2012.07.04,

Քննադատ

«Անվնաս» ու վնասակար հեռուստաարդարանք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հեռուստաարտադրանքի (հատկապես սերիալների) բովանդակության անդրադարձը իրական կյանքի վրա։ Որոշ կազմակերպություններ ու անհատներ եթերը բռնությունից ու գռեհիկ տեսարաններից մաքրելու կոչերով ու ՀՀ նախագահին ուղղված բաց նամակով հանդես եկան։

Եթերային քաղաքականությունը վերահսկելու պահանջը հանրայնացավ բավականին զարմանալի կերպով. «մաքուր ու անվնաս եթեր» (նամակագիրների ձեւակերպումն է) ունենալու ցանկությունը նույնացավ ապահով ու արդար միջավայրում ապրելու երազանքի հետ։

Կարծես վերջապես ախտորոշվեց հասարակության հիվանդ օրգանը, ու անհապաղ միջամտության դեպքում (հեռուստասերիալների մաքրման պրոցեդուրայով) մեզ բոլորիս հաջողակ, վստահությամբ լի ու գեղեցիկ ներկա է սպասում։

Ուշագրավ է, որ սերիալների վտանգից կյանքը ազատագրելու ու հեռուստաբովանդակությանը միջամտելու պահանջի մասին առաջինը (թեեւ առանձին-առանձին) սկսեցին խոսել հենց հեռուստաընկերությունները։

Անգամ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծն ու դրան հաջորդած զինվորական սպա Վահե Ավետյանի մահը շատ հեռուստաալիքներ կապեցին էկրանին առատորեն հայտնվող սերիալային ծեծուջարջդի տեսարանների հետ։ Ռեստորանի անվտանգության աշխատակիցների «միջամտության» պատճառով վրա հասած երիտասարդ տղամարդու մահը ներկայացվում էր որպես ընդհանուր անհանդուրժողականության արդյունք, որը ձեւավորվել է քրեական հերոսներով բեմադրված սերիալների ազդեցության ներքո։

Շատ հեռուստաընկերություններ՝ ռեպորտաժներ պատրաստելով հանրային մեծ արձագանք ստացած սպայի  հուղարկավարության մասին, մի քանի խոսքով անդրադարձան նաեւ սերիալներին։ Սերիալի ու մահի կապի մասին խոսեցին հոգեբանները, հեռուստալրագրողները՝ նշելով, որ սերիալների ազդեցության պատճառով հանրապետության տարածքում աճում է հանցագործությունների քանակը։


Իհարկե, հայրենական սերիալների հերոսները նեղ մտահորիզոն, քրեական անցյալ, անհույս ներկա, մշուշոտ ապագա ու վայրագ լեքսիկոն ունեն, սակայն կարծել, որ վերացնելով այդ չարիքը, կյանքն ավելի բարվոք կդառնա, պարզապես տարօրինակ է։

Ստացվում է, որ եթե օրիգինալը (սերիալը) ազատվի բռնությունից ու գեղեցկանա, կգեղեցկանա ու ապահովագրվի նաեւ դրա նմանակը (իրականությունը) ու կմասայականացնի միայն դրականն ու ոգեշնչողը։

Իհարկե, սերիալը՝ լինելով մասայական կուլտուրայի ամենացայտուն օրինակներից մեկը, ունակ է վարքագծային մոդելներ ստեղծել, այսպես ասած՝ չարի ու բարու, ճշտի ու սխալի պայքարի խճճված ու ինտրիգներով լի հերթական պատմությունը մոգոնել:

Եվ դրանով իսկ՝ հանրային միֆերի սկիզբ դնել (ճիշտն ու սխալը միշտ էլ վերանայման կարիք ունեն)։

Վաղուց արդեն հայտնի է, որ սերիալները գաղափարների ու միֆերի հիմնական մատակարարողն են։

Սերիալները հանդիսատեսին հիշեցնում ու միաժամանակ հաշտեցնում են իրականության հետ:

1990-ական թթ. բրազիլական ու մեքսիական «օճառային» պատումները հոգեվերլուծաբանի դեր կատարեցին՝ օգնելով մարդկանց պատնեշվել դաժան, անհույս ու վախ առաջացնող իրականությունից: «Օճառը» հիպնոսի դեր խաղաց՝ թույլ տալով իրոք կտրվել կյանքից ու սուզվել բուռն կրքերի, գեղեցիկ հերոսների ու ինտերիերների մեջ:

Մարդը կարող է շատ վատ պայմաններին հարմարվել, սակայն առանց երազանքի գոյատեւել պարզապես չի կարող: Եվ դա սոսկ ռոմանտիկ պնդում չէ, այլ՝ հոգեկան դիմակայման նախապայման:

Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ ուզում է իր շուրջը կատարվածի բացատրությունը ստանալ, պատրանքներ ունենալ, որ բարին ու արդարը հաղթելու են նենգին ու ցածրարժեքին:

Այդ «բացատրողի» դերը սովորաբար կատարում է զանգվածային մշակույթը, որը մասայականացնում է իշխող գաղափարախոսությունը՝ նախանշելով նպատակների ու երազանքների մոդելները:

Սակայն Հայաստանի անկախությունից ի վեր հայրենական ոչ մի ալիք դեռ ոչ փորձել սերիալների միջոցով հիմնավորել, վերաիմաստավորել ու ներկայացնել հանրային կյանքի ցնցումները, ձեռքբերումներն ու կորուստները (թերեւս նման փորձ կարելի է համարել միայն «Մի վախեցիր» սերիալը):

Մի ողջ հասարակարգ է ճեղքվել, քանդվել ու անհետացել, ու դրա վկան դարձած  հասարակությունը ինքն իրեն այդպես էլ էկրանային կրքերի հորձանուտում չի տեսել:

Փոխարենը տարիներ շարունակ մեր ալիքները ցուցադրում են մի իրականություն, որը էժան է իր բոլոր դրսեւորումներով՝ նկարահանման որակով, հերոսների տիպարներով, սցենարի ու դեկորացիների մշակման մակարդակով։

Եվ այն փաստը, որ ժամանակակից հայաստանյան սերիալները քրեկան բառապաշար ու վարքագիծ ունեցող տղամարդկանց եւ դժբախտ ու անաշխատունակ կանանց կերպարներն է ցուցադրում, նույնպես երազանքի մի դրսեւորում է։

Այսպես ասած՝ հակաերազանք, ուտոպիա, որը շատ համահունչ է մեր իրականությանը։ Իսկ հակաերազանքը մի շատ թանկ հատկություն ունի. այն երկար չի տեւում, անպայման ինքն իրեն սպառում է։ Ընդ որում՝ դա անում է ինքնաբերաբար, այլ ոչ թե վերին ատյանների հրահանգով։

Մի բան հստակ է. մեր հեռուստատեսությունը չի շտապում (միգուցե չի էլ ցանկանում) էկրան բաց թողնել ավելի խորը, կայացած, արժանապատվությունը գիտակցած (եւ հետեւաբար «դժվար») հերոսներին։

Եթե սերիալի հերոս դառնան ասենք իրենց գործը լավ անող բժիշկները, ոստիկանները կամ լրագրողները, որոնք ազատ ժամանակ նաեւ մտորում ու խոսում են խելացի, խորը ու վիճելի բաներից (ոչ միայն կենցաղի ու անձնական վրեժի), հաստատ կփոխվի նաեւ հեռուստադիտողը։

Նույնը կարելի է  ասել նաեւ վերլուծական ու տեղեկատվական ծրագրերի մասին։ Երբ ռեպորտաժի կամ հաղորդման հերոսը կրթված, ինֆորմացված ու ներքուստ ազատ մարդ է, որը ունակ է նկատել իրեն շրջապատող կարծարատիպերը (բյուրոկրատական ապարատը, անարդարությունը, անցյալից եկող սխալները եւ այլն), ապա նա անպայման «դժվար» հարցերին կընտելացնի նաեւ լսարանին։

Եվ հեռուստադիտողն էլ մի օր «դժվար» կդառնա ու բարդ բաներ կուզի հեռուստատեսությունից։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *