2021.07.12,

Նյուսրում

Ապատեղեկատվության չորս հիմնական թեմա Հայաստանում․ զեկույց

Հայաստանն, ինչպես բազմաթիվ այլ երկներ այսօր բախվում է մարտահրավերների տեղեկատվական դաշտում՝ ներառյալ կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը և կեղծ լուրերի փոխկապակցված ձևերը: Թեև ապատեղեկատվության որոշ ձևեր նախկինում նույնպես տարածված էին հեռարձակող մեդիայում, վերջին տարիներին առցանց լուրերի և սոցցանցերի օգտագործման կտրուկ աճը նոր լայն հնարավորություններ ստեղծեց՝ ապատեղեկատվության արագ տարածման և ընդլայնման համար։ Այսօր պետական, ոչ պետական, ներքին և արտաքին դերակատարներն ակտիվորեն մասնակցում են ապատեղեկատվության տարածմանը Հայաստանում՝ հաճախ օգտագործելով տարբեր գործիքներ և հարթակներ։

Հայաստանում ապատեղեկատվության տարածման վերջին տարիների զարգացումների մասին է Freedom House իրավապաշտպան կազմկերպության հրապարակած զեկույցը, որը հեղինակել են հայաստանցի փորձագետ հետազոտողները։

Զեկույցի նպատակն է ուշադրություն հրավիրել Հայաստանում շրջանառվող կեղծ տեղեկատվական հոսքերի խստության, բարդության և ձևի վրա, և գնահատել երկրում ժողովրդավարական զարգացման առկա ռիսկերը:

Հետազոտողները ընդհանուր պատկերը դիտարկելիս ֆիքսել են, որ վերջին տարիների կեղծ պատմությունների մեծ մասը ծավալվել է չորս թեմայի շուրջ՝ COVID-19 համավարակ, Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ, սոցիալական և մշակութային խնդիրներ, քաղհասարակություն և ժողովրդավարություն: Հատկանշական է, որ այս բոլոր թեմաների վերաբերյալ կեղծ տեղեկություններում նկատելի են ընդհանուր գծեր, մասնավորապես այն, որ «արևմտյան գործակալներն» ու «Սորոսը» փորձում են քանդել պետությունը, երկրի անվտանգությունը և ազգային ավանդույթները։

Media.am-ն առանձացրել է զեկույցի չորս թեմաներին առնչվող հիմնական եզրակացությունները։

Covid-19 տեղեկատվական համավարակը

Այս բաժնի հեղինակ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշում է, որ 2020 թ. առաջին կեսին կեղծ լուրերը հիմնականում տարածվում էին նոր կորոնավիրուսի ծագման, Հայաստանում դրա տարածման և բուժման մեթոդների շուրջ: Աշխարհով մեկ հայտնի պատմությունները  մուտք գործեցին նաև հայաստանյան տեղեկատվական դաշտ՝ ներառյալ բուժման բնական մեթոդների և միջոցների մասին առասպելները և դավադրության տեսություններն այն մասին, որ համավարակը կապված է 5G աշտարակներով ակտիվացված միկրոչիպեր տեղադրելու համաշխարհային արշավի հետ՝ մարդկանց հեռավար կարգով վերահսկելի դարձնելու համար։ Բանանի կամ COVID-19 թեստերի միջոցով տարածվող վարակի մասին առասպելները ևս տարածվեցին երկրով մեկ: Կեղծ լուրեր պտտվեցին, որ  պետության՝ պաշտպանիչ դիմակներ կրելու առաջարկը կապված է ներքին կոռուպցիայի հետ, ինչպես նաև, որ  պետական պաշտոնյաները շահույթ են ստանում դիմակների ներմուծումից, արտադրությունից և վաճառքից:

Այնուհետև  կեղծ լուրերը կենտրոնացան դիմակների և պաշտպանիչ ձեռնոցների ազդեցության վրա, իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման միջազգային առաջընթացին զուգահեռ՝ պատվաստանյութերի հետևանքների վրա: Ժամանակ առ ժամանակ համավարակի մասին կեղծ տեղեկատվությունը նպատակ ուներ հարցականի տակ դնելու պետական պաշտոնյաների և իշխանության կոմպետենտությունը։  

Նախկին իշխող էլիտան, ընդդիմադիր և քաղաքացիական խմբերը հաճախ առաջ էին քաշում կոմպետենտ չլինելու թեզը՝ ընդդիմանալու գործող իշխանությունների օրակարգին: Պաշտոնյաներն, իրենց հերթին, այս լուրերի առաջացման համար պայմաններ էին ստեղծում՝ COVID-19-ի վերաբերյալ հակասական, թույլ և թերի պետական արձագանքով։

Օրինակ, ամենատարածված լուրերից էին նաև, որ  COVID-19-ը արևմտյան կամ ամերիկյան դավադրության սցենարով բնակչության վերահսկման կամ նոր աշխարհակարգի մի մաս է։ 

Հեղինակը նշում է նաև, որ COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության էկոհամակարգում կան նաև քաղաքական կողմեր: Այս տեսանկյունից ՀՀ գործող իշխանությունն ի վիճակի չէ պայքարելու համավարակի դեմ, և կա՛մ Ջորջ Սորոսի նման օտարերկրյա դերակատարների, կա՛մ ԱՀԿ-ի ազդեցության տակ է։ Նման լուրերի տարածման պատասխանատուն հաճախ Հայաստանի նախկին իշխող վերնախավին առնչվող առցանց մեդիան է, ինչպես նաև հասարակական գործիչները, որոնք միավորեցին COVID-19-ի «սպեկուլյացիան» կառավարությանն ուղղված քննադատության հետ:

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը

Զեկույցի այս բաժնի հեղինակը, ով նախընտրել է անանուն մնալ,  անդրադառնում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետո տարածվող տեղեկություններին, որոնք հիմնականում առնչվում էին կանխամտածված պարտության և «վաճառված հողերի» պատմություններին, արտաքին խաղացողների դերի մասին առասպելներին, ինչպես նաև Արծրուն Հովհաննիսյանի ֆենոմենին։

Զեկույցում ասվում է, որ հաշվի առնելով հարցի քաղաքական և մշակութային զգայունությունը՝ հակամարտությունը պարբերաբար շահարկումների և ապատեղեկատվության առարկա է դարձել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում և այլուր: Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը համակարգված ապատեղեկատվության և շահարկումների առարկա էր, քանի որ մարդիկ ամեն կերպ փորձում էին հասկանալ բռնության հանկարծակի բռնկումն ու տեղեկատվության աղբյուրների սահմանափակությունը:

Հեղինակն անդրադառնում է փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանին, որը 2020-ի պատերազմի ընթացքում դարձավ հայ հասարակության համար ամենատեսանելի ու վստահելի դեմքերից մեկը: Մարդիկ պատերազմի մասին ամենօրյա թարմացումներ էին ակնկալում Հովհաննիսյանից․ նա շատ արագ դարձավ առաջնային և վստահելի աղբյուր. նրա զեկույցներն առավել կարևոր էին դարձել, քանի որ պատերազմի վտանգներն ու պատերազմական ռեպորտաժների սահմանափակումները խանգարում էին լրագրողներին հասնել առաջնագիծ: Պատերազմի առաջին իսկ օրերից Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք որդեգրեցին համախմբման կարգախոս և #հաղթելուենք հեշթեգը, և այն դարձավ պատերազմի մասին հանրային դիսկուրսի մեխը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ ցանցից դուրս: 

Հրադադարի մասին հայտարարությունից հետո, երբ պատերազմի ավելի ամբողջական պատկերն արդեն տեսանելի էր, հասարակությունը սկսեց կասկածել, որ պետական տեղեկատվական համակարգն իրենց մոլորության մեջ է գցել: Իրավիճակը հատկապես սարսափելի դարձավ, երբ պաշտոնյաները սկսեցին թարմացնել պատերազմի զոհերի թիվը, որը շատ ավելի աճեց, քան կանխատեսվում էր։

Զեկույցում նշվում է, որ պատերազմից հետո մի քանի դեպքեր ենթադրում են, որ պետական պաշտոնյաները երբեմն մոլորության մեջ էին գցում հասարակությանը:

Ինչն էլ լինի դրա պատճառը, անհրաժեշտ է, որ պետությունը վերանայի և բացատրի իր վարքագիծը: Դա անելը ոչ միայն կցրի հասարակության շփոթմունքը պատերազմի ընթացքում տեղի ունեցածի շուրջ, այլև կվերականգնի պետական հաղորդակցության գործառույթների ամբողջականությունն ու վստահելիությունը: 

Զեկույցն անդրադառնում է նաև պատերազմից հետո  լայնորեն շրջանառվող այն պնդմանը, որ Հայաստանի պարտությունն ինչ-որ կերպ կանխորոշված էր։ Չնայած այս թեզին աջակցող շատ քիչ ապացույցներ կան՝ հայ հասարակության շրջանում այն արդեն դարձել է գուշակությունների և խեղաթյուրման առարկա: Ավելին՝ անհիմն պնդումներով ներկայիս կառավարության դեմ տեղեկատվական արշավներին աջակցելու համար պահպանողական ընդդիմադիր ուժերն ընդլայնել են այն մի շարք չապացուցված պնդումներով՝ օգտագործելով կանխամտածված պարտության թեման՝ որպես գործող իշխանության հրաժարականը պահանաջելու առիթ։

Հեղինակը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ խիստ զգայուն խնդիր հայ հասարակության համար և ազգային քաղաքականության կենտրոնական հարց: Դերակատարները կարող են մանիպուլացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումները՝ քաղաքական գործիչներին վավերացնելու, աջակցելու կամ վարկաբեկելու համար, և ապատեղեկատվության հոսքերը ցույց են տալիս, որ այս գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է:

Ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակություն

Զեկույցի այս բաժինը վերլուծում է 2018 թվականից ի վեր շրջանառվող Հայաստանի քաղհասարակության վերաբերյալ հիմնական ապատեղեկատվությունները և դրանց ազդեցությունը Հայաստանում ժողովրդավարության վրա: 

Թավշյա հեղափոխությունն ընդլայնեց կեղծ տեղեկությունների բնույթը Հայաստանում: Մի կողմից՝ մարդու իրավունքների համատեքստում ապատեղեկատվությունն ավելի շատ աջակցություն ստացավ, միևնույն ժամանակ, երբեմնի հազվադեպ արծարծվող մտքերը, որոնք թիրախավորում էին քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարությանը, աճեցին և՛ մասշտաբով, և՛ հաճախականությամբ: Եթե նախկինում մի քանի հանրային դերակատար կամ քաղաքական գործիչ քաղհասարակությունն անվանվում էր օտարերկրյա գործակալ կամ համարում ազգային անվտանգության սպառնալիք, ապա 2018-ից հետո սրանք դարձան մշտապես արծարծվող արդիական թեմա, որ հաճախ քննարկվում է ավելի լայն հասարակության կողմից:

Մասնավորապես, զեկույցը կենտրոնանում է երկու հիմնական ուղղությունների վրա, որոնք նպատակ ունեն քաղաքացիական հասարակության գրանցված կազմակերպությունները ներկայացնել որպես օտարերկրյա դերակատարների կողմից ֆինանսավորվող կամ աջակցություն ստացող: 

Առաջինը նպատակ ունի վնաս հասցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ հասարակության ընկալմանը` ներկայացնելով այն որպես «արևմտյան գործակալ»` կեղծիքներ գեներացնելով հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական կազմակերպությունների վերաբերմունքի վերաբերյալ` տարածելով հայկական պետության ներսում ենթադրյալ քողարկված գործողությունների թեզեր:

Երկրորդ պնդումն այն է, որ քաղաքացիական ակտիվությունը թուլացնում է Հայաստանը, և մասնավորապես, որ քաղաքացիական որոշակի վարքագիծը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և Հայաստանի ռազմական պարտության հետ:

«Արտասահմանյան գործակալների» մասին պնդող խումբը միավորում է քաղաքացիական հասարակության մասին ապատեղեկատվական արշավները և փորձում քաղհասարակությունը ներկայացնել որպես հակապետական տարր, որն այլ երկրների շահերի է սպասարկում: 2020-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկումից հետո ապատեղեկատվական արշավներն այս թեզը շրջեցին՝ քաղաքացիական հասարակությունը որպես «թշնամու գործակալ» (Ադրբեջան կամ Թուրքիա) ներկայացնելու համար, որի նպատակն է խարխլել հայկական պետականության հիմքերը։

Բաժնի հեղինակ, մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանը նշում է, որ 2020-ի վերջին քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և ազգային անվտանգության կապը շահարկող ապատեղեկատվությունը կրկին ակտիվացավ: 

Մարդիկ փնտրում էին պատասխաններ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտի մասին: Նախկին ռեժիմի անդամները, ընդդիմադիր խմբերը և առնչվող լրատվամիջոցները  առիթն օգտագործեցին՝ Հայաստանի ռազմական կորուստները որպես ժողովրդավարական մտածողության արդյունք ներկայացնելով: 

Սոցիալական և մշակութային խնդիրներ 

Այս բաժնի հեղինակ, լրագրող Արշալույս Բարսեղյանը վերլուծել է Հայաստանում շրջանառվող սոցիալական և մշակութային խնդիրների

վերաբերյալ վերջին տարիններին կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության պատմությունները և բացատրել դրանց ազդեցությունը Հայաստանում ժողովրդավարական մշակույթի վրա: 

Նա նշում է, որ վերջին չորս տարիների ընթացքում կեղծ տեղեկությունների հիմնական թեմաներն էին Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները, հանրակրթության նոր չափորոշիչները և որոշ մշակութային իրադարձություններ և արտադրանքներ:

Զեկույզի այս հատվածը ներկայացնում է  նշված թեմաների տեղեկատվական էկոհամակարգը, բացահայտում դրանց կողմից շահարկվող խոցելի կողմերը և գնահատում հետևանքները:

Այս հարցերի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը տարածված են եղել առցանց լրատվամիջոցներում,հեռուստատեսությունում, սոցիալական ցանցերում և պաշտոնատար անձանց, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական խմբերի և մասնավոր քաղաքացիների հրապարակային հայտարարություններում: Բազմաթիվ տեղեկատվական արշավներ, որոնք թիրախավորում են սոցիալական և մշակութային հիմնախնդիրները, նպատակ ունեն շահարկել արժեքների վրա հիմնված բաժանումները և հրահրել անհանդուրժողականություն Հայաստանի հասարակության մեջ, որպես նպատակ ունենալով օգտագործել այդ բաժանումները երկրում քաղաքական իշխանությունը փոխելու համար:

Հեղինակը նշում է, որ սոցիալական և մշակութային խնդիրների մասին ապատեղեկատվությունը լուրջ հետևանքներ ունի Հայաստանում ժողովրդավարական մշակույթի զարգացման վրա։

Վերջին տարիներին մեծաքանակ կեղծ տեղեկությունների առարկա են հանդիսանում Եվրոպայի խորհրդի երկու կոնվենցիաներ՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) և «Սեռական շահագործումից և եռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» կոնվենցիան (Լանզարոտեի կոնվենցիա)։

Հիմնականում հղում էր կատարվում ազգային գոյաբանական մտահոգություններին՝ պնդելով, որ կոնվենցիաները հակասում են հայկական արժեքներին ու ազգային ինքնությանը և սպառնում են հայկական ընտանիքների ամբողջականությանը։ Նմանատիպ թեզերի կողմնակից են մեծամասամբ պահպանողական քաղաքացիական խմբերը և քաղաքական կուսակցությունները, հիմնականում տղամարդիկ, որոնք ակտիվորեն խեղաթյուրում են կոնվենցիաները ազգային արժեքների և Հայաստանի ապագայի ուղղության վերաբերյալ հանրային բանավեճ առաջացնելու համար։ 

Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում ապատեղեկատվությունը բացասաբար է ազդել երկրի քաղաքական ուղղության վրա, և երկու կոնվենցիաների դեպքում էլ դա ծառայել է որպես քաղաքական կողմնորոշման ազդանշան։ Լանզարոտեի կոնվենցիայի մասին նույնպես աղավաղված առցանց լուսաբանումը համատարած էր, և որոշ լրատվամիջոցների կողմից դրա ներկայացման եղանակն ուղղակիորեն կախված էր նրանց քաղաքական կողմնորոշումից։

Վերջին տարիների մշակութային իրադարձությունները և արվեստագիտական դրսևորումներն ապակողմնորոշող պատմությունների պատճառ են հանդիսացել և որոշ դեպքերում ներառվել հայկական արժեքներին սպառնալիքների մասին առավել լայն քննարկումների մեջ։ Օրինակ, 2019 թ. տրանսգենդեր մարզիկ Մել Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանմանը պետական ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ նորությունը խիստ բացասական արձագանք առաջացրեց պահպանողականների մոտ. քննադատները պնդում էին, որ կառավարությունը սատարում է «ԼԳԲՏ քարոզչությանը», և ֆիլմը տարածում է «տրանսգենդերիզմի բիզնեսը»։

Ապատեղեկատվության տարածման առիթ հանդիսացավ նաև հանրակրթության նոր չափորոշիչների քննարկումները։  Ի թիվս այլ փոփոխությունների՝ նախագիծն առաջարկում էր ներառել Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, որը նախկինում դասավանդվում էր որպես առանձին առարկա, հայոց պատմության ընդհանուր դասընթացի մեջ: Պահպանողական խմբերը և Հայ առաքելական եկեղեցին փնովեցին նախագիծը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մեղադրելով պետական կրթական համակարգից ազգային արժեքները ջնջելու մեջ։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *