2020.12.16,

Նյուսրում

Կորուստներ կորոնավիրուսի հետևանքով․ երեք խմբագրության պատմություն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում բազմաթիվ լրատվամիջոցներ 2020թ-ի մարտից սկսած COVID-19 համավարակով ստեղծված իրավիճակի հետևանքով շարունակում են գովազդ կորցնել։ Սա ծանր հարված է հատկապես այն խմբագրությունների համար, որոնց գոյությունը մեծապես կախված է գովազդից։

Տարբեր փորձագետների կարծիքով, Հայաստանի գովազդային շուկայում անկումը գնահատվում է մոտ 25 տոկոս: Պայմանագրերը դադարեցրել են հատկապես տուրիստական ծառայություն մատուցող ընկերությունները, սպասարկման ոլորտի գովազդատուները, առևտրային և այլ կազմակերպություններ։ Նրանցից շատերը կրճատել են գովազդային բյուջեն և ավելի սուղ միջոցներով դիրքավորվել համացանցային տիրույթում։

Ամռան ամիսներին կամաց-կամաց գովազդային շուկան սկսեց կայունանալ։ Ընկերությունների մոտ առաջացած անորոշ վիճակը երկար չէր կարող շարունակվել, որովհետև որոշ դեպքերում գովազդի կրճատումն ուղիղ և արագ է ազդում սպառման վրա։

Լրատվամիջոցներից շատերն արագ են կողմնորոշվել ինչպես հաղթահարել ստեղծված իրավիճակը, որոշները կրճատումներ են արել աշխատակազմում, որոշ դեպքերում վերանայվել են գովազդի գները և այլն։

Զուգահեռաբար պետությունը և որոշ հիմնադրամներ դրամաշնորհների և այլ ծրագրերի միջոցով փորձել են մեղմել իրավիճակը։

«Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյան

Մեդիամաքսը Հայաստանում ամենամեծ աշխատակազմ ունեցող խմբագրություններից է։ Տարին ֆինանսական տեսանկյունից վայրիվերումներով է եղել. գարնանը ֆինանսական կրճատումներ եղան, ամռանը կամաց-կամաց կայունացում էր նկատվում։

Չնայած կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներին որևէ աշխատող չենք կորցրել, քանի որ մեզ համար ամենակարևոր ռեսուրսը միշտ եղել և շարունակում են մնալ մեր աշխատողները։

Չնայած ապրիլ ամսից փոքր չափով կրճատել ենք մեր աշխատակիցների աշխատավարձերը: Առաջիկայում աշխատակազմի պահպանումը շարունակելու է մնալ մեր ամենամեծ խնդիրը։

Կորոնավիրուսի հետևանքով մեր ֆինանսական կորուստները մոտավոր 20-30 տոկոսի շրջակայքում են։ Մենք գովազդային ընկերությունների հետ հիմնականում աշխատում ենք ինչպես ուղիղ, այնպես էլ գործակալությունների միջոցով։ Հիմնականում զրոյի է հավասարվել գործակալությունների միջոցով տեղադրվող գովազդը։

Որոշակի լուծումներ գտել ենք և շարունակում ենք որոնել, ունենք Եվրասիա հիմնադրամի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ աջակցությամբ մեդիա արտադրության դրամաշնորհային ծրագիր:

Երկու անգամ ֆինանսական աջակություն ստացել ենք պետությունից։ Մեկ այլ ծրագրով թվայնացնում ենք պետական մարմինների աշխատանքը։

Ֆինանսական կայունության համար աշխատողների աշխատավարձերի փոքր կրճատումը դարձել է այն բարձիկը, որն այսօր հնարավորություն է տալիս պահուստային միջոցներով շարունակել մեր գործունեությունը։

Կարծում եմ, առաջիկա տարին բարդ է լինելու այս տեսանկյունից, որովհետև շատ բան է կախված ընդհանուր տնտեսական իրավիճակից և հասարակության մեջ առկա տրամադրություններից։

Armtimes.com-ի մարքեթինգի բաժնի պատասխանատու Ելիզավետա Ասատրյան

Երբ խմբագրությունը կորոնավիրուսի պատճառով սկսեց հեռավար աշխատել, մեզ համար պարզ էր, որ գովազդներ ենք կորցնելու, որովհետև մեր դեպքում գովազդատուների հետ հանդիպումը հաճախ է տեղի ունենում գրասենյակում: Խոսում ենք, քննարկում, պայմանավորվում հատկապես թերթի դեպքում որ համարում, որ էջում, ինչ տեսքով ունենալ կոնկրետ գովազդը:

Հեռավար աշխատելու ընթացքում նաև խնդիր առաջացավ տարբեր ընկերությունների տնօրենների հետ արվող մեր հարցազրույցների շարքի հետ, որը հիմնականում կոմերցիոն բնույթի է: Ունեցանք դեպք, երբ պայմանավորվածությունից հետո պարզվեց, որ վերջինս վարակված է Covid-19-ով:

Առաջին երեք ամիսներին շատ մեծ չէր անկումը՝ մոտ 20 տոկոս, բայց երբ ռեստորանային բիզնեսը սկսեց հանել գովազդային բաներները, հասկացանք, որ ավելի դժվար վիճակում ենք հայտնվելու։

Այս ամիսների ընթացքում կորցրել ենք մեր շատ հին գործընկերների, ցավոք, քիչ ընկերություններ են դեռևս հետ վերադարձել: Ստեղծված անորոշությունը  նրանց հետ է պահում գովազդային ակտիվությունից։

Ֆինանսական խնդիրների պատճառով խմբագրությունը կրճատել է երկու աշխատակիցների հաստիքները։

Համավարակով պայմանավորված նոր բիզնես տեսակներ են սկսել ակտիվանալ, սակայն քանի որ նոր են և մեծ գումարներ չունեն, իրենց բրենդը ճանաչելի են դարձնում դեռևս օնլայն հարթակներում։

Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյան

Կորոնավիրուսով և ամռան շրջանում գովազդային պասիվության հետևանքով մենք ֆինանսական կորուստներ ունեցել ենք, սակայն քանի որ խմբագրությունը փոքր է, կրճատումների չենք գնացել:

Մոտավորապես 800 հազարից 1 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են մեր գովազդային եկամուտները:

Դրանից մեր աշխատակիցները չեն տուժել, վճարումներն արվել են ժամանակին: Մեր աշխատանքը շատ չի տուժել, որովհետև վիդեո բաժին կամ մեծ նախագծեր չունենք: Ստեղծված իրավիճակում դժվար է հետագա զարգացումների մասին խոսել, որովհետև գումարը քչացել է: Դրամաշնորհների չենք դիմում, որովհետև մեզ միշտ մերժում են:

Կայքում գովազդային հոսքերը կրճատվել են նաև շահումով խաղերի գովազդը սահմանափակող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Ամենաշատ գումարը գոյանում էր գովազդի այս տեսակից։

Նվազել են նաև կոմերցիոն տեքստերի տեղադրումները:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *