Լրատվամիջոցները պատրաստ չէին լուսաբանել արտակարգ իրադարձությունը

13.10.2011, vox populi

Կիրակի կեսգիշերին ֆուտբոլի ժամանակ վազող տողում կարդացի, որ արտակարգ պատահար է եղել: Միանգամից շրջեցի բոլոր ալիքներով. ոչ մեկով որեւէ ինֆորմացիա չկար:

Տարօրինակ էր, որ երկուշաբթի առավոտյան բոլոր հեռուստաընկերությունները հանգիստ իրենց տափակ հումորներն ու առավոտյան թեյասրճախմությամբ էին զբաղված: Այն լրատվական հաղորդումները, որոնք եթեր էին դուրս գալիս, տալիս էին անցած շաբաթվա նաֆթալինոտ լուրերը: Թվում էր՝ Հայաստանում ոչինչ տեղի չի ունեցել, չնայած պարզ էր՝ եթե ֆուտբոլային խաղի ժամանակ վազող տողով գնացել էր ինֆորմացիան, նշանակում է՝ լրատվականները չէին կարող տեղյակ չլինել:

Ռուսական “Вести”-ն լուսագրով անընդհատ ինֆորմացիա էր հաղորդում սողանքի մասին, հետո «Շանթի» կադրերով նյութեր տվեց, իսկ մեր հեռուստատեստություններով առավոտյան բարիլույսերն էին: Կարելի էր մտածել՝ ռուսական հեռուստաընկերությանը դա ավելի էր պետք, քան՝ մեզ:

Լրատվական կոչվող հեռուստաընկերությունը սողանքին անդրադարձավ ընդամենը ինտերնետային ինֆորմացիայով, վստահ եմ՝ ոչ իրենց նկարած կադրերով, շատ կարճ՝պարզապես, որ սողանք է եղել, կան անհետ կորածներ:

Միակ հեռուստաընկերությունը «Շանթն» էր, որ ամեն կերպ տեղ էր հասցնում ինֆորմացիան. աշխատում էր գրագետ եւ օպերատիվ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ու դեպքի վայրից ուղիղ եթերով ցույց էր տալիս, թե ինչպես են կոորդինացվում փրկարարական աշխատանքները:

«Շանթը» միակն էր, որ հանձնեց այս անսպասելի քննությունը: Մնացած բոլորը քնած էին, հավես չունեին՝ դե կիրակի էր,111 երեկո էր, հանգստանում էին, մինչեւ արթնացան... Դա նաեւ արտառոց էր, որովհետեւ մինչ այդ «Շանթն» էլ երբեք այդպես օպերատիվ չէր աշխատել: Ճիշտ է՝ նախորդ բոլոր արտակարգ իրավիճակներն իրենց մեջ քաղաքական տարրեր էին պարունակում, իսկ այս դեպքում կարծես քաղաքական ոչինչն չկար, ու դրա համար այս հեռուստաընկերությունը սկսեց աշխատել ու վարկանիշով միանգամից բոլորից առաջ անցավ:

Այս ու հաջորդ օրը այն մարզային հեռուստաընկերությունները, որոնք ակտիվորեն աշխատում էին սողանքի գոտում, շատ մեծ լսարան հավաքեցին, հատկապես ինտերնետի շնորհիվ: Տարբեր կայքեր, որոնք երբեւէ չէին լսել այդ հեռուստաընկերություների մասին, վերցնում էին «Ֆորտունա» կամ «Տավուշ» հեռուստաընկերությունների նկարարծ-մոնտաժած կադրերը:

Այսպիսի դեպքերում նաեւ էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի խնդիրներ են ծագում: Երեկոյան հեռուստաընկերություններից մեկի եթերում լրագրողը գնացել կանգնել էր երկու կես եղած ասֆալտի վրա ու ասում էր, թե ինչքան վտանգավոր տեղում է ինքը կանգնած... Նաեւ այդ առումով «Շանթը» շատ ավելի պրոֆեսիոնալ էր լուսաբանում, նրանց լրագրողները խոսում էին ոչ թե իրենց, այլ այն մասին, թե ինչ է կատարվում սողանքի վայրում:

Շաբաթվա ընթացքում մնացած լրատվամիջոցները, բնականաբար, չէին կարող չանդրադառնալ արտակարգ իրավիճակին՝ հիմնականում մարզային թիվիների ինտերնետում դրված կադրերով: Բայց երբ արտակարգ իրավիճակը համընկավ Սարկոզիի այցի հետ, սողանքը մղվեց հետին պլան:

Հատկապես հետաքրքիր էին կիրակնօրյա վերլուծությունները, որտեղ էլի կարեւորագույնը Սարկոզիի այցն էր:

Հեռուստաընկերությունները մասնագիտական առումով չէին կարող չհասկանալ, որ սողանքն ավելի բացառիկ իրադարձություն էր, քան Սարկոզիի այցը, բայց հիմնականում բոլոր ալիքները հենց նախագահների հանդիպումն էին ներկայացնում որպես կարեւորագույն լուր: Սա հերթական նախագահի հերթական այցն էր, թեկուզ եւ Ֆրանսիայի: Իսկ ամենաքիչը հինգ հոգի կորած էին, ինչպե՞ս կարելի էր դա երկրորդական համարել:

112Ու դու՝ որպես հասարակ սպառող, հասկանում ես, որ եթե հանկարծ մնաս հողի տակ, քեզնով անգամ չեն էլ հետաքրքրվի, եթե բախտդ չբերի ու այդ ժամանակ ինչ-որ նախագահ այցի գա: 5-10 հոգու կյանքն այնքան էլ կարեւոր հարց չէ...

Ոնց չհիշես անցած տարվա Չիլիի դեպքը, երբ ամիսներ շարունակ, անգամ միջազգային լրահոսում, անընդհատ խոսվում էր գետնի տակ մնացած 33 հանքափորների մասին: Երբ այդ երկրի լրատվամիջոցներն ու բարձրագույն իշխանությունն ամեն օր ապրում էր աղետի վայրի փոփոխություններով:

Կիրակնօրյա վերլուծականներում էլի «Շանթն» էր միայն, որ կարեւորագույն իրադարձություն համարեց սողանքը: Բայց չդիմացավ գայթակղությանը, եւ հաղորդման մեջ մի ինքնագովազդ նյութ դրեց, որ շա՜տ հեռավոր կապ ուներ սողանքի հետ: Դա նման էր այն անոնս-գովազդներին, որ տեսնում ենք մյուս հեռուստաալիքներով. «Մենք ունենք լավագույն լրագրողները, լավագույն տեխնիկան, անաչառ ենք ու պրոֆեսիոնալ»: Այս պարագայում դա ճիշտ էր, բայց պետք էր նաեւ համեստ լինել ու գնահատականը թողնել հեռուստադիտողին, որն արդեն իսկ գնահատել էր կատարված աշխատանքը բարձր վարկանիշով:

Բացի այդ՝ տպավորություն էր, թե «Շանթն» իր վրա էր վերցրել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտպանի ֆունկցիան. ամեն կերպ ուզում էր համոզել, որ մեկ իրենք էին շատ լավ աշխատել, մեկ էլ՝ այդ նախարարությունը:

Իրականում՝ սողանքը ցույց տվեց, որ նախարարությունը պատրաստ չէր կոնկրետ այսպիսի դեպքի: Լրատվամիջոցներն էլ պատրաստ չէին լուսաբանել արտակարգ իրադարձությունը:

Հարություն Մանսուրյան
դիպլոմով՝ ապրանքագետ , մասնագիտությամբ՝ մեդիա պրոդյուսեր
Դպրոցը՝ ք.Երեւանի N161 միջնակարդ դպրոց
Համալսարան՝ Երեւանի ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտ, ապրանքագիտության եւ առեւտրի կազմակերպման ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»
Սիրելի երաժշտությունը՝ բնության ձայները
Սիրելի սպորտաձեւ՝ թենիս
Սիրելի արտահայտությունը՝ «կապրենք՝ կտեսնենք»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?