2020.12.11,

Ստուգված է

Ռուսական և արևմտյան մամուլը՝ Covid-19-ի պատվաստանյութի մասին․ ֆեյքերը տարածվում են վիրուսային արագությամբ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Դեկտեմբերի 3-ին հրապարակվեց Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարական գործողությունների վերաբերյալ ծրագրի զեկույցը, որտեղ նշվում էր՝ Ռուսաստանը և Չինաստանը իրականացնում են ապատեղեկատվական արշավներ կորոնավիրուսի վերաբերյալ։ Փաստաթղթում հիշատակվում էր կեղծ լուրերի հայտնաբերման մոտ 550 փաստ «կրեմլամետ աղբյուրներից»: 

Սա առաջին դեպքը չէ, երբ արևմուտքը պաշտոնապես հայտարարում է Կրեմլի կամ մերձկրեմլյան աղբյուրների կողմից կեղծ լուրեր տարածելու մասին։ Կորոնավիրուսի բռնկումից ի վեր այդպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։

Ռուսական կողմը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ անվանելով դրանք ապատեղեկատվություն և իր հերթին տարբեր առիթներով խոսում արևմուտքից տարածվող կեղծիքների մասին։ 

Վերջին մեկ-երկու օրվա ընթացքում մենք արձանագրեցինք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող լուրեր թե՛ արևմտյան, թե՛ ռուսական տեղեկատվական դաշտում։

Pfizer-BioNTech պատվաստանյութի փորձարկումներից մահերը՝ ըստ ռուսական մեդիայի

Դեկտեմբերի 10-ին ռուսական լրատվականները հաղորդեցին, որ ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի փորձարկումից հետո մահացել է 6 մարդ։ Լրատվականները հղում էին արել զեկույցին՝ հրապարակված ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից։ Հիշեցնենք, որ պատվաստանյութը ստեղծվել էր ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների կողմից։

Որոշ ղազախական և ուկրաինական աղբյուրներ ավելի հեռուն գնալով՝ նշեցին, թե Pfizer-BioNTech-ի փորձարկման պատճառով մահացել է 6 մարդ։ 

Հիշյալ աղբյուրները վերնագրերում խեղաթյուրում են զեկույցի բովանդակությունն ու ստեղծում տպավորություն, թե 6 մահ ամերիկյան պատվաստանյութի պատճառով է գրանցվել։

Փորձենք գնահատել վերնագրերը՝ ուսումնասիրելով այնտեղ չհայտնված մի քանի շատ կարևոր փաստեր․

?Pfizer- ի և BioNTech- ի պատվաստանյութերի փորձարկումների ընթացքում իսկապես 6 կամավոր է մահացել, սակայն FDA- զեկույցում գրված չէ, որ վերջիններիս մահը կապված է պատվաստանյութի ընդունման հետ:

?Զեկույցում հստակ նշված է, որ մահացած 6 անձանցից 2-ն են միայն պատվաստվել Pfizer-BioNTech-ի պատվաստանյութով, մյուս 4-ը պլացեբո խմբում էին, այսինքն նրանց ներարկել էին առանց ակնհայտ բուժիչ հատկությունների նյութ, որի ազդեցությունը կապված է բուժառուի՝ դեղի ազդեցությանը հավատալու հետ։

?Մահացած բուժառուներից մեկը ունեցել է աթերոսկլերոզ ու ճարպակալում և մահացել է պատվաստումից հետո 3-րդ օրը: Մյուս բուժառուն սրտի կանգ է ունեցել 2-րդ պատվաստանյութը ստանալուց 62 օր անց: Երկուսն էլ ավելի քան 55 տարեկան էին:

?Երրորդ կարևոր փաստն այն է, որ փորձարկումներին մասնակցել է 38,000 մարդ, որոնցից մահացել  վեցը, ինչը կազմում է ընդհանուր թվի 0.0157%-ը։ Պատվաստումների ստացման (հաշվետու) ժամանակահատվածում գրանցված մահերը չեն կարող խոսել տվյալ պատվաստանյութի արդյունավետության մասին, քանի որ վերջնական գնահատման համար անհրաժեշտ է անցնել բոլոր փուլերով և վերջում դիտարկել արդյունքը։ 

Թուրքիան չի հրաժարվել ռուսական պատվաստանյութից

Դեկտեմբերի 9-ին արևմտյան լրատվական աղբյուրները՝ թուրքական Haber Turk-ին հղումով, լայնորեն տարածեցին, թե Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է ռուսական պատվաստանյութից։ Այս մասին հոդվածներ պատրաստեցին Reuters-ը, The star.com-ը, nationalpost.com-ը և այլ լրատվականներ։ Նշվում էր, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանն է հայտարարել ռուսական Sputnik V պատվաստանյութից հրաժարվելու մասին՝ որպես պատճառ նշելով դրա անհամապատասխանությունը լաբորատոր չափանիշներին։ Լրատվականները նշում էին նաև, որ այս հայտարարությունը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում։

Այս հայտարարությանը հաջորդեց «Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի» հերքումը։

«Թուրքիայի կողմից Sputnik V-ից հրաժարվելու մասին լուրը հարձակում է մրցակիցների կողմից կամ քաղաքական դրդապատճառներով տարածվող կեղծ տեղեկատվություն»,- գրված էր հայտարարության մեջ։

Ֆահրեթին Քոջանին վերագրվող խոսքերին հետևեց Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե ռուսական պատվաստանյութի փորձարկման արդունքները վկայում են դրա հուսալիության մասին։

Ռուսական Sputnik V-ից հրաժարվելու լուրը հերքվեց նաև Թուրքիայի կողմից։ РИА Новости-ի հետ զրույցում Թուրքիայի առողջապահության նախարարությունը նշել էր, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է։ Նախարարության ներկայացուցիչը կոչ էր արել այս թեմայով հիմք ընդունել Ֆահրեթին Քոջանի վերջին հայտարարությունը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին վերջինս հայտարարել էր, որ մոտ ապագայում ռուսական պատվաստանյութերի կիրառման թույտվություն կտրվի։ Ինչ վերաբերում է պաշտոնական աղբյուրներով հայտարարաության տարածմանը, նշենք, որ նախարարության կայէջում նման ինֆորմացիա հրապարակված չէր։ 

Չնայած Թուրքիայի կողմից այս լուրը պաշտոնապես հերքվեց, հայկական լրատվադաշտում շարունակում են գրել, թե Թուրքիան հրաժարվում է գնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները սկսվել են տասնյակ երկրներում, մշակվել է ավելի քան հարյուր փորձանմուշ։ Այս պահին առաջատարներից մեկը ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցն է, որի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս։ Անցած օրերին կլինիկական փորձարկումների վերջին փուլն ավարտեց նաև AstraZeneca ընկերության ու «Օքսֆորդի» համալսարանի համատեղ մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի արդյունավետությունը կազմում է 70 տոկոս։

Մասնագետները, այդուհանդերձ, շարունակում են պնդել՝ պատվաստանյութի ի հայտ գալը դեռևս չի նշանակում հաղթանակ մահաբեր վիրուսի նկատմամբ։ Պետք է ուժի մեջ մնան վարակից պաշտպանվելու՝ մինչ օրս արդյունավետություն ապահոված հիմնական կանոնները՝ սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնների պահպանումը, դիմակների կրումը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *