2020.07.14,

Նյուսրում

DDoS հարձակման ենթարկվող կայքերը կարող են դիմել CyberHub-ին

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արդեն երկրորդ օրն է հայաստանյան լրատվական կայքերը շարունակում են DDoS հարձակման ենթարկվել։ 

Այսօր հարձակման են ենթարկվել նաև primeminister.am, gov.am, e-gov.am կայքերը, որոնք մի քանի ժամ հասանելի չէին։

Ավելի վաղ հարձակման են ենթարկվել  Hetq-ը, Aysor-ը, Tert-ը, News-ը։ 

Hetq-ը, Aysor-ը հայտարարել էին, որ հարձակումը Ադրբեջանից է։ Այս հարձակումները կապվում են Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ։

Cyberhub-ի համահիմնադիր Արթուր Պապյանն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, հարձակումները Ադրբեջանից են։ Tert-ի դեպքի  մասին հայտնի է, որ շուրջ 10 հազար IP-ով Ադրբեջանի կողմից են փորձել DDoS հարձակում իրականացնել։ 

«Կառավարության կայքերն էլ է հավանական, որ ադրբեջանական հարձակման է ենթարկվել, բայց համակարգչային աշխարհում հարյուր տոկոսանոց վստահություն չի լինում։ Հնարավոր է այլ տեղից էլ լինեն»,-ասում է Արթուր Պապյանը։ 

Նա նշում է, որ այս հարձակումներն այնքան էլ վտանգավոր չեն, ու ծագած խնդիրները լուծվող են, սակայն կա նաև այս ամենի հոգեբանական կողմը․ «Երբ քո երկրի գործադիր մարմնի կայքը կոտրում են, հոգեբանական մեսիջ են հղում, որ չեք կարողանում կայքերը պաշտպանել»։ 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա DDoS  հարձակումներն այնքան էլ մեծ ծավալի չէին․ կայքերը մի առ ժամանակով չէին աշխատում, բայց սոցցանցերով ակտիվորեն տարածում էին իրենց տեղեկությունները։

«Այս անգամ մենք նկատեցինք մի նրբություն, որի մասին գրել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ադրբեջանում այս անգամ կորդինացված աշխատանք էր տարվում ու բավական մեծ թվով օգտատերերով միաժամանակ ինչ-որ կայքերի վրա էին հարձակվում։ Այդպիսի բան նախկինում չէինք տեսել»,-ասում է Արթուր Պապյանը։ 

Նա խորհուրդ է տալիս կայքերը տեղադրել Cloudflare հարթակի վրա, որը հնարավորություն է տալիս անվճար պաշտպանել կայքը, իսկ մեծ գրոհների դեպքում կարելի է գումար վճարել՝ հզորացնելով պաշտպանության հնարավորությունը։ 

Նա նաև նշել է, որ լրատվականներն ու իրավապաշտպան կազմակերպությունները կարող են նաև դիմել CyberHub-ին և անվճար պաշտպանել իրենց կայքերը։ 

Ի դեպ, այսօր Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է որ մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ։ 

Գործակալությունը կոչ է անում չսեղմել անծանոթ նամակներում  առկա հղումներն ու ֆայլերը և չհաղորդել անձնական ու այլ տվյալներ։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *