2013-ին գրել էի ինտերնետ դիտարկիչի (web browser) մի քանի հավելվածների մասին, որոնք կարող են օգտակար լինել լրագրողների համար։ Հետագայում հրապարակեցի տվյալների ստուգման համար կարևոր հավելվածները։ Դրանք շարունակում են արդիական մնալ։ Բայց, եղածներին կարելի է ավելացնել ևս մի քանի օգտակար հավելված։ Այս անգամ որոշեցի ներկայացնել միայն Գուգլ Քրոմի հավելվածներ, քանի որ այն, ըստ իմ վերջին տարիների փորձի, ամենատարածվածն է Հայաստանում։ Ինչևէ, հավելվածի անվանումը բավական է այլ դիտարկիչների համար դրա տարբերակները գտնելու համար։ Դե, անցնեք առաջ։
Ֆեյսբուքում որոնումներ կատարելը այսօրվա հայաստանյան լրագրողի աշխատանքի կարևոր գործառույթներից է։ Ֆեյսբուքի ներքին որոնողական համակարգը կարծես հատուկ այնպես է կառուցված, որ ոչինչ գտնել չլինի։ Բայց, իրականում, մի քանի հմտություն թույլ են տալիս այստեղ լավ խորացված որոնում կատարել։ Որպեսզի շատ չտանջվեք, կարող եք ներբեռնել Intelligence Search, որը թույլ կտա շատ բովանդալից երևույթներ բացահայտել Ֆեյսբուքում։
Նրանք, ովքեր ուզում են ամբողջությամբ կառավարել իրենց լրահոսը Ֆեյսբուքում և հստակ որոշել, թե ինչ բովանդակություն են ուզում տեսնել, կարող եմ խորհուրդ տալ Social Fixer for Facebook հավելվածը: Պետք է զգուշացնեմ, որ համակարգը շատ բարդ է և խառը, բազմաթիվ հնարավորություններով։ Այնպես որ, տրամադրվեք ժամանակ ծախսել սրան սովորելու համար։
Քանի որ Յություբը դառնում է կարևորագույն սոցցանցերից մեկը․ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում, ապա այստեղ նույնպես կարևոր է ունենալ ուսումնասիրությունների համար լավ գործիքներ։ Դրանցից լավագույններից է VidIQ-ն։ Այն վճարովի տարբերակ ունի, բայց նույնիսկ անվճարը թույլ է տալիս ձեզ մանրամասն ուսումնասիրել տեսանյութերը, ավելի խորը հասկանալ դրանց դիտումներն ու լսարանը։ Սա նաև կարևոր է ձեր ալիքի ուսումնասիրության, վերլուծական աշխատանքներ իրականացնելու համար։
Կրկին Յություբ ալիքները ուսումնասիրելու գործիք` Socialblade. արդեն դուք պետք է ընտրեք, թե վերջին երկուսից որ մեկն է ձեզ հարմար և ավելի օգտակար։ Երկուսը միասին մի քիչ շատ կլինի։
Discover.ly իր հերթին թույլ կտա մարդկանց մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հավաքել․ այն փորձում է գտնել նույն մարդու հաշիվները տարբեր սոցցանցերում և արդյունքները ցուցադրում մեկ տեղում։ Միշտ չէ, որ հաջողվում է, բայց բացահայտումներ հնարավոր են։
Իսկ ամեն մնացածի համար գոյություն ունի Քրոմի խանութը, ուր կարելի է շատ հետաքրքիր բաներ գտնել ամենօրյա աշխատանքի համար։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: