Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մեկ միլիոն դրամ տուգանեց Արմենիա հեռուստաընկերությանը «Գովազդի մասին» ՀՀ օրենքը խախտելու համար:
Հանձնաժողովի դիտարկմամբ՝ հեռուստաընկերության այս թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին հեռարձակած գովազդի տեւողությունը գերազանցել է օրենքով սահմանված մեկ եթերաժամի հաշվով 14 րոպեն: Դրա մասին վկայում են նաեւ հեռուստաընկերություններից մեկի կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքները, որը ոչ պաշտոնական բողոք է ներկայացրել ՀՌԱՀ-ին:
«Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը պնդմամբ՝ հեռուստաընկերության կողմից «Գովազդի մասին» օրենքը չի խախտվել, քանի որ սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների մասին տեղեկտվության հեռարձակումը գովազդ չէ:
«Եթե մենք «Ալաբալանիցա» ֆիլմի մասին տեղեկատվության մասը նշված ժամանակահատվածից հանենք, մեկ եթերաժամի հաշվով 14 րոպեն բացարձակապես չենք գերազանցել»,- ասում է հեռուստաընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ գովազդի մասին օրենքում հստակ չեն պարզաբանվում այն նախաձեռնություններն ու գաղափարները, որոնք չեն կարող համարվել գովազդ, ինչի արդյունքում ՀՌԱՀ-ը «Ալաբալանիցա» ֆիլմի մասին տեղեկատվությունը դիտել է որպես գովազդ:
«Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցչի խոսքերով՝ իրենք նպատակ չեն ունեցել գովազդել ֆիլմը եւ հեռուստադիտողին ուղղորդել գնալ այն դիտել կինոթատրոնում. հեռարձակվող նյութը դիտման վերաբերյալ տեղեկատվություն չի պարունակել:
«Դա զուտ հայրենական արտադրության հաղորդում է, որի ստեղծման մասին մենք հեռուստաեթերով տեղեկացրել ենք հեռուստադիտողներին»,- ասում է Հերմինե Հովսեփյանը:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքերով՝ «Ալաբալանիցա»-ն անոնս՝ սեփական եթերում ցուցադրվելիք նյութի հայտարարություն չի եղել, քանի որ նշված չի եղել, թե երբ եւ ինչպես կարելի է դիտել այն եթերում: Բացի այդ՝ նույն օրերին հեռարձակվել է նաեւ Մոսկվա կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման գովազդը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանի խոսքերով՝ օրենքը առաջին անգամ խախտելու դեպքում վարչական տույժը կիրառվում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
«Այս դեպքում հեռուստաընկերությունը տուգանվել է մեկ միլիոն դրամով՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, ինչը նշանակում է, որ տույժը կրկնվել է»,- ասում է նա:
Իրավաբանի խոսքերով՝ մեկ տարվա մեջ երեք անգամ վարչական տույժի ենթարկվելու դեպքում հեռուստաընկերությունը զրկվում է արտոնագրից:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: