Դիմակի կրումը պարտադիր դարձավ Հայաստանում մայիսի 25-ից: Դա առողջապահական ցուցում է՝ համավարակի ժամանակ, բայց նաև խորհրդանիշ, որ դիմակ կրողը մտահոգված է իրավիճակով ու միանում է պարտադրանքին՝ գիտակցված ու ցուցադրաբար: Պատրաստ է լինել բոլորի պես խոհեմ ու պատասխանատու, անգամ եթե հոգու խորքում չի հավատում դիմակի հարյուրտոկոսանոց փրկարար ուժին:
Դիմակը միշտ ցույց է տալիս: Իհարկե, մեծամասամբ թաքցնում է (դեմքը, կիսադեմը, միայն բերանը կամ ոչ միայն բերանը), բայց նաև ի ցույց է դնում: Եվ այս ցուցադրելու-թաքցնելու երկակի իմաստը շատ հետաքրքիր է աշխատում մեր օրերում:
Դիմակներով մարդիկ արդեն եթերում են՝ փորձելով դառնալ օրինակելի մոդել մյուսների համար: Ու նաև ընդգծելով, որ դիմակը բնավ էլ սարսափելի անհարմարություն ու մեկուսացածի իմիջ չէ, պարզապես անհրաժեշտ պարագա է: Մի քանի հեռուստաընկերություններ ու այլ լրատվամիջոցներ տեսանյութերում նկարահանում ու նկարահանվում են դիմակով: Մյուսները դա չեն անում:
Եվ ստեղծվում է խայտաբղետ վիդեո դաշտ, որտեղ դիմակ կրելու մշակույթը միաժամանակ թե՛ արգելանք է (բոլոր դեպքերում դիմակով խոսելը բարդ է՝ ձայնն է փոխվում, ու չենք տեսնում դեմքի միմիկան), թե՛ ազատություն (դիմակը օգնում է թաքցնել հույզերը, ինչն իհարկե ազատության նշան է):
Դիմակով են պաշտոնյաներն ու պաշտոնական վայրեր մուտք գործել ցանկացողները:
Դիմակը գաղտնիք է, պաշտպանություն, կերպարանափոխում: Եվ երբեմն այդ բոլորը միաժամանակ:
Պատմությունն ունի դիմակի կիրառման տարբեր առիթներ, փուլեր ու իմաստներ՝ արվեստից մինչև կրոն, մահից մինչև բեմ: Հանցագործություններ, ռոմանտիկ հարաբերություններ, համաճարակներ, քաղաքական ու արվեստային ակտեր, թատրոն ու նորաձևություն, զինվորական հանդերձանք: Հիմա նաև կորոնավիրուս:
Ի դեպ, դիմակները առողջապահական ցուցումով կիրառվել են վաղուց: Պատմության մեջ ամենահայտնին «ժանտախտի բժիշկներն» են:
Ժանտախտի ժամանակների բժիշկները
Բժշկական դիմակն առաջին հերթին հուշում է, որ ինչ-որ բան կարգին չէ, ժամանակն արտակարգ է ու վախենալի: Դիմակավոր մարդը գույժ էր միջնադարում:
Իսկ արդեն 17-րդ դարում, ժանտախտի ժամանակ հայտնվեցին ամենահայտնի դիմակները, որոնք կրում էին բժիշկները: Դրանք իրականում շատ սարսափելի էին՝ նմանեցված թռչունների:
Կար վարկած, որ հիվանդությունը եկել է երկնքից, և այն տարածում են թռչունները (բարև, այսօրվա դավադրության տեսություններ):
Բժիշկները կրում էին թռչունի դիմակ, և ընդհանրապես նրանց ողջ հանդերձանքն էր դիմակ՝ երկար կաշվե թիկնոց, նույնպես կաշվե ձեռնոցներ, տաբատ, գլխարկ և կոշիկ: Աչքերի պաշտպանության համար ապակյա պատուհաններն էին:
Հանդերձանքը ներծծված էր մեղրամոմի շերտով, իսկ երկար կտուցի մեջ ու ականջներում բուրավետ խոտեր ու համեմունքներ էին (հիմնականում խունկ և ուրց): Բացի դրանից՝ բժիշկներն անընդհատ սխտոր էին ծամում:
Այդ դիմակի դերը հիվանդությունը վանելն էր, քշելը, բայց միաժամանակ՝ դիմակը պաշտպանում էր բժիշկներին, հիմնականում ժանտախտի գարշահոտությունից: Խունկն ու սխտորը թույլ էին տալիս ավելի ազատ շնչել ու չմահանալ փտող դիակների արտանետումներից:
Ժանտախտի բժիշկների դիմակը մեծ ազդեցություն ունեցավ մշակույթի վրա: Նաև հայտնի իտալական քոմեդի դել արտեն (դիմակների կատակերգությունը) իր բժիշկ պերսոնաժին դարձրեց թռչունի քթով:
Իսկ ողջ հանդերձանքը հիմք դարձավ հետագայում հակագազի նախագծման համար:
Դիմակը հաղորդակցվելու միջոց
Մարդկության պատմության ընթացքում դիմակն առաջին հերթին գերբնական ուժերի հետ շփման միջոց էր, ոգիների հետ զրույց անելու պարտադիր պայման, քանի որ պետք է փակես դեմքդ, որ բացվեն այլ աշխարհներ: Այսպես ասած, դուրս գաս ներկայի ունայնությունից ու գնաս դեպի հավերժը, միստիկն ու անհայտը:
Ծիսական դիմակները կոմունիկացիայի միջոց էին: Կարևորը ոչ թե դեմքն էր, այլ դիմակը: Դիմակն էր փոխանցում էությունը (աստվածների, կենդանիների, միֆական էակների, բնության ուժերի, մահացած մարդկանց):
Ընդհանրապես դիմակի մեջ անցումների, խաղի տարրերը շատ հետաքրքիր են արտահայտվել տարբեր մշակույթներում: Բայց նախևառաջ դիմակը նոր հնարավորությունների առիթ էր:
Նախամարդիկ որսի էին դուրս գալիս կամուֆլյաժով՝ դեմքը գունազարդում էին, որ ձևացնեն, թե հիմա որսի պահին իրենք ուրիշ անձեր են, իսկ որսից հետո կվերադառնան իրենք սովորական տեսքին: Բայց քանի դեռ ուրիշ են, կապ էին հաստատում այն կենդանիների ոգիների հետ, որոնց պատրաստվում էին սպանել և դրանով իսկ յուրահատուկ թույլտվություն ստանում:
Դիմակի ծիսական, գեղագիտական կամ կիրառական նշանակությունները շատ հաճախ համընկել են:
Բայց օրինակ, հուղարկավորության դիմակները կամուրջ էին մի աշխարհից մյուսը: Ամենահայտնին Թութանհամոնի ոսկե դիմակն է, որով նրան ուղեկցեցին անդրշիրիմյան աշխարհ:
Աշխարհը բեմ է
Դիմակը դարձավ թատրոնի նախասկիզբը և նույնացվեց բեմի գաղափարի հետ: Հին հույները, այնուհետև հռոմեացիները, դիմակին տվեցին լայն իմաստ՝ կապելով այն պտղաբերության, գինեգործության ու թատրոնի աստված Դիոնիսիոսի հետ:
Դիմակը դարձավ տոնի խորհրդանիշ, քանի որ թատերական տարրերը՝ դուրս գալով փողոց, ցույց էին տալիս ուրախություն:
Բերքահավաք, գինարբուք և զվարճանք. սրանք էին թատրոնի սկիզբը: Մարդիկ դեմքին էին քսում գինու տակառների հատակին մնացած մածուկը, դուրս գալիս փողոց ու որքան ուժ ունեին՝ ուրախանում էին:
Հետո արդեն հայտնվեցին նրանք, ովքեր մյուսներից ավելի լավ էին ուրախացնում՝ պոետները, դերասանները, երգիչները: Բայց մինչ ի հայտ կգար պրոֆեսիոնալիզմը, թատրոնը տոտալ գաղափար էր փոխանցում: Բոլորը թե՛ մասնակից էին, թե՛ արարող: Առանց բաժանումների ու խտրականության:
Անտիկ թատրոնը, դառնալով պրոֆեսիոնալների գործ, օգտագործում էր դիմակներ, որոնք հմտորեն ուժեղացնում էին դերասանների ձայնը (հաշվարկված էին օդի և ձայնի տատանումները): Այդպիսով՝ դիմակները նաև բարձրախոսներ էին, ինչի շնորհիվ, հաշվի առնելով ամֆիթատրոնների կառուցվածքը, հասանելի էին դառնում հետևի շարքերում նստած հանդիսատեսի համար:
Դիմակը «պերսոնա» էր, այսինքն, այսօրվա լեզվով ասած՝ անձ լինելու հոմանիշ:
Քրիստոնեությունը մերժեց դա՝ պատերազմ հայտարարելով պերսոնա լինելու ազատությանը:
Դիմակը՝ պատժիչ գործիք և դիմակահանդեսի տարր
Միջնադարում դիմակն արդեն ոչ թե ազատության, այլ անպարկեշտության կամ հանցանք/զանցանքի ցուցադրական ձև էր:
Դիմակներ կային, որ էշի ականջներով էին կամ պատժելու և նսեմացնելու առարկա՝ երկաթից, օրինակ, բանտարկյալների համար: Հիշենք դահիճներին, ավելի ուշ՝ ԿուԿլուքսԿլանը:
Դիմակով փակում էին նաև ստրուկների բերանը, որ նրանք չկարողանան հող ուտել ու այդպիսով ինքնասպանություն գործել: Հատուկ դիմակներ էին նախագծվում խոշտանգումների համար: Վախեցնելու ու միաժամանակ անոնիմ մնալու համար դիմակները հայտնվում էին զրահի, զինվորական համազգեստի փաթեթում:
Միջնադարում դիմակը անարգանքի, անազնվության, խաբեբա լինելու սիմվոլ էր: Կամ կատարում էր գրեթե նույն դերը, ինչը հավատարմության գոտին կանանց համար, այսինքն՝ զսպում, պատժում, արգելում, սահմանափակում էր:
Ազատաշունչ ու արտիստիկ Վերածնունդը նորից մաքրազերծեց դիմակն ու տվեց դրան ավելի շուտ երջանկություն բերելու, լիարժեք դառնալու նշանակություն:
Դիմակով մարդը անում է այն, ինչն առանց դիմակի կկաշկանդվեր անել: Դիմակը հոգեբանորեն մարդուն դարձնում է ավելի անկաշկանդ՝ դրդելով մոռանալ ամոթալի համարվող բաների մասին:
Տարբեր դիմակահանդեսներն ու կառնավալները դիմակը դարձրեցին ուրախության ու արկածախնդրության պարտադիր դետալ: Դիմակահանդեսները կյանքի մաս էին, ինչպես դիմակներ կրելու մշակույթը: Հիշենք Վանետիկի կառնավալը:
Ընդհանրապես, Վերածննդի արվեստում դիմակը մեծ դեր ուներ, այն դարձավ անցումի սիմվոլ՝ մռայլ, ասկետիկ, խիստ միջնադարից ու քրիստոնեական դոգմայից դեպի մարմնականը, ուրախությունը, սեթևեթը, լիարժեքը: Մարդիկ տնից դուրս էին գալիս դիմակով, որ իրենց չճանաչեն, այդպես ավելի ազատ էին իրենց զգում:
Դիմակը դոգմայի հակոտնյան էր:
Հետո դիմակի կրումը առօրյայում արգելվեց, քանի որ ամենաթողության աստիճանը գերազանցեց տրամաբանությանը: Գաղտնի սիրավեպերի կամ հանցագործությունների աճը արդեն ուրախալի չէր: Դիմակները թույլատրվեցին միայն դիմակահանդեսների օրերին: Այդպես փորձ արվեց սահմափակել այլասերված վարքի ու անանունության սիմբիոզը:
Որպես նման դիմակահանդեսային մշակույթի տարր էլ դիմակները մնացին հետագա բոլոր դարերում՝ արտացոլվելով, օրինակ գրաֆիկական նովելներում (Սարդ-Մարդն ու Սուպերմենը, օրինակ, կամ ավելի ուժեղ դրամատուրգիական հիմք ունեցող Ալան Մուրի կոմիքսներում, որոնք ամենահիանալին, Գայ Ֆոքսի դիմակը հայտնագործած «V for Vendetta»-ն է):
Ստացվեց, որ դիմակով մարդը ավելի է մոտենում իր էությանը, քան երբ դիմակազերծ է:
Վիզուալ արվեստը դա շատ լավ է օգտագործում ֆիլմերում, վիդեոխաղերում: Դիմակը նոր դեմք է: Օրինակ, Ջոքերի համար: Տարբեր հերոսների ու հակահերոսների:
Հագնում ես դիմակը, մի մարդ ես, հանում ես՝ բոլորովին այլ:
Դիմակը ընդվզման տարր
Դիմակն անփոխարինելի է ասելիքը փոխանցելու համար առավել փերֆորմատիվ կերպով: Հատկապես, երբ ասելիքը քաղաքական է ու պետք է առաջացնել շարժում՝ ցույց տալով, որ կա ոչ միայն անհատական, այլ խմբային ինքնություն:
Նույն դիմակները կրելով, մարդիկ ցույց են տալիս, որ կիսում են նույն գաղափարախոսությունը, սկզբունքները, գեղագիտությունը, ասելիքը:
Այդպիսին են Գայ Ֆոքսի (Անոնիմուսի) դիմակ կրողների շարժումը՝ կոռուպցիայի դեմ, կամ Ռուսաստանի Pussy Riot փանկ-խմբի քաղաքական ակցիան՝ բալակլավաներով (ողջ գլուխը փակող՝ բացի աչքերից ու բերանից, կտորից գլխարկ):
Քաղաքական կոմունիկացիայից անցումը դեպի շուկա երբեմն կատարվում է շատ արագ: Փոփ-մշակույթի արքա Մայքլ Ջեքսոնն, օրինակ, իր դեմքը դարձրել էր դիմակ բառիս բուն իմաստով՝ ֆիզիկապես փոխակերպելով իր արտաքինը: Արտիստիկ աքսեսուար է դիմակը:
Հիմա կորոնավիրուսը դիմակի դերը սեղմեց այնքան, որ այն ընկալվում է միայն որպես պաշտպանվելու (այն էլ ոչ լիարժեքորեն) պատրանք ու օրենքին ենթարկվելու պարտադրանք, որը տհաճ է կատարել:
Բայց հիմա դիմակը նաև շրջապատի արձագանքը ստուգելու գործիք է: Նոր համերաշխություն գտնելու փորձ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: