2012.05.07,

Քննադատ

Էքզիթ փոլերն ու Հայաստանի մեդիաները

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Մայիսի 6-ի ընտրությունների ավարտից րոպեներ անց մեդիաները տարածում էին էքզիթ փոլի արդյունքները: Դրանք ցանցային լրատվամիջոցներում էին ու հեռուստաընկերությունների էկրաններին: Ոչ բոլոր հեռուստաընկերությունների, իհարկե: «Արմնյուզ»-ը սոցիոլոգիական հարցում էր պատվիրել The Gallup Organization-ին, իսկ  «Արմենիա»-ն՝ էքզիթ փոլ Gallup International Association-ին: Դե, իսկ «Կենտրոնն» էլ սեփական լրագրողների ուժերով կազմած «էքզիթ փուլ»-ն էր ներկայացնում:

«Կենտրոն»-ի եթերում առաջատարը ԲՀԿ-ն էր: Մյուս էքզիթ փոլերը գրանցում էին ՀՀԿ-ի հաղթանակը: Ու հեռուստադիտողը շփոթվում էր, չէր հասկանում, թե որ մեկին վստահի: Ու այդ շփոթությունն էլ բնականորեն անվստահություն էր առաջացնում:

«Արմնյուզ»-ի հետընտրական մարաթոնի եթերում Արտակ Ալեքսանյանը անկեղծորեն զայրանում էր, որ կասկածներ կան իրենց էքզիթ փոլի թվերի հանդեպ: Ու նա ճիշտ է, բայց ճիշտ է վերապահումով: Էքզիթ փոլը չարիք չէ, բայց որպեսզի այն վստահություն ներշնչի, նաեւ խաղի կանոնները պետք է համապատասխան լինեն: Ինչու՞ ակնկալել, որ հեռուստադիտողը կվստահի քո ներկայացրած թվերին, եթե այլ ալիքով ուրիշ թվեր են եթերում: Ո՞ր մեկին վստահի: Հիմնական հեռուստաընկերությունները այս հարցում համաձայնություն չունեն:

Արդեն գրել ենք, որ ԱՄՆ-ում, օրինակ, ABC-ին, AP-ին, CBS-ը, CNN-ը, FOX News-ը եւ NBC-ը,  կազմել են կոնսորցիում, որը մեդիաներին տեղեկատվություն է տրամադրում ձայների հաշվարկի, ընտրությունների վերլուծության եւ կանխատեսումների մասին:

Եթե Հայաստանում լրատվական ուղղվածության հիմնական հեռուստաընկերությունները՝ «Հ1»-ը, Panarmenian Media Holding-ը, «հ2»-ը, «Երկիր Մեդիա»-ն, «Կենտրոն»-ը համաձայնություն ունենային միասնական էքզիթ փոլ անցկացնելու մասին, ապա դրա արդյունքները շատ ավելի վստահելի կլինեին:

Չկա նման համաձայնություն: Ինչու չկանի պատասխանները տարբեր են: Մեդիա մենեջերները իրար չեն վստահում, մեդիան անկախ չէ եւ արտահայտում է տարբեր բիզնես եւ/կամ կուսակցական շահեր… Մեկ նախադասությամբ ասած՝ Հայաստանում մեդիան իրական բիզնեսից չի սնվում ու որպես բիզնես էլ չի կարողանում լրիվ կայանալ: Սա է խնդիրը, ու էքզիթ փոլերի խառնաշփոթն էլ այդ խնդրի լոկալ արտացոլումն է:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *