2020.12.28,

Նյուսրում

Լսարանից փող ստացող լրատվամիջոցների փորձը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2020-ը լրատվամիջոցների համար ֆինանսապես ծանր տարի էր, Covid-19-ի գարնանային բռնկումը կրճատեց գովազդային եկամուտները, տարեվերջին` պատերազմը: Բարդ է լինելու նաև 2021-ը և այս  իրավիճակում արդիականանում է լրատվամիջոցների ֆինանսական անկախության հարցը:

Կարո՞ղ է արդյոք լսարանն օգնել և դառնալ բովանդակության պատվիրատու և որոշակի ֆինանսական կանխատեսելիություն ապահվել լրատվամիջոցների համար: Հարցին պատասխանելու համար զրուցել ենք հայաստանյան այն լրատվամիջոցների հետ, որոնք դիմել են և աշխատում են նաև լսարանի ֆինանսական աջակցությամբ։

Լրատվական Ռադիոն (FM106.5) Հայաստանում բաժանորդագրությամբ աշխատող ամենահին խմբագրությունն է։ 2016-ից է սկսել լսարանին առաջարկել վճարովի ծառայություն: Առաջին 8 ամիսների գործունեությունից հետո ունեցել են կտրուկ աճ, որը կայուն կերպով պահպանվել է հետագա տարիներին:

Ընդհանուր առմամբ, բաժանորդագրությունից եկող գումարը կազմում է խմբագրության եկամուտների 30 տոկոսը: Լրատվամիջոցն իր լսարանին գումարի դիմաց հիմնականում առաջարկում է հաղորդումների վիզուալ տարբերակը:

Ռադիոկայանի տնօրեն Դավիթ Խումարյանն ասում է, որ բազմաժանր և հետաքրքիր բովանդակություն առաջարկելու համար մեծ ֆինանսական ռեսուրս է պետք, ինչն այս պահին դժվար է ապահովել։ Ավելին, պատերազմական և հետպատերազմյան շրջանում վճարովի բովանդակությունը հասկանալի պատճառներով անվճար են դարձրել։

«Մեզ համար պարզ էր, որ լրատվամիջոցներն արդեն զանգվածային չեն կարող լինել, դրանք գնալով դառնում են համայնքային։ Եվ որոշեցինք մեր անվճար բովանդակությունը դարձնել վճարովի, որի համար սկսեցին վճարել որոշ քաղաքական գործիչներ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, դիվանագետներ, ծրագրավորողներ և այլն:Մարդիկ, որոնց միավորում է ոչ թե նույնատիպ կենցաղը, այլև աշխարհայացքը»,-ասում է Խումարյանը։

Նրա խոսքով, դեռ աշխատանք կա լսարանի հետ տանելու, կարևոր է՝ մարդիկ հասկանան, որ վճարելով դառնում են բովանդակության պատվիրատու, հակառակ դեպքում վճարում են ֆինանսաքաղաքական շրջանակները: Լրատվամիջոցն էլ  փորձում է կատարել վերջիններիս պատվերը, հետևաբար բովանդակության որակը մեծապես կախված է լինում ֆինանսավորողի սպիտակ կամ սև լինելուց։

Բաժանորդագրությունը խմբագրության հետ ստեղծում է ինտերակտիվ կապ, ցանկացած օր Լրատվական ռադիոն իր բաժանորդներից ստանում է զանգեր այս կամ այն թեմայի առաջարկով: Բացի դրանից կայքում գործող մեկնաբանություններ բաժինը բաց է միայն բաժանորդների համար։

«Շատ խմբագրություններ չեն անցնում բաժանորդագրության, որովհետև նախ տեխնիկապես դժվար աշխատանք է: Նոր լուծումը պետք է ինգետրել լրատվամիջոցի, խմբագրակազմի աշխատանքի մեջ։ Հետո էլ շատ քիչ լրատվամիջոցներ են իսկապես դիտարկում եկամուտ ստանալու այս ուղղությունը»,-բացատրում է Խումարյանը:

Լսարանի օգնությանը դիմած հաջորդ խմբագրությունը «Մեդիամաքսն» է։ Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասում է, որ հատկապես վերջին շրջանում խմբագրությունում հաճախ են քննարկում ֆինանսական տարբեր հնարավորությունները։

«Մենք լրատվական ծառայության ֆորմատով վաղուց ենք աշխատում բաժանորդագրությամբ: Օրվա կարևոր նորությունները բաժանորդները ստանում են էլեկտրոնային հաղորդագրություններով։ Սկզբում դա ապահովում էր մեր եկամտի 100 տոկոսը, հիմա կարծում եմ՝ 10 տոկոսը չի անցնում»,-ասում է նա:

Այս պահին բովանդակությունը վճարովի դարձնելը Մեդիքմաքսը նպատակահարմար չի համարում, որովհետև ընթերցողներ կկորցնեն, ինչն էլ կազդի գովազդից եկող ֆինանսական հոսքերի վրա:

Ալավերդյանն ասում է, որ իրենց մոտ հիմնականում հատուկ նախագծեր են, հեղինակային նյութեր, որոնք ընթերցողից պահանջում են որոշակի կրթական մակարդակ, մտածողություն: Դա նվազեցնում է բաժանորդագրությամբ գումար աշխատելու արդյունավետությունը։

Նրա խոսքով, ավելի նպատակահարմար է քրաուդֆանդինգը, հատկապես հիմա, երբ խիստ կարևոր է որակյալ տեղեկատվություն ապահովող լրատվամիջոցի գոյությունը։ Լրատվական դաշտը լցված է ապատեղեկատվությամբ և կլինեն մարդիկ, կազմակերպություններ, որոնք պատրաստ կլինեն վճարել որակյալ, անաչառ, ստուգված տեղեկատվություն ստանալու համար։

«Համավարակով պայմանավորված մենք հայտարարել ենք քրաունդֆանդինգի մասին, որ կարողանանք պահպահել մեր հատուկ նախագծերը: Սա նույն բաժանորդագրությունն է, ուղղակի կամավոր սկզբունքով։ Հենց առաջին փորձից մենք ստացանք որոշակի գումար»,-ասում է կայքի խմբագիրը:

Պատերազմական և հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խմբագրությունն այժմ անցել է ավելի շատ լրատվական ֆորմատի՝ հաշվի առնելով ստեղծված լրատվական պահաջարկը։ 2021-ի ֆինանսական դժվարությունների հաղթահարման և բնականոն աշխատանքի համար Մեդիամաքսը հնարավոր է կրկին դիմի իր լսարանին ֆինանսական ապահովության համար։

2020-ի նոյեմբերի սկզբից ֆինանսական աջակցության խնդրանքով իր լսարանին է սկսել դիմել JAMnews.net/am-ը, որը տարածաշրջանային տեղեկատվական հարթակ է։ Հաշվի առնելով այն հսկայական բովանդակությունը, որը ոչ միայն ստեղծվում է այս լրատվամիջոցն, այլև թարգմանում, չի ակնկալվում լսարանից ստացված գումարով ամբողջապես փակել ծախսերը:

Լրատվամիջոցի հայաստանյան խմբագիր Նաիրա Մարտիկյանն ասում է, որ ծախսերի համեմատ մեծ գումար չի հավաքվում, սակայն խմբագրության համար սա հնարավորություն է՝ որոշակի ծախսեր ինքնուրույն հոգալու։

«Մեր հիմնական ֆինանսավորումը դրամաշնորհային է, սակայն լսարանին դիմելու և որոշակիորեն հաջողելու գաղափարը մեզ այժմ ոգևորել է։ Թեև անկեղծ լինեմ տարածաշրջանային նման լրատվամիջոցը չի կարող ընթերցողից ստանալ այն գումարը, որն անհրաժեշտ է բնականոն աշխատանքի համար»,-ասում է նա։

Նրա խոսքով, իրենք բավականին ռեսուրս են ծախսում թարգմանության վրա՝ վճարելով մի քանի լեզուներով թարգմանող թարգմանիչներին, համագործակցում դաշտի լավագույն լրագրողների ու մասնագետների հետ, ինչը մեծացնում է ծախսերը:

Բաժանորդագրության կամ այլ ձևաչափերով լսարանի հետ աշխատելու համար խմբագիրները միակարծիք են, որ կարևորը լրատվամիջոցի հեղինակություն է, որակյալ բովանդակություն ստեղծելու կարողությունը: Միայն այս կարողություններն ունենալուց հետո կարելի է ֆինանսական աջակցություն խնդրել մեդիասպառողներից։

Իսկ մինչ այդ անհրաժեշտ է փոքր քայլերով, բայց համառորեն ընթերցողին մոտեցնել որակյալ լրատվության համար վճարելու մշակույթին։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *