2020.12.16,

Ստուգված է

Դեկտեմբերի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Դեկտեմբերի առաջին կեսին ապատեղեկատվությունների առիթ շարունակում էին մնալ հետպատերազմյան զարգացումները։ Հերքումներ տարածելու մի քանի առիթ ունեցավ Սյունիքի մարզը։ Հրաժարականների դիմումների և հարուցված քրեական գործերի մասին լուրերը չհաստատեց մի քանի գերատեսչություն։ 

Դադիվանքում ուդի քարոզիչ չկա․ հայ հոգևորականներն են ծառայում

Ադրբեջանում մշակույթի փոխնախարարի մակարդակով նախ Դադիվանքը համարեցին ալբանական, իսկ տարածքների հանձնումից հետո նույն երկրի լրատվամիջոցները պնդեցին՝ վանքի քարոզիչ է նշանակվել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանագարին։

Այս տեղեկությունը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Արցախի թեմի առաջնորդին փոխարինող Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ըստ հոգևորականի՝ ուդին անգամ հոգևորական չէր՝ ձեռնադրված չէր։ Ուդիները եկել են զինվորականների ու լրագրողների ուղեկցությամբ, երկու ժամ են անցկացրել ու գնացել։ 

Վանական համալրի տարածքում այս այցից հետո ո՛չ ադրբեջանցի կա, ո՛չ ուդի։ 6 հայ հոգևորական է ծառայությունը շարունակում։ Նույն տարածքում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները։

Հայաստանը դեռ չի կարող կատարել պատվաստանյութի վերջնական գնում

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը դեկտեմբերի 7-ին տեղեկացրեց, որ Yerevan.Today գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ապատեղեկատվություն է տարածել։ Վերջինս պնդել է, թե ԱՆ-ն 6 միլիոն դոլարից ավելի վճարել է ամերիկյան պատվաստանյութի համար, «որը ո՛չ լիցենզավորում ուներ, ո՛չ կիրառման թույլտվություն ու մինչև հիմա հանրությանը ոչինչ հայտնի չէ դրա մասին»:

Խոսնակը տեղեկացրեց, որ ԱՆ-ն կորոնավիրուսային հիվանդության որևէ կոնկրետ պատվաստանյութի համար գումար չի վճարել: Ինչպես նշված է գրառման մեջ, Հայաստանը «Կովաքս» պլատֆորմի հետ ստորագրել է համաձայնագիր պատվաստանյութի ձեռքբերման համար։ Սակայն, Հակոբյանը գրառման մեջ բաց է թողել ամենակարևորը՝ այս ընկերության հետ համագործակցում են աշխարհի 180-ից ավելի երկրներ։

«Այստեղ ուսումնասիրվում են գրանցված պատվաստանյութերը, այդ թվում՝ ռուսականը: Պատվաստանյութերի բոլոր հավանական թեկնածուները դեռ անցնում են կլինիկական փորձարկումներ և որևէ մեկը դեռ բոլոր փուլերը չի անցել։ Ըստ այդմ, Հայաստանը դեռ չի կարող անել պատվաստանյութի վերջնական գնում», – տեղեկացրեց Նիկողոսյանը:

Ռուսական և ամերիկյան պատվաստանյութերի մասին տարածվող ապատեղեկատվություններին անդրադարձել է media.am-ը։

Փաշինյանի երեխաները Արսինե Խանջայանի տանը չեն ապաստանել

Իրականությանը չի համապատասխանում լուրը, թե վարչապետ Փաշինյանի անչափահաս երեխաները Կանադայում ապաստանել են դերասանուհի Արսինե Խանջյանի տանը։

Այս խոսակցությունների մասին դերասանուհին տեղեկացել է կինովավերագրող Սեդա Գրիգորյանից։ «Հումորով մոտեցավ, ասաց՝ հետաքրքիր նորություն էր իր համար, նաև որ իրենք սիրով կհյուրընկալեին էս սուտ լուրը տարածողների զավակներին։ Ավելորդ նշանակություն չտվեց», – գրել է Գրիգորյանը։

Հերքումներ Սյունիքից

Հետպատերազմյան Հայաստանում Արցախի հարևան Սյունիքի մարզը դեկտեմբերի առաջին կեսին հերքումներ տարածելու մի քանի առիթ ունեցավ․

?  Դեկտեմբերի 1-ին մարզպետարանից տեղեկացրեցին, որ մարզում որևէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, իսկ Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում։

? Նույն օրը Կապանի համայնքապետարանից հերքեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի միտքը՝ «իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ»։ 

? Դեկտեմբերի 7-ին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքեց լուրերը, թե Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը տարածքներ է զիջել: Նախորդ օրը կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: «Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել»,- ասել է Բաբայանը:

? Դեկտեմբերի 13-ին մարզպետարանից հերքեցին տարածվող տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է կատարել և կես ժամ անդադար կրակել։

Հաջորդ օրը Արմենպրեսի հետ զրույցում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պարզաբանեց, որ նախորդ օրը երկու գյուղի մոտակայքի առաջնագծից հակառակորդը բարձրախոսով ասել է՝ հետ գնացեք ձեր վարչական տարածքները մինչև այսինչ ժամը: «Սակայն չի նշանակում, թե մենք պետք է իրենց հրամանը կատարենք», – ասել է մարզպետը:

? Դեկտեմբերի 14-ին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նույն օրը խոսել է Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավարի հետ և տեղեկացել, որ ադրբեջանական կողմը պահանջել է Խնձորեսկի բնակիչներին հետ քաշվել։ Fip.am-ի հետ զրույցում Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը տեղեկացրել է, որ չի խոսել Զոհրաբյանի հետ։ Ավելին՝ «ես տեսած էլ չկամ իրան»։

Գեղարքունիքի գյուղերն Ադրբեջանին չեն զիջվի

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 13-ին տեղեկացրեց, որ իրականության չեն համապատասխանում լուրերը, թե մարզի որոշ հատվածներ, դիրքեր են զիջվելու Ադրբեջանին։ Խոսքը վերաբերում էր Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերին։ Մարզպետը տեղեկացրեց, որ Հայաստանի զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները։

Ինչո՞ւ Չարեքտարը գյուղը մնաց հայկական

Ամերիկացի լրագրող Պատրիկ Լանկասթերի հրապարակած տեսանյութը Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից մեծ տարածում գտավ։ Գյուղի բնակիչ Աշոտ Սևյանը դրանում հաստատակամ ասում էր՝ մինչև վերջ կմնա գյուղում և այն ոչ մի դեպքում հակառակորդին չեն հանձնի։

Դեկտեմբերի 2-ին սոցցանցերում տարածվեց լուրը, որ Չարեքտարի բնակչի ջանքերով գյուղը չի հանձնվի Ադրբեջանին։ Այս մասին գրեցին մի շարք կայքեր։

Media.am-ը պարզեց, որ գյուղը չէր նախատեսված հանձնել։ Հանձնելու լուրը ի սկզբանե սխալ է եղել, դրա հեղինակը՝ Հայաստանի կառավարությունը։ Այն շարունակում է մնալ հայկական կողմինը, քանի որ խորհրդային շրջանում եղել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանում։ 

Փաշինյանի հրաժարական նախատեսված չէր

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին տելեգրամյան ալիքի տարածած լուրերը հերքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Տեղեկացրեց, որ իրականության հետ աղերս չունի բովանդակությունը, թե կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը։

Րոպեների տարբերությամբ լուրը հերքեց նաև «Իմ քայլը» խմբակցության պաշտոնական էջը։

Այս մասին տեղեկություն տարածել, ապա հերքել էր ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։ 

ՀՔԾ-ում Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործ չի հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունը հերքեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հայտարարությունը, թե «ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ, սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»։ 

ԱԱԾ պարզաբանում․ համակարգը զանգվածաբար չեն լքում

Դեկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԱԾ-ն պարզաբանում տարածեց համակարգը զանգվածաբար լքելու լուրերի վերաբերյալ։ Տեղեկության աղբյուրը ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարությունն էր։ 

Կառույցից տեղեկացրեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ հայտարարության օրը 5 աշխատակից ազատվել է սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3-ը՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են պատերազմում զոհվածների ծառայողական պարտականությունները:

Պատգամավորը հերքում է պատգամավորին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքեց գործընկերոջ՝ «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի պնդումը։ Վերջինս հայտարարել էր, թե խորհրդարանի փակ նիստում Կարապետյանն ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: 

«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարապետյանը: 

Պատգամավորը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:

Հերքման պահանջ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» (ԻՔՄ) հերքում պահանջեց «Արմնյուզ» հ/ը-ից՝ դեկտեմբերի 5-ին հեռարձակված «Պետության զավթումը» վերնագրով տեսանյութում տեղ գտած կեղծ տեղեկությունների համար։ 

Տեսանյութում, ի թիվս այլնի, ասվում է, թե կազմակերպությունը «2018 թվականի հունվարին՝ իշխանափոխությունից մի քանի ամիս առաջ, քաղաքացիական շարժումներին մասնակցելու նպատակով 50 լրագրող և 75 ակտիվիստ պատրաստելու համար Սորոսի հիմնադրամից շուրջ 81 հազար դոլար է ստացել»։ 

Կազմակերպությունից պարզաբանում են, որ «շուրջ 81 հազար դոլարը» ԻՔՄ-ն ստացել է ոչ թե «Բաց հասարակության հիմնադրամներից», այլ Եվրոպական Միությունից, իսկ նշված թրեյնինգները եղել են ոչ թե հեղափոխությունից առաջ, այլ հետո։

Հերքումներ

❌ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։

❌ Ոստիկանությունը հերքեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված լուրը, թե ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հրաժարական է տվել: 

❌ Դեկտեմբերի 2-ին «Հայրենիք» կուսակցությունից հերքեցին տարածվող լուրեը իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, և իբր որոշ հարցեր են քննարկվել: Տեղեկացրեցին, որ Վանեցյանն ու Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել:

❌ Արցախից հերքեցին ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն վերաբերող լուրերը։

❌ Արդարադատության նախարարությունից հերքեցին նախարարի հրաժարականի դիմում գրելու մասին լուրերը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *