Ժամանակի վկան ու ստվերը

12.09.2017, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը ընդգրկում է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի 1970-1995 թթ. արված լուսանկարները, որոնք մանրակրկիտ մշակված վերատպումներով ու կոնցեպտուալ դասավորությամբ դառնում են մտորումներ մեր անցած ուղու ու ժամանակի զարմանալի պտույտների մասին:

«Մշակութային երկխոսություն» և «Լուսադարան» հիմնադրամների ջանքերով արված այս ցուցահանդեսը համարվում է հետահայաց, բայց դա զուտ ֆորմալ առումով, քանի որ «հետահայաց» բառն առաջին հերթին նշանակում է հայացք այսօրվա դիրքերից: Այսինքն` նայում ենք հետ, որովհետև ուզում ենք հասկանալ ներկան: Դա մի պրոցես է, որի ընդհատումը լի է վտանգներով ու կարող է դառնալ հանրային բարդույթների սկիզբ:

Ամեն դեպքում արվեստի ու վավերագրության խորհրդային շերտը դեռ չձևակերպված այդպիսի մի բարդույթ է:

Խորհրդային տարիներին ակտիվ աշխատող Գագիկ Հարությունյանը, անկասկած, կապված էր իր ժամանակի, իդիեոլոգիայի ու պետպատվերի գաղափարի հետ: Բայց գտել էր մի փրկարար բանաձև, որը թույլ էր տալիս ստեղծագործել՝ ստեղծելով այն լուսանցքային պատկերաշարերը, որոնք ժամանակից վեր էին ու մոտ արվեստի ձևաչափին:

«Թերթում աշխատելու տարիներին գնում էի Հայաստանի շրջաններ, առաջին մի քանի ժամը խմբագրության համար էի լուսանկարում, հետո արդեն շունչ քաշում ու անցնում ազատ ստեղծագործությանը»,- պատմում է նա:

Լուսանկարիչները սովորաբար կցորդ են՝ լրագրողների, լրատվամիջոցների, դիզայնի, գովազդի: Գրեթե բոլոր խորհրդահայ լուսանկարիչները աշխատել են լրատվամիջոցներում, և շատերը այնտեղ էլ մնացել են` որպես ժամանակի արձանագրողներ: Քչերն են կարողացել մտնել իրականությունը ոչ միայն արձանագրելու, այլև արարելու ռիսկային դաշտ:

Միգուցե այդ պատճառով էլ լուսանկարչական ինքնաբավ ցուցահանդեսները քիչ են Հայաստանում:

«Կարծում եմ` դա կապված է կոնկրետ անձի բնավորության հետ: Ինքս տարբեր տարիներին աշխատել եմ «Կոմսոմոլեց», «Լրագիր» թերթերում: Անկեղծ ասած, չսիրեցի ֆոտոլրագրողի գործը՝ հասկանալով, որ դա ինձ ոչինչ չի տալիս: Գնում ես պատվեր կատարելու, որը քեզ չի հուզում, օրինակ` լուսանկարում արտադրության կամ գյուղատնտեսության առաջավորների..» ,- պատմում է Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյան

Վավերագրությունը նշանակում է լինել վկա, բայց հարցն այն է, որ պատմության փորձությանը դիմանում է նա, ով վավերագրության մեջ գտնում է անցքեր և իմաստային ճեղքեր՝ դիրքավորվելով որպես ստեղծագործող:

Գագիկ Հարությունյանը վստահ է. «Ամեն տեղից կարելի է բան հնարել, սարքել ու լավ լուսանկար ստանալ: Լուսանկարչին անհրաժեշտ է շարժման մեջ լինել, որովհետև լուսանկարվող առարկան երբեք ինքն իրեն ինձ մոտ չի գա: Ես պիտի գնամ, գտնեմ այդ առարկան»:

Եվ նա գնում էր, սպասում, գտնում, հղկում, մշակում, եթե չէր ստացվում, էլի էր սպասում կամ էլ՝ չստացվածը ոչնչացնում:

Ցուցահանդեսին նրա ահռելի արխիվից ներկայացված է 183 աշխատանք, բոլորն էլ բարձր որակի տպագրությամբ ու մշակմամբ:

Համադրող Վիգեն Գալստյանը ցուցահանդեսը կառուցել է ներքին ռիթմով: Ավելի ճիշտ՝ ճանապարհով: Դիտողը տեսնում է ոչ թե պատկերների շարաններ, այլ գաղափարապես դասավորված շարքեր:

«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը ներկայացված է հենց շարքերով (այդպես է աշխատել նաև Գագիկ Հարությունյանը)՝ «Գյուղական էսքիզներ», «Ղարաբաղ», «Լարախաղաց», «Թոնիր», «Հին քաղաք» և այլն: Արդյունքում կողք կողքի են հայտնվում լուսանկարներ, որոնք թեև հեռու են միմյանցից ժամանակի ու տարածության առումով, բայց շղթայված են թե՛ գաղափարապես, թե՛ գեղագիտորեն:

Շարքերն ավելի հետազոտական հետք են թողնում, քան առանձին լուսանկարները: Եվ կարծես իրենց քչախոսությամբ դրդում են դիտողին ապակոդավորել թաքնված պատմությունները:

«Թռնչնաբուծական ֆաբրիկա» շարքից, 1989

Օրինակ` Սևանի կողքին աֆրիկյան ծովափն է, և ծովեզրն արդեն ընկալվում է որպես ապրելակերպ:

«Սևան. Գյուղական էսքիզներ» շարքից, 1982

Իսկ 1988 թվականի զարթոնքը ներկայացված է նստացույցերի մասնակիցներով: Բայց ոչ թե արթուն, այլ հենց քնած ցուցարարներով: Ընտրվել են այն լուսանկարները, որտեղ շարժման մասնակիցներն անշարժ են՝ լուսադեմին գետնին պառկած, դադարի պահին:

«Շարժում» շարքից, 1988

Իրականում շատ բարդ ու թանկ ունակություն է իմաստների միջակայքում խաղալը: Չստելը, բայց խաղալը: Եվ դրա շնորհիվ Գագիկ Հարությունյանի հայացքը որսում է, ասենք, հավերժ պտույտի սիմվոլ անիվն ու այն դարձնում քարացած հուշարձան, այնպես, ինչպես 1990-ականներին էր քարացել Ղարաբաղի բնականոն ընթացքն ու կանգնել ժամանակը:

Կամ գտնում է այն տեսանկյունը, երբ պատի մի բեկորն ավելի է ասում, քան պատերի շարանը:

Գյուղի փողոցով քայլում է մարդ, որը թոնիրը «հագել» է իբրև զգեստ: Կինը կենտրոնացած դեմքի արտահայտությամբ ավլում է սարերը, որոնք առանց այդ գործողության հաստատ ավելի տխուր կլինեին: Տղան քայլում է՝ վզից կախած հայելապատ պահարանի դուռը, որի մեջ արտացոլվում է արևը, և ստացվում է, որ արևը շողում է, քանի դեռ տղան շարժվում է:

Գագիկ Հարությունյանը աշխատանքների հմայքն այն է, որ իր նկարների մեկնաբանությունն ու համատեքստերի տեղաշարժումը նա թողնում է դիտողին:

Շարքերի վերնագրերը առավելագույնս պարզեցված են՝ «Ամպ», «Ջրափոս»... Զուտ իլյուստրատիվ ու կարծես ավելորդ ոչինչ չհուշող այս վերնագրերը դիտողի հայացքը առավել կենտրոնացնում են հենց պատկերի վրա: Կարծես ասվում է՝ գաղտնիք չկա, գաղտնիքն ինքնին այս ժամանակային պահն է: Եվ պատահական չէ, որ շատ նկարների տակ գրված է՝ «Անվերնագիր»: Այսինքն` կադրից դուրս մի փնտրեք ո՛չ տեղեկություն, ո՛չ ապակոդավորման բանալի: Պարզապես նայեք, բանալին ինքն իրեն կհայտնվի…

«Ամպ», 1980

Էդմոն Ավետյանի դիմանկարը նա վերնագրում է «Մետաֆիզիկը», իսկ Համո Սահյանինը՝ «Պոետը»:

Մի լուսանկարում Լենինի արձանը ամուր կանգնած է պատվանդանին, բայց պատկերված է անսպասելի դիրքերից, իսկ մյուսում դիրքը կանխատեսելի է, բայց անսպասելի է հենց արձանը՝ արդեն մասնատված է, առանց գլխի ու պատվանդանի:

«Ապամոնտաժում», 1991

Իմաստները հաճախ շատ արագ են ընկալվում, և ժամանակի ստույգ մանրամասները հարկավոր չեն, հարկավոր է ընդամենը աչքաբաց (ու սրտաբաց) լինել, ինչպես ասում են՝ բռնել ստվերն ու փորձել վերակառուցել առարկան ու նրա միջավայրը:

Օրինակ` նշանակություն չունի, թե ովքեր են ճաղավանդակ հիշեցնող ցանկապատի ետևում խիտ կանգնած մարդիկ (նաև երեխաները), որոնք սևեռուն հայացքով նայում են անհայտ ուղղությամբ, կարևորը պատկերի ազդեցությունն է: Նրանք խաղաղ ու լուսավոր մյուռոնօրհնության արարողության մասնակիցներն են 1981 թվականին, Էջմիածնում: Բայց կարող էին լինել բոլորովին այլ վայրում ու բոլորովին այլ ժամանակներում:

«Ճաղեր» շարքից, 1981

Գագիկ Հարությունյանը որսում է լույսի շողերն ու շիթերը, որոնք արտացոլվում են տարբեր մակերեսներում, ճեղքում վարագույրները, սողոսկում թունելից կամ զնդանից, փռվում գահին: Եվ այդ լուսանկարները առավել մոտ են արվեստի գործերին, քանի որ փորձ է արվում ազատվել ծանոթ ձևից ու նոր ձև նշմարել: Օրինակ` սպասել, որ Գորիսը մշուշով պատվի, որպեսզի հեռվում գտնվող քարանձավները նոր ձևի մեջ հայտնվեն:

Նրա լուսանկարներից շատերը վիզուալացնում են այն միտքը, որ մի ողջ տիեզերք կարող է թաքնվել ավազի հատիկի մեջ, ջրափոսում՝ իրիկնադեմին, կամ զանգակատան խոշորացված մի դետալում, որն այնքան է խոշորացվել, որ այլևս աղերս չունի զանգակատան բուն ձևի հետ: Դետալը դառնում է ավելի խոսուն, քան բուն առարկան:

Առարկաները կարծես բեմում են: Օրինակ` սարերը կոտրում են բնակապատկերը, ու Գառնու տաճարը հայտնվում է ետնաբեմում: Ամպերը իջնում են կիրճը ու տարանջատում երկինքը երկրից:

«Գառնու հեթանոսական տաճարը», 1981

Կադրերից հասկանալի է դառնում, թե որքան բծախնդիր է աշխատել Գագիկ Հարությունյանը: Նա, օրինակ, մի քանի անգամ գնացել է ջրափոսի մոտ ու փորձել գտնել նկարելու լավագույն պահը, երբ ջրի մակարդակը հնարավոր կդարձնի արևի շողերի այն անդրադարձը, որն իրեն էր անհրաժեշտ: Լուսանկարիչը անգամ պատրաստ էր հետը ջուր բերել ու միջամտել ջրափոսի բնականոն կյանքին, բայց, բարեբախտաբար, դրա կարիքը չեղավ...

Գագիկ Հարությունյանը ոչ միայն վավերագրել է փաստերը, այլև հղկել փաստն այնքան (մի կադրը նորից ու նորից մշակելով, կոնցեպտուալ փոփոխելով, շրջելով վերևն ու ներքևը), որ այն դառնա ոչ թե «մերկ» փաստ, այլ փաստի մասին մտորում:

«Գարուն» ամսագրում, օրինակ, Գագիկ Հարությունյանը ֆոտոն դարձրեց տեքստի լիիրավ մաս. ոչ թե իլյուստրացիա, այլ՝ միտք:

«Ինձ համար կարևորն այն է, որ բան ասվի: Դիտողին բան տա: Եթե արվեստը դիտողին ոչինչ չի տալիս, չի արթնացնում միտքն ու զգացմունքը, այն բան պետք չէ»,-ասում է նա:

Վիգեն Գալստյանի ու Գագիկ Հարությունյանի բանակցությունները տևել են վեց տարի: Սկզբում Գագիկ Հարությունյանը հրաժարվում էր ցուցահանդեսի գաղափարից: Թերևս, վստահ չէր, թե ինչպես կընդունվեն իր աշխատանքները:

«Սկզբից չէի ուզում ցուցահանդես անել, բայց հիմա շատ գոհ եմ: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն էր, քանի որ իմ սերունդը պետք է մի քիչ հեռանար, իսկ եկող սերունդը մի քիչ կրթվեր, բարձրանար»,- ասում է նա:

Կյանքի արագ ռիթմը ինֆորմացիան մշակելու ժամանակ չի թողնում, իմաստը փախչում է, ֆրագմենտացվում, լղոզվում: Կարծես ճիգեր են պետք, սահուն ու անշտապ ըմբոշխնելու աչքի տեսածն ու, առավել ևս, ուրիշի աչքով տեսածը` քոնը դարձնելու համար:

Գագիկ Հարությունյանը ժամանակի արագ հոսքը շատ հետաքրքիր է մեկնաբանում: Ցուցահանդեսի օրերին նստելով նկարիչների միության հարակից սրճարանում, նա շփվում էր այցելուների հետ՝ որպես դիտորդ:

«Այնուամենայնիվ, կյանքը գնում է... Այն չի փոխվում, միգուցե մե՛նք ենք փոխվում: Երբեմն զայրանում էի՝ տեսնելով որոշ երիտասարդների պահվածքը: Ճիշտն ասած` հաճախ չէի դուրս գալիս տնից: Բայց ցուցահանդեսից հետո տեսա այնպիսի երիտասարդ դեմքեր, որոնց ժամանակին տեսել էի 1960-ականներին` «ձնհալի» տարիներին: Հավատացեք, նույն դեմքերն են: Կարծես անիվը նորից պտտվել է, ժամանակը հետ է գնացել ու մարդը նորից է ծնվել: Առանձնապես չեմ հավատում ռեինկարնացիայի գաղափարին, բայց կարծես հենց այդ պրոցեսն է տեղի ունեցել»:

Հիմա լուսանկարում են բոլորը, և լուսանկարում են շատ: Ֆոտոների առատությունը, անգամ ռմբակոծությունը (միջազգային ողջ ֆոտոունեցվածքի 10%-ը նկարվել է վերջին տարում) սկսվեց լուսանկարչական սարքերի էժանությունից:

«Այո, լուսանկարչությունը շատ մատչելի է: Եվ նշանակություն չունեն ժամանակները: 1960-ականներին, երբ պատանի էի, լուսանկարելը նույնպես հեշտ ու մատչելի էր: Հիմա պարզապես լուսանկարելը ոչ միայն տարածված է, այլև տարածումն է հեշտ: Այո, նկարները շատ են ու բոլորը նկարում են... Է~, թող նկարեն, կգա մի պահ, երբ կզգան` իրենց աշխատանքների որակը մյուսիններից ավելի բարձր է, թե ցածր: Չափանիշները կառաջանան ավելի ուշ, ինչպես լինում է բոլոր բնագավառներում: Հայաստանում հեղափոխությունից հետո բոլորը առևտրով էին զբաղվում: Հիշում եմ, որ 1990-ականներին տեղի ունեցավ կոշիկի բում՝ բոլորը կոշիկ էին կարում: Հետո սկսվեց ոսկերչության բումը՝ բոլորը երեխաներին ուղարկում էին ոսկերչություն սովորելու: Այսօր էլ, երևի, ֆոտոյի բում է...»,- ասում է Գագիկ Հարությունյանը:

«Անվերնագիր. «Լիճ» շարքից, 1993-94

Լուսանկարչությունը զարմանալի դեր ունի: Այն միշտ հավակնում է լինել օրիգինալի, իրականության արտացոլումը, բայց միևնույն ժամանակ երբեք չի ընկալվում որպես լիիրավ ու օրիգինալ իրականություն:

«Այրվող սայլ». «Ղարաբաղ» շարքից, 1992-95

Այդ դերի ընդլայնմանը մեծապես նպաստել է Գագիկ Հարությունյանը, որի մշակված, մի քանի ֆիլտրերով անցած պատկերները դառնում են ժամանակի ստվերը: Ստվեր, որն ավելի հետաքրքիր է, երբ ստվերի միջոցով փորձում ես կռահել օրիգինալը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?