2011թ.-ը media.am-ի համար նոր տեսքով եւ բովանդակությամբ ներկայանալու առաջին տարին էր: Մենք փորձել ենք խոսել Հայաստանում մեդիայի խնդիրների ու զարգացումների մասին, քննարկել դրանք մեր ընթերցողների հետ կայքում եւ սոցիալական մեդիա հարթակներում:
Երբ ամփոփում էի անցած ամիսներին մեր հրապարակած հոդվածները, մտածեցի, որ կարող ենք տարին ներկայացնել ամենաների (top) միջոցով: Նայեցի Գուգլ անալիտիքսը, էլի մեկ անգամ պրպտեցի մեր կայքի բոլոր հոդվածները ու կազմեցի ամենաների հնգյակներ:
2011-ի ամենակարդացված հինգ հոդվածները
1. Մեդիայում լուսանկարների սկանդալի արձագանքները
2. Անգրագիտությունն իբրև ուղիղ ճանապա՞րհ. «Հետամնաց» գրողի արձագանք
4. Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը
5. «Արմենիա» հեռուստաընկերությունը տուգանվեց մեկ միլիոն դրամով
2011-ի ամենամեկնաբանված հինգ հոդվածները
1. Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը
2. Անգրագիտությունն իբրև ուղիղ ճանապա՞րհ. «Հետամնաց» գրողի արձագանք
3. Նվեր լրագրողին. վերցնե՞լ, թե՞ ոչ
4. Չորրորդ իշխանությունը վերացական հասկացություն է Հայաստանում
5. Լրատվամիջոցները պատրաստ չէին լուսաբանել արտակարգ իրադարձությունը
2011-ի ամենալայքված հինգ հոդվածները
1. «Հեռուստաեթերում գովազդի չափը չափազանցն է»
2. Մեր ծրագրերը անհաջող cover-ներ են
3. Լրատվամիջոցները պատրաստ չէին լուսաբանել արտակարգ իրադարձությունը
4. Ե՞րբ են սկսելու դատել բլոգերներին
5. Կայքերի մեծ մասն էլ է կառավարվում նույն կենտրոնից
Մենք media.am-ում կարեւորում ենք ընթերցողի կարծիքը եւ գնահատում ենք նրա մեկնաբանությունները: Կազմել եմ նաեւ կայքում իմ կարծիքով ամենահետաքրքիր մեկնաբանությունների հնգյակը:
1. Նանեի մեկնաբանությունը Մեսրոպ Հարությունյանի «Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը հոդվածին».
«Ես իմ ներքնաշորերը լվանալուց հետո փռում եմ պարանին, որ բանուկ փողոցի վրա է, ով ասես տեսնում է (սա նման է ֆեյսի այն ստատուսին, որ բաց է բոլորի համար)։ Պատկերացնու՞մ եք հագուստի, ներքնաշորի մասին մի հաղորդաշար գա նկարի ու եթերում հայտնի, որ Նանե Սահակյանը չորեքշաբթի օրերին հագնում է էս գույնի ու չափսի վարտիք։ Չեն անի, չէ՞, իսկ ֆեյսի ստատուսը կարդում են ու կարդում են ամենսովորական օգտատերի գրած անձրևի մասին ցնդած ստատուսը ու հատուկ նշում, թե այդ ստատուսը ով է գրել։»
2. Վահագնի մեկնաբանությունը Արա Շիրինյանի «Facebook-ն ընդդեմ հեռուստատեսության» հարցազրույցին.
Հեռուստատեսությունը չափազանց ծախսատար և բարդ տեխնոլոգիական երևույթ է հետևաբար հնարավոր չէ, որ 2 միլիոնանց երկրում ծնվեն հարյուրավոր որակյալ օնլայն ալիքներ, որոնք կունենան պրոֆեսիոնալ աշխատողներ, լավ նյութատեխնիկական բազա և միևնույն ժամանակ կինքնածախսածածկվեն։ Դա նույնն է, եթե ասենք, որ ապագայում չեյնջերը կփոխարինեն բանկերին։ Այո հնարավոր է, որ էքստրեմալ պահերին ինտերնետային հեռուստատեսության հանդեպ հասարակության ուշադրությունը էապես աճի, բայց հենց կյանքը մտնի սովորական հուն՝ հոսքը կգնա դեպի սովորական թի-վի։
3. Գնելի մեկնաբանությունը Աննա Իսրայելյանի «Տպագիր մամուլի մահվան մասին լուրերը թերեւս չափազանցություն չէին» հոդվածին
Աննա ջան, ես էլ նախապես ասեմ, որ դեռ չեմ մահացել: Մամուլն էլ: Պապուլն էլ: Համաձայն եմ, որ Հայաստանում ժուռնալիստիկայի որոշ պատառիկներ 1-2 օրաթերթերի որոշ փրթիկներում են մնացել: Տեղական վերլուծաբաններին էլ հետաքրքրում են Անադոլուն ու Զամանը, բայց Առավոտն ու Արմենպրեսը- ոչ: Բայց կարծում եմ, որ պատճառը ոչ թե լրատվության մահն է, այլ վերլուծական խոսքի ավանդույթների անմշակությունը: Հայաստանյան որևէ վերլուծաբան դեռ չի գրել «Առավոտը ընդգծում է այն փաստը, որ…», մինչդեռ հայաստանյան բոլոր վերլուծաբանները միշտ գրել են. «Զամանը ընդգծում է այն փաստը, որ…»: Ու ձևավորվել է մի մտայնություն, թե իբր այդպես ավելի ազդեցիկ է, ավելի խորիմաստ, ավելի արժանահավատ, ավելի վերլուծական… Կարծում եմ, սա ոչ այնքան լրատուի թուլության նշանն է, որքան վերլուծողի: Բայց ամեն մեկն իր գործն է անում և անում է այնպես, ինչպես ինքն է սովոր: Լրատվության կանոններ կան և դրանք Հայաստանում այսպես թե այնպես կիրառվում են, բայց վերլուծության կանոններ չկան հայաստանյան տպագիր կամ էկեկտրոնային մամուլում: Ինտերնյուսը կարող է երիտասարդ լրագրողին սովորեցնել ժուռնալիստիկայի սկզբունքները, բայց ո՞վ պետք է սկսնակ վերլուծաբանին սովորեցնի վերլուծության սկզբունքները: Այդպիսի օղակ դեռ չկա Հայաստանում:
4. Արթուր Պապյանի մեկնաբանությունը Մեսրոպ Հարությունյանի «Անգրագիտությունն իբրև ուղիղ ճանապա՞րհ. «Հետամնաց» գրողի արձագանք» հոդվածին
Ես տարիների ընթացքում իմ բլոգի համար ստեղծել եմ մականուն՝ Դիտորդ։ Դա ինձ համար բռենդ է, որի պատիվը չեմ կարող թույլ տալ, որ արատավորվի։ Դիտորդ մականունը իմ անունի չափ պարտավորեցնող եմ համարում։ Դրա հետեւում չեմ թաքցնում, պարզապես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, անունս գովազդել։ Թող մարդիկ կարդան անհայտ ու անծանոթ մեկի՝ մի հասարակ մարդու բլոգը, ոչ թե կաշկանդվեն ստերեոտիպերով՝ մեդիա կազմակերպության ղեկավարի, կամ լրագրողի, կամ էլի եսիմինչի… եթե արժեքավոր են համարում գրածս, կրկին կգան կարդալու՝ անկախ հեղինակի ով լինելուց։
Իմ բլոգն ունի էթիկայի կանոններ, մեկնաբանությունների եւ մոդերացիայի կանոններ։ Գրում եմ անգլերեն, որն իմ մայրենի լեզուն չէ, սակայն գրում եմ՝ որովհետեւ կարծում եմ, որ այդպիսով լրացնում եմ կարեւոր մի բաց. մարդկային մոտեցում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որի թիրախ լսարանը Հայաստանով հետաքրքրված օտարերկրացիներն են եւ սփյուռքահայերը, ովքեր, չգիտեն հայերեն։
Քանի որ բլոգը ինձ համար հոբի է, գումար չեմ վաստակում, հաճախ բավական ժամանակ չեմ կարողանում հատկացնել, գումար չունեմ՝ խմբագիր վարձելու։ Հետեւաբար՝ սխալներ լինում են։ Դրանց համար ցավում եւ ափսոսում եմ, երբ տեսնում եմ, կամ հուշում են այդ մասին՝ սիրով ուղղում եմ։
Երբ երկու օր չեմ գրում՝ ստանում եմ ընթերցողներիս նամակները՝ Արթուր ջան, հո բան չի եղել, ինչո՞վ օգնենք։ Հաճախ գրում են՝ խնդրում այս կամ այն թեմային անդրադառնալ։ Այդ նամակներից, լսարանի հետ այդ կապից ավելի մեծ վարձատրություն չեմ կարող պատկերացնել բլոգերի համար։
Հիմա ի՞նչ, դադարեցնեմ գրելը… որովհետեւ անգլերենի հարցում անգրագե՞տ եմ, տառասխալնե՞ր եմ անում…
Հ.գ. Գրազ կգամ, որ իմ բլոգի անգրագետ անգլերենը հայաստանյան լրատվամիջոցների անգլերեն հրապարակումների ճնշող մեծամասնությունից ավելի արժեքավոր է։ Դա արդեն ասում եմ ուրիշների կարծիքները իմ բլոգի մասին։ Դե թող գնան պրոֆեսիոնալները գլուխները քարով տան։
5. Հասմիկի մեկնաբանությունը Մեսրոպ Հարությունյանի «Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը» հոդվածին
Կարծում եմ, որ գրառում անելիս ամեն մարդ պետք է գիտակցի, թե քանի հոգի է իրեն կարդում, մանավանդ այն մարդիկ, ովքեր պարտադիր չեն համարում ընկերություն անել միայն այն մարդկանց հետ, ում անձամբ են ճանաչում: Եվ առանձնապես տարբերություն չեմ տեսնում` այդ գրառումը մեկ անգամ էլ մամուլով հրապարակվե՞ց, թե՞ մի հազար հոգի բերան-բերան կամ share անելով իրար փոխանցեցին: ԲԱցի այդ, հարգելի Անի, եթե կարծում եք, որ ասենք, կարող են որեւէ գրառման համար աշխատանքից ազատել, եթե առանց ձեզ հարցնելու հրապարակվի Ձեր ասածը, ապա մի մոռացեք, որ սոցիալական ցանցերն այնուամենայնիվ վերահսկվում են: Ինքս սոցիալական ցանցերի տեսություն եմ անում ռադիոյով, թեեւ իմ հաղորդման ֆորմատը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից: Ես լրահոսից ընտրում եմ մի թեմա եւ զրուցում գրառման տիրոջ հետ կամ այդ թեմային առնչվող որեւէ մեկի հետ, հարցը ներկայացնում եմ բազմակողմանիորեն: Բացի այդ, աշխատում եմ մեջբերել այն մարդկանց խոսքերը, ում անձամբ եմ ճանաչում, իսկ եթե ոչ` աշխատում եմ ավելորդ մեկնաբանություններ չհնչեցնել եթերից, անդրադառնալ հատկապես հումորային գրառումներին, կարճ ասած` որոշակի էթիկայի կանոններ կան, որ ամեն դեպքում պետք է հետեւել…
Media.am-ի թիմը 2012-ին ակնկալում է նոր, հետաքրքիր քննարկումներ եւ ուշագրավ մեկնաբանություններ:
Գեղամ Վարդանյան, Media.am-ի պրոդյուսեր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: