապատրաստվել է, Դանիացի լրագրության հյուսիսային կենտրոնի փորձագետների օգնության ծանոթացել են նոր հմտությունների և միջազգային փորձին։
Մարզային մեդիայի այս հարթակը բաց է համագործակցության համար այլ մարզային լրատվամիջոցների համար։ Առայժմ ստեղծված բովանդակությունը տարածվում է «Ռեգիոն 5+»-ի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև համագործակցող լրատվամիջոցների սոցիալական ցանցերում և կայքէջերում։
Դեռ երկու թողարկում է եթեր հեռարձակվել և կախված բնակիչների արձագանքից պարզ կլինի արժե արդյոք սեփական կայքն ունենալ, թե ոչ։ Թեև հիմա աշխատում են դրամաշնորհային գումարներով, բայց հետագայի համար մտածում են ֆինանսապես ինքնաբավ դառնալու ուղղությամբ։
Գայանե Ասրյան