Լրագրողները կոչ են անում փոխել Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը

29.02.2012, Նյուսրում

«Առավոտ» օրաթերթում հրապարակվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված 23 լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների նամակը: Հայաստանի գրեթե ամբողջ մեդիա դաշտը ներկայացնող խմբագիրներն ու լրագրողները կոչ են անում փոխել իրենց գործընկեր Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը:

Կարճ նամակում ասվում է. «Մեր գործընկեր Տիգրան Հակոբյանը գտնվում է անազատության մեջ` նրա դեմ մեղադրանք է առաջադրված: Չքննարկելով այդ մեղադրանքի էությունը` Ձեր ուշադրությունն ենք դարձնում, որ Տիգրան Հակոբյանը մեր լրատվական դաշտի աչքի ընկնող դեմքերից մեկն է` ղեկավարել է «Ռեսպուբլիկա Արմենիի» և «Հայք» թերթերը, Հեռուստառադիոպետկոմը և «Արմենպրես» գործակալությունը: Տեղեկացնենք, որ նա առողջական խնդիրներ ունի` մասնավորապես երկու անգամ սրտի վիրահատություն է տարել, և այժմ էլ նրա առողջական վիճակը մտահոգիչ է: Վստահ ենք նաև, որ նա, ազատության մեջ գտնվելով, որևէ մտադրություն, ինչպես նաև հնարավորություն չի ունենա ազդելու քննության ընթացքի վրա: Այդ ամենը հաշվի առնելով` կոչ ենք անում Ձեզ փոխել նրա խափանման միջոցը` այն փոխարինելով հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ»:

Հատկանշական է, որ նամակի ներքո կողք կողքի քաղաքական տարբեր հայացքներ ներկայացնող «Հայկական Ժամանակ»-ի եւ «Հայոց Աշխարհի» խմբագիրների ստորագրություններն են: Լրագրողական համերաշխության այս ակցիային միացել են նաեւ հեռուստաըկերությունների ղեկավարներ եւ խմբագիրներ:

Տիգրան Հակոբյանին կալանքից ազատելու համար ստորագրած լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ցանկում են «Առավոտ»-ը, «Ժամանակ»-ը, «Հայկական ժամանակ»-ը, «Չորրորդ ինքնիշխանություն»-ը, «Հայոց Աշխարհ»-ը, «Ազգ»-ը,     «Հրապարակ»-ը, «Հետք»-ը, «168 Ժամ»-ը, «Երկիր մեդիա»-ն, «Ա1+»-ը, «Արմնյուզ»-ը, «TV մոլ»-ը, «Շանթ»-ը, «հ2»-ը, «Կենտրոն»-ը, «Լրագիր»-ը, «mardik.am»-ը, «Դե ֆակտո»-ն, «Armtoday»-ը, Ինտերնյուսը, Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?