ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 9-13-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ «#ԴԻՄԱԿայումենք» խորագրով։
Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, լինել ավելի ամուր ու վստահ, կայացնել ճիշտ որոշումներ և կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատավական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները․ այս հմտություններն այսօր անհրաժեշտ են ավելի, քան երբևէ։
Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված բոլոր գործընկերներին՝ լրատվամիջոցներին ու լրագրողական կազմակերպություններին, դպրոցներին ու բուհերին, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կենտրոններին, գրադարաններին, միավորվել այս նախաձեռնության շուրջ և, ջանքերը համադրելով, կարևոր գիտելիք ու կարողություններ փոխանցել մարդկանց մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում և դրանից հետո։
Առաջարկում ենք կազմակերպել դասեր, քննարկումներ, լրագրողների հետ հանդիպումներ, ստեղծել կրթական և տեղեկատվական նյութեր, սոցիալական մեդիայում տարածել մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները։ Միջոցառումներն իրականացնելու համար կարող եք օգտվել Մեդիա նախաձեռնություների կենտրոնի մեդիագրագիտության կրթական նյութերից, խաղերից, ուսուցչի ձեռնարկից` երաշխավորած ԿԳՄՍՆ կողմից։
Նոյեմբերի 9-13-ը, ամեն օր, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում կանցկացվեն դաս-քննարկումներ՝ ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքի ու մեդիագրագիտության վերաբերյալ։ Համավարակի պայմաններում ստիպված ենք անցկացնել բոլոր հանդիպումներն առցանց։
Օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Մեդիագրագիտության շաբաթն ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Հայաստանյան շաբաթվա մանրամասներին հետևելու համար միացեք ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին, տարածեք տեղեկություններ՝ կիրառելով #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2020 հեշթեգերը։
Հարցերի դեպքում գրեք ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: