Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անչափահասներին վնասող բովանդակությունը կանխելու համար նոր չափորոշիչներ է մշակել:
«Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած իրավիճակում, նրա շահերը, անվտանգությունը պետք է գերակա լինեն խմբագրական ցանկացած պահանջների հանդեպ»,-ասված է փաստաթղթում:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա ազդող բովանդակությունը դժվար չափելի են, իսկ եղած կարգավորումները վերացական, որոնք տարատեսակ մեկնաբանության հնարավորություն են տալիս:
Շատ երկրներում, ըստ Հակոբյանի, փորձագիտական գնահատական տալիս են անկախ մասնագիտական կառույցները: Մինչև չափորոշիչների մշակումը, հանձնաժողովը քննարկումներ է նախաձեռնել շահագրգիռ կողմերի հետ և մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներ ներառել այնտեղ:
«Ուզում ենք եթերում նվազեցնել անչափահասների համար վտանգ ներկայացնող բովանդակությունը, բայց մյուս կողմից շատ չմիջամտել հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությանը: Համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ ֆիլմեր և հաղորդումներ այս պահին կարելի է հիշել, որտեղ կան բռնություն, սարսափ տարածող տեսարաններ»,-ասում է ՀՌՀ նախագահը:
Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում մի շարք տուգանքներ են կիրառվել, սակայն իրենց խնդիրը ոչ թե պատժելն է, այլ օրենսդրական, նորմատիվային ակտերով դաշտը կարգավորելը:
Հեռուստաընկերություններն, ըստ հանձնաժողովի նախագահի, ծանոթացել են չափորոշիչների հետ և առարկություններ չեն ունեցել. «Նրանք սկզբում լռում են, սակայն հետո կարող են պատժամիջոցը բողոքարկել, խնդիրը մինչև դատարան հասցնել»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քաղաքացիներից եթերի հետ կապված բազմաթիվ բողոքներ է ստանում:
Աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ներկայացուցիչ Տաթևիկ Մանուկյանն ասում է, որ առաջարկել են ՀՌՀ-ին որոշ կարգավորումներ ավելացնել չափանիշների մեջ՝ հիմք ընդունելով միջազգային հաջողված փորձը:
«Սեռական բնույթի գործողությունները եթերում սահմանափակելիս, հստակեցնում ենք, որ պետք է բացառել նաև դրանց մասին խոսակցությունները: Նույնը բռնության տեսարանների դեպքում, պետք չէ ողջունել կամ քարոզել այն»,-ասում է ՄԻՊ աշխատակիցը:
Եթերում անչափահասների իրավունքների խախտման դեպքերն ուսումնասիրելով, կառույցը եկել է այն կարծիքին, որ պետք է ավելի հստակ կարգավորումներ լինեն, որպեսզի հնարավոր չլինի դրանք շրջանցել:
Սցենարիստ Հայկ Մկրտչյանն ասում է, որ հեռուստաընկերություններն իրենց առջև պահանջ են դնում գրել մասսայական, հումարային և զվարճալի սցենարներ, որպեսզի ապահովեն մեծ դիտողականություն:
«Նոր չափորոշիչները կօգնեն սցենարիստներին դուրս գալ իրենց կաղապարներից, լայն մտածել և ավելի լավ բովանդակություն ստեղծել: Պարզապես կարևոր է, որ խաղի կանոններն բոլորի համար հավասարապես ընդունելի լինեն»,-ասում է Հայկը:
Ըստ Հայկի հեռուստաընկերություններն էլ իրենց հերթին կարող են վերապատրաստեն իրենց սցենարիստներին. «Կամաց-կամաց լսարանը կսկսի դիտել, ընդունել և գնահատել արտադրանքն առանց հայհոյանքների, բռնության, բաց տեսարանների ցուցադրման»:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: