2020.07.30,

Նյուսրում

Կորոնավիրուսային ճգնաժամ․ գումար կառավարությունից հեռուստատեսություններին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կառավարությունը պահուստային ֆոնդից 78 մլն 300 հազար դրամ է տրամադրել հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստառադիոընկերություններին՝ որպես միանվագ ֆինանսական աջակցություն: 

Վերգետնյա հեռարձակողների միությունը ամիսներ առաջ նամակով դիմել էր Կառավարությանը՝ ֆինանսական աջակցության խնդրանքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Կառավարությունը մտադրություն ունի հեռուստաընկերություններին ֆինանսապես օգնել, որպեսզի կարողանան վճարել հեռուստաաշտարակին ունեցած իրենց պարտքերը:

Համավարակի հենց սկզբից հեռարձակողները կամավոր ներգրավել են Covid-19 հիվանդության համավարակը կանխելու հանրային իրազեկման աշխատանքներին: Նաև պատրաստել  են հիվանդության կանխարգելման, համաճարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանման, տնտեսական ու սոցիալական աջակցության ծրագրերի մասին իրազեկող տեսալսողական հոլովակներ։

Կառավարությունն այսկերպ աջակցել է կորոնավիրուսի հետևանքով հեռարձակողների ֆինանսական խնդիրները մեղմելուն, քանի որ տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են նրանց գովազդային եկամուտները: 

Եվ նրանցից շատերն այս ընթացքում չեն կարողացել մարել հեռուստաաշտարակին (Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց) ծառայությունների դիմաց կուտակած պարտքերը:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆինանսական աջակցությունը հեռուստաաշտարակի պարտքերի մի մասը մարելու համար է: 

Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Media.am-ին տեղեկացրել էին, որ թվային ցանցով հանրապետական և մարզային սփռման ծառայության մատուցման ամսական պայմանագրային ընդհանուր գումարը բոլոր հեռուստաընկերությունների համար միասին կազմում է մոտ 49 մլն դրամ:

Վերգետնյա հեռարձակողների միության նախագահ Դավիթ Հակոբյանն ասում է, որ այս աջակցությամբ դժվար կլինի ամբողջապես մարել աշտարակի պարտքերը, քանի որ գոյացած պարտքերը շատ են:

«Մենք հասկանում ենք Կառավարության հնարավորությունները, որպես աջակցություն քիչ գումար չէ հատկացված: Պարզապես մեր նամակի մեջ էլ էինք նշել, որ ավելի նպատակահարմար կլինի արտակարգ դրության ամիսների չափով սուբսիդավորվեր հեռուստաաշտարակի մեր վճարումները»,- ասում է նա։

Նրա խոսքով, դեռ փաստացի չի եղել գումարի տրամադրում, թեև որոշումը կա, այժմ ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը գումարը ստանալու համար:

Գումարների բաշխումն արվել է հավասարաչափ՝ հանրապետական սփռում ունեցող հեռարձակողները ստացել են ավելի շատ, քան մայրաքաղաքային և մարզային սփռում ունեցողները:

Արմենիան, Շանթը, Հ2-ը, Երկիր Մեդիան, Կենտրոնը յուրաքանչյուրը կստանան 10 մլն դրամ, ԱՐ, Արմնյուզ, Նոր Հայաստան, 5-րդ ալիք, Դար 21, Ա-թի-վի հեռուստաընկերությունները յուրաքանչյուրը 2,5 մլն դրամ: 

Մարզային հեռուստաընկերությունները կստանան 500 հազար դրամ և 300 հազար դրամ: Ռադիոընկերություններից յուրաքանչյուրը ըստ սփռման ծածկույթի կստանա 250-500 հազար դրամի ֆինանսական աջակցություն:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *