Տոն Գյումրիում. Խոսքի ազատության օր

26.03.2012, Նյուսրում

2009թ-ի հունվարն էր, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադրման տարելիցն էինք նշում: Հենց այդ օրն էլ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հավաքվածներիս հայտնեց, թե որոշել է հանրապետությունում նշվող տոների թիվը մեկով ավելացնել: «Մարտի 25-ը հռչակում եմ Խոսքի ազատության օր»,- հայտարարեց նա: Զարմացած հայացքներ տեսնելով` բացատրեց. «Եթե հիշում եք բոլորդ, մեկ տարի առաջ այդ օրը հավաքվեց «Գալա»-ին անհրաժեշտ ամբողջ գումարն ու հանձնվեց ԴԱՀԿ-ին: Մենք այդ օրը գնեցինք, կարելի է ասել մեր ազատ խոսքը, այ հենց դրա համար էլ որոշեցի, որ կունենանք տոն ու կնշենք մարտի 25-ին»:

Չորս տարի առաջ, մարտի 19-ին մեկնարկած դրամահավաք-հեռուստամարաթոնին մասնակցեց 2000-ից ավելի մարդ`դրամական աջակցություն ցուցաբերելով «Գալա»-ի փրկության գործին: Հավաքվեց մոտ 90 հազար դոլար: Գումարի մոտավորապես կեսը նվիրեցին գյումրեցիք, մեկ քառորդը` Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ, վերջին քառորդը ստացվեց սփյուռքի մեր հայրենակիցներից: Խոսքի ազատության եւ Գալա հեռուստաընկերության պաշտպանության շտաբը, որ ձեւավորվել էր 2007թ-ի հոկտեմբերին, իր գործունեության 8 ամիսների ընթացքում տարածեց 80-ից ավելի մամլո հաղորդագրություն, կազմակերպեց մի քանի պիկետ, մեկ հանրահավաք, դրամահավաք-մարաթոնով ազդարարելով գործունեության հաղթական ավարտը:

Չորս տարի առաջ տոնը կայացավ ու ոչ միայն կայացավ, այլեւ շարունակություն ունեցավ: Տոնի, այսպես ասած հիմնադրման օրը, ինչպես լինում է ամեն մի նորի դեպքում, շատ էր հուզմունքը, շնորհավորանքներն ու մաղթանքները: Երեւանից եկած հյուրերը դատարկաձեռն չէին, գյումրեցի տանտերերն էլ ոչ պակաս հյուրասեր էին:

Անցած տարիներին Խոսքի Ազատության Օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են տասնյակ լրագրողներ ու զանգվածային լրատվամիջոցներ: Այս տարին եւս բացառություն չէր: Պարգեւատրման կազմակերպչական խումբն ուսումնասիրելով 11 հոգուց եւ կազմակերպություններից ստացված ավելի քան 23 առաջարկ, որոշել էր բարձր գնահատանքի արժանացնել գյումրեցի լրագրավաճառ, ազատամարտիկ Արա Հայրիկյանին, ով անցած 15 տարում միայնակ մոտ քառորդ միլիոն օրինակ անուն լրագիր է վաճառել:

Գնահատվեց Հասարակական ակտիվիստ Լալա Ասլիկյանի գործունեությունը, ով «Բանակն իրականում» եւ բնապահպանական մի շարք խմբերում բանակային սպանությունների ու շրջակա միջավայրի ոչնչացման դեմ լավագույնս է օգտվել արտահայտման ազատության հնարավորություններից, հետեւողականորեն իր բողոքի ձայնն է բարձրացրել պիկետներում, երթերում եւ ցույցերում:

Գյումրիում Խոսքի ազատության տոնին հիշեցին նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին, ով, գործելով օրենքի շրջանակներում, բարեխղճությամբ վարելով զրպարտության եւ վիրավորանքի հայցերով «Իրավունք» ու «Երկիր» թերթերի դեմ գործերի դատաքննությունները, դրսեւորել է մասնագիտական բարձր որակներ, առաջին անգամը լինելով մամուլի դեմ ներկայացված այսօրինակ գործերով` մերժել է այդ հայցերից առաջինը, հիմնականում մերժել է երկրորդը, փաստորեն առաջին անգամ կիրառելով բոլոր այն չափանիշները, որոնք հետագայում արտացոլվեցին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ:

Գնահատվել է նաեւ լրագրող եւ հրապարակախոս Վահան Իշխանյանը, ով 2004 եւ 2012 թթ. իր ուսումնասիրություններով եւ հրապարակումների շարքերով բացահայտել ու հանրությանն է ներկայացրել Աբխազիայի եւ հյուսիս-արեւելյան Թուրքիայի համշենահայության մշակութային շերտերը:

Եւ վերջապես, Խոսիք ազատության օրը Գյումրիում գնահատեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե կազմակերպությանը, որն իր գործունեության 9 տարիների ընթացքում հետեւողականորեն պաշտպանել է խոսքի ազատությունը, լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների իրավունքները: 

Այս տարի Գյումրիում նշվող Խոսքի ազատության օրը չհնչեց միայն Շիրակի մարզում աշխատող լրագրողի կամ հասարակական կառույցի անուն:

Տոնին ներկա «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի կարծիքով Գյումրիում նշվող Խոսքի ազատության օրն ապացուցում է, որ ամեն ինչ չէ, որ այսօր229 որոշվում է Երեւանում, որոշում են իշխանությունները, որոշում է համակարգը: Կան բաներ, որ որոշում են քաղաքացիները  եւ Հայաստանում ինչքան շատ բան որոշեն քաղաքացիները, այնքան լավ: «Այսօր այդ առումով իսկապես տոն է, պետական տոն չէ, բայց ավելի բարձր տոն է, որովհետեւ քաղաքացիական է, մարդիկ տոնում են իրենց հաղթանակը: Սա քաղաքացու հաղթանակն է եւ խոսքի ազատության հաղթանակն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրող Հակոբ Բադալյանն, ով տարբեր պատճառներով չէր կարողացել նախորդ տարիներին մասնակցել Գյումրիում նշվող տոնին, մարտի 25-ը համարեց խորհրդանշական: «Մամուլին նվիրված, խոսքի ազատությանը նվիրված մենք տոներ ունենք օրացուցային, բայց դրանք կարծես թե զուտ մասնագիտական տոներ են: Ես այս օրը առանձնահատուկ եմ համարում նրանով, որ խորհրդանշում է ոչ միայն լրագրողական դաշտի աշխատանքը, այլ նաեւ ժողովրդական մասնակցությունը: Այսինքն մարդն ընթերցողից, հեռուստադիտողից, սպառողից վերածվել էր կոնկրետ գործ անողի, եւ էդ իմաստով, բառիս բուն իմաստով խոսքի ազատության եւ քաղաքացիական ազատության օր է այս օրն իմ ընկալմամբ»:

Գյումրեցի եւ պարզապես քաղաքացի Վազգեն Կարապետյանի կարճ ձեւակերմամբ. «Ամենակարեւորը ազատ խոսքն է: Ազատ խոսք օր չէղավ, հեչ բան չի էղնի, այսինքն ազատություն էլ չի էղնի: Մեծ նվաճում է, որ Գյումրիում դա էղավ, ուրեմն մենք հըլը չենք կորցրել ազատության մեր ընկալումները: Ազատ խոսքը նման է վառվող մոմի, օր բարձր կդեն լավ լույս տալու համար: Ազատ խոսքը նման է ճշմարտության, իսկ էն պիտի վերեւում էղնի, օր բոլոր կարողանան տեսնին»:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?