2017.07.10,

Քննադատ

Տվյալներ ստուգելու գործիքներ. հավելվածներ Գուգլի Քրոմ դիտարկչի համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Լրագրողները հաճախ են բողոքում, որ հրապարակելուց առաջ ստացված տեղեկությունը ստուգելու ժամանակ չեն ունենում: Խնդիրը ժամանակն է՝ հայաստանյան ինտերնետային կայքերում լրագրողները ստիպված են արագ տեմպով աշխատել։ Որպես հետևանք՝ չստուգված ու կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը երբեմն հեղեղում են համացանցը։ Նորությունների ստուգումը այսօր ողջ աշխարհի համար խնդիր է։

Իհարկե, աշխարհի խնդիրները լուծելու համար, այն է թե, ողջ տեղեկատվական հոսքը հստակ ու արդյունավետ ստուգելու համար պետք են լուրջ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Հայաստանյան լրատվական կայքերը նաև մարդկային ռեսուրսի խնդիր ունեն: Սակայն, առօրեական աշխատանքում հնարավոր է կեղծիքի տոկոսը լրջորեն նվազեցնել՝ կիրառելով մի քանի գործիք։ Դրանք գոյություն ունեն, օրինակ Գուգլի Քրոմ դիտարկչի հավելվածների խանութում, և թույլ են տալիս օպերատիվորեն իրականացնել տեղեկատվության բազային ստուգում։

Storyful Multisearch հավելվածը թույլ է տալիս միանգամից բանալի բառերի որոնում իրականացնել մի շարք որոնողական համակարգերում և սոցիալական ցանցերում։ Օգնում է ժամանակ տնտեսել։

RevEye Reverse Image Search հավելվածը թույլ է տալիս իրականացնել լուսանկարների, նկարների հակադարձ (reverse) որոնում, այսինքն հնարավորություն է տալիս գտնել, թե որոնողական համակարգերում տվյալ նկարը որտեղ է հասցրել հայտնվել համացանցում։ Սա շատ կարևոր գործիք է, քանի որ օգնում է հայտնաբերել կեղծ լուսանկարները ու անգամ կեղծ օգտատերերին։ Հավելվածը աշխատում է միանգամից հինգ որոնողական համակարգերում․ Google, Yandex, Bing, Baidu, TinEye։

WhoIs Mind հավելվածը ցույց է տալիս, թե ինչ անունով է գրանցված տվյալ կայքը՝  գրանցման էլեկտրոնային փոստը, հասցեն, հեռախոսը։

Wayback Machine հավելվածը օգնում է դիտարկել ինտերնետի արխիվը: Դուք այցելում եք կայքի հղումով, իսկ այն արդեն հեռացված է։ Եթե այն հեռացվել է օրեր կամ շաբաթներ առաջ, այն հնարավոր է գտնել, օրինակ, Գուգլի քեշերում։ Սակայն ի՞նչ անել, եթե հղումը շատ հին է և անվերադարձ անհետացել է որոնողական մեքենաներից։ Այստեղ կարող է օգնել Archive.org կայքը, ուր պահեստավորվում են բազմաթիվ էջեր և, որ կարևոր է, դրանք պահպանվում են։

Fake video news debunker հավելվածը նկարների և տեսանյութերի խորացած ստուգումների համար մի շարք գործիքների վահանակ է, որը թույլ կտա իրականացնել պրոֆեսիոնալ զննում։

FirstDraftNewsCheck  հավելվածում կարելի է համակարգված իրականացնել տվյալների ստուգում և նույնիսկ կայքի վրա հետագայում նյութին կցել կոճակ, որը ցույց կտա, թե որքանով է վստահելի համարվում տեղեկատվությունը։

Եթե ապատեղեկատվությունը հատուկ ստեղծված չէ մասնագետների կողմից, այլ շփոթության կամ այլ պատճառներով է առաջացել, ապա նման գործիքները թույլ կտան օպերատիվորեն ստուգել և հստակեցնել տեղեկատվության հիմնական զանգվածը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *