Վճիռ՝ Սխալ տեղեկություն
Մայիսի 26-ին Antifake.am կայքը գրեց, թե «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով»:
Այս տեղեկությունը սխալ է․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցանկում կա նաև «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը»։
Տեղեկությունը հրապարակել էին առանց ստուգելու
Antifake.am-ը գրել էր, թե «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով»։
Antifake.am-ը ներկայանում է որպես «անկախ և անկողմնակալ» լրատվամիջոց, որը զբաղվում է «փաստերի ստուգմամբ»։ Այս փաստը հրապարակելուց առաջ կայքը չէր ստուգել․ «Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԿԸՀ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։ Լուրը տարածեցին նաև irakanum.am-ը, yerkir.am-ը, livenews.am-ը և այլ կայքեր։
Հոդվածի լույս տեսնելուց մի քանի ժամ անց ԿԸՀ-ն հրապարակեց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցողների ցանկը, որում ընդգրկված էր 23 կուսակցություն և 4 դաշինք, այս թվում՝ «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը»։ Դաշինքը իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձավ տարածված ապատեղեկատվությանը՝ նշելով, որ փաստաթղթերը պատշաճ կերպով են ներկայացվել ԿԸՀ։
Antifake.am-ը թեև ներկայանում է որպես փաստերի ստուգմամբ զբաղվող կայք, հաճախ է չստուգված կամ կեղծ տեղեկություն տարածում։ Կայքի տարածած լուրերը բազմիցս են հերքվել իրական փաստեր ստուգող լրագրողների կողմից (օրինակներ՝ հղում 1, հղում 2, հղում 3)։ DFRLab հետազոտական կայքը անդրադարձել էր Antifake.am-ին՝ ցույց տալով, որ կայքը իրականում զբաղվում է ոչ թե փաստերի ստուգմամբ, այլ քաղաքական շահ հետապնդող և հաճախ մանիպուլացված տեղեկության տարածմամբ։ DFRLab-ը նշել էր, որ Antifake-ի ամենատարածված հրապարակումները ներառում էին կողմնակալ քաղաքական մեկնաբանություններ, չճշտված լուրեր Փաշինյանի՝ գոյություն չունեցող գործարան այցի մասին, և հակապատվաստումային ապատեղեկատվություն։ Ըստ DFRLab-ի, AntiFake.am-ը քողարկել է կայքի իրական նպատակը՝ ներկայանալով որպես անկողմնակալ և օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր հանրության համար։
Antifake.am-ը գլխավորում է ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը, ով նույնպես աչքի է ընկնում կեղծ լուրեր տարածելու սովորությամբ։ Օրինակ՝ Russia Today ալիքի՝ Հայաստանի մասին քարոզչական ֆիլմում Սամսոնյանը հնչեցնում էր արդեն հերքված պնդումն այն մասին, թե Փաշինյանի ընտանիքը տուն է գնել Կանադայում և ԱՄՆ-ում։
Սամսոնյանը վերջերս կուսակցություն է հիմնել և մի խումբ հասարակական և քաղաքական գործիչների հետ հիմնել է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։
«Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը» կազմված է երկու կուսակցությունից՝ «Հանուն Հանրապետության», որը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն», որը ղեկավարում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Կարինե Ղազարյան
* Նյութի նախնական վերնագիրն ուներ հետևյալ տեսքը՝ «Ապատեղեկատվություն․ Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը չի գրանցվել ընտրություններին մասնակցելու համար»: Հետագայում վերագիրն ուղղվել է ու այն Antifake.am-ի կողմից տարածված տեղեկության ստույգ մեջբերումն է պարունակում:
Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: