2012.04.18,

Նյուսրում

«Արմենիա»-ն ու «Արմնյուզ»-ը կներկայացնեն սեփական ընտրական հարցումները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ազգային Ժողովի 2012 թվականի ընտրությունների լուսաբանումը հետաքրքիր դարձնելու համար երկու հեռուստաընկերություն՝ «Արմենիա»-ն եւ «Արմնյուզ»-ը դիմել են սոցիոլոգների օգնությանը: Դիմել են առանձին-առանձին: «Արմենիա»-ն սոցիոլոգիական հարցում եւ էքզիթ փոլ* է պատվիրել Gallup International Association ընկերությանը, «Արմնյուզ»-ը՝ հանրային կարծիքի ուսումնասիրման համար գործընկեր է ընտրել The Gallup Organization-ին:

«Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը գտնում է, որ սոցիոլոգիական  հարցումները կարեւոր են հեռուստաընկերության համար:

«Առաջին հերթին՝ տեսնում ես պատկերը ընտրություններից առաջ, երկրորդը՝ տեսնում ես լսարանի նախասիրությունները, ընդ որում՝ մենք ոչ թե պատվիրել ենք, որպեսզի կուսակցություններին ռեյտինգավորեն, այլ որպեսզի մեզ տան հասարակության վերաբերմունքը ընդհանրապես քաղաքական գործընթացների վերաբերյալ: Նաեւ պարզել, թե որտեղից է քաղաքական ինֆորմացիան կուտակվում, ինչպես է դա ձեւավորվում եւ որոնք են այն գործոնները, որ ազդում են ընտրողի վերջնական ընտրության կայացման որոշման վրա»,- ասում է Ալեքսանյանը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Բագրատ Հարությունյանը ողջունելի է համարում մեդիաների՝ սոցիոլոգիական հարցումներ պատվիրելը:

«Սա վկայում է այն մասին, որ հեռուստաընկերությունները գնում են սեփական ինֆորմացիայի աղբյուրներ ստեղծելու ճանապարհով: Սա աշխարհում կիրառվող պրակտիկա է, անգամ BBC-ն, CNN-ը եւ այլ խոշոր լրատվամիջոցներ են պատվիրում սոցիոլոգիական հարցումներ եւ էքզիթ փոլեր»,- ասում է նա:

Սոցիոլոգի խոսքերով՝ էքզիթ փոլ անցկացնելը լավ գաղափար է հատկապես մեդիաների համար:

«Ցիվիլ երկրներում, որտեղ էքզիթ փոլերն օգտագործվում են ոչ մանիպուլյատիվ տեսանկյունից, դրանք օպերատիվ կանխատեսումներ տալու մեթոդներ են: Այս տեսանկյունից այս մեթոդը առավել հետաքրիքր է հենց մարդկանց արագ նորություններ հասցնող լրատվամիջոցներին՝ լինի դա հեռուստատեսություն, ռադիո, թե էլեկտրոնային լրատվամիջոցներ, սա նաեւ լսարան պահելու մեխանիզմ է»,- ասում է սոցիոլոգը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խրախուսելի քայլ է համարում մեդիայի պատվերով հարցումներ անցկացնելը: Նրա կարծիքով՝ այդ քայլը խոսում է մեդիայի գործունեության ակտիվության եւ անկախ գնահատականներ ներկայացնելու ձգտումի մասին:

«Սա դրական քայլ է այն ժամանակ, երբ լրատվամիջոցն ինքը իսկապես անկախ լրատվամիջոց է: Այդ դեպքում լսարանը այդ տիպի պատվերներին լավ է վերաբերվում, վստահում է այդ արդյունքներին: Բայց քանի որ մեզանում հեռուստաընկերությունները անկախ չեն եւ շատ ժամանակ նրանք կատարում են իշխանությունների պատվերը, այստեղ մի փոքր մտավախություն կա»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Մեդիա փորձագետ Հայկակ Արշամյանը գտնում է, որ էքզիթ փոլն ու սոցիոլոգիական հարցումները տվյալ դեպքում իշխանությունների կողմից մեդիան օգտագործելու օրինակներ են:

«Սա իշխանական պրոյեկտ է: Հայտնի է, որ իշխանություն ներկայացնող անձինք «Արմենիա» հեռուստաընկերությունում բաժնետոմսեր ունեն, բնականաբար, պարզ է, թե ինչու է հենց «Արմենիա»-ն պատվիրել հարցումը: Եվ քանի որ Հայաստանում անկախ հեռուստաընկերություն չկա, բնականաբար, ով էլ պատվիրի, պատվերը ի վերուստ դատապարտված է ոչ օբյեկտիվ լինելու»,- ասում է նա:

Բագրատ Հարությունյանը փորձագետներին, ովքեր կասկածում են սոցիոլոգիական հարցումների արդյունքների հավաստիությանը, խորհուրդ է տալիս պահանջել մեթոդաբանական հաշվետվությունը, ըստ որոնց կարելի է գնահատել արդյունքները:

Հատկանշական է, որ «Արմենիա»-ն եւ «Արմնյուզ»-ը Panarmenian Media Holding-ի մաս են կազմում, սակայն ուժերը չեն միավորել միասնական ընտրական հարցում պատվիրելու համար: ԱՄՆ-ում, օրինակ, խոշոր մեդիաները, ինչպիսիք են ABC, AP, CBS, CNN, FOX News եւ  NBC-ն, 2003-ից կազմել են «Ազգային ընտրական միավորում» կոնսորցիումը, որը մեդիաներին տեղեկատվություն է տրամադրում ձայների հաշվարկի, ընտրությունների վերլուծության եւ կանխատեսումների մասին: Մեդիաները ներկայացված արդյունքների միջոցով ընտրությունների ավարտից անմիջապես հետո հայտարարում են հաղթողներին:

Հայաստանում երկու հեռուստաընկերությունների հետ համագործակցող ընկերությունները՝ Gallup International Association-ը եւ The Gallup Organization-ը դատական քաշքշուկների մեջ են « Gallup» անվանումն օգտագործելու համար:

*Էքզիթ փոլը սոցիոլոգիական հարցում է, որն անցկացվում է ընտրատեղամասերից անմիջապես դուրս եկած ընտրողներին հարցում անելու միջոցով: Հեռուստաընկերությունները կամ տպագիր մեդիաները մասնագիտական գործակալություններին պատվիրում են իրենց համար էքզիթ փոլ անցկացնել՝ ընտրության արդյունքների մասին նախնական տեղեկատվություն ունենալու նպատակով, ինչն օգնում է մեդիաներին որքան հնարավոր է շուտ կանխատեսել ընտրության արդյունքները:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *