Տեղեկատվության ազատություն. ինչու՞ փոխել աշխատող օրենքը

18.04.2017, Նյուսրում

Լրագրող

Արդարադատության նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծ է մշակել և այն ներկայացրել հանրային քննարկման:

Նախագծի հեղինակներն ասում են, որ օրենքը հնացել է: Տեղեկատվություն ստանալու համար օրենքն ակտիվ կիրառող հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքով՝ այն ընդհանրապես պետք չէ փոխել:

««Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականին: Նոր տեխնոլոգիաներ են եկել դաշտ»,- ասում է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Որպես նոր օրենքի կարևոր լուծումներից մեկը, Քրմոյանը նշում է էլեկտրոնային հարցումների միասնական ռեեստրը․ «Շատերը չգիտեն, թե որ մարմին դիմեն որեւէ կոնկրետ հարցով: Չկողմնորոշվելու դեպքում այդ հարթակը հնարավորություն է տալիս հարցումն ուղարկել ռեեստր, եւ օպերատորը կորոշի, թե դա որ կառույցի իրավասության հարց է, հարցումը վերահասցեագրելով դրա իրական հասցեատիրոջը»:

Մեկ այլ փոփոխություն էլ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին կից «տեղեկատվության ազատությանը վերաբերող հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքները» քննող Խորհրդի ստեղծում է:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) նախագահ Լիանա Դոյդոյանը կարծում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունները որևէ բարեփոխման հիմք չեն, քանի որ մշակվել են առանց հանրային լայն մասնակցության, «փակ պատերի ետևում»։

Նա պատմեց, որ մոտ մեկ տարի առաջ մասնակցել է մեկ քննարկման՝ հայեցակարգի շուրջ, և որ այսօրվա նախագիծը հիմնովին տարբերվում է այդ հայեցակարգից, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը հանդես էր եկել առաջարկություններով։

Հրապարակված նախագծում Դոյդոյանը խնդիրներ է տեսնում։ Տեղեկատվության ազատության անկախ մարմնի՝ նախագծով սահմանված լիազորություններով ստեղծումը Լիանա Դոյդոյանը ոչ բավարար է համարում։ Հայեցակարգում, որ մշակվել էր քաղհասարակության հետ համատեղ, նախատեսված է եղել, որ հանձնակատարի ինստիտուտը որոշումներ կայացնելու իրավունք և լիազորություն, պետական կամ հանրային մարմնին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու իրավունք ունենա։ Նոր օրենքի նախագածի համաձայն՝ խորհուրդը չունի նման լիազորություն:

Կառավարությունը երկու ամիս ժամանակ ունի՝ նախագիծը հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու համար:

«Ուզում ենք կոնսենսուսային օրենք լինի, որպեսզի ՀԿ-ների բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ներառենք»,- ասում է Սուրեն Քրմոյանը:

«Հոդված 3» ակումբ այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի համակարգող Լևոն Բարսեղյանը պատմեց, որ իրենք տեղեկատվության ազատության հարցերով ավելի քան 70 դատական գործ են ունեցել: Նրա կարծիքով գործող օրենքը հնարավորություն տալիս է պաշտպանել տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Բարսեղյանը չի ողջունում ՄԻՊ-ին կից ևս մեկ կառույց ստեղծելու միտքը։

«Էս խորհրդի գաղափարը աշխարհում կա՝ այլ լիազորություններով։ Եթե մեր դեպքում էս գաղափարին տուրք տանք, ձևավորվելու են մարմիններ, թղթաբանությունն է ավելանելու և վերջ։ Շատ տարակուսում եմ, թե խորհրդի ստեղծումը կբերի տեղեկատվության ազատության պաշտպանության։»,- ասում է Բարսեղյանը։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը համաձայն չէ, որ ՄԻՊ-ին կից Խորհուրդ ստեղծելու գաղափարը չի աշխատի․ «Բոլորն ասում են՝ չունենք մարմին, որը կզբաղվի տեղեկատվության ազատության խնդիրներով։ Մենք լուծումներ ենք բերել։ Դուք ասում եք՝ ՄԻՊ-ը մինչ օրս լավ չի աշխատել, ինչու ենք խորհուրդը ստեղծում նրան կից։ Մենք ասում ենք՝ էս մարմնի կարողություններն այդ մասով ուժեղացնենք, անկախությունն ուժեղացնենք»։

Քրմոյանի խոսքով՝ խորհուրդը հնարավորություն պիտի տա չսպասել դատական գործընթացին և տեղեկությունը ստանալ արտադատական կարգով, քանի որ լիազոր մարմնի որոշումները կսթափեցնեն պետական մարմիններին։

Փաստաբան Արտակ Զեյնալյանը մտավախություն հայտնեց, որ օրենքի նախագիծը ԱԺ-ում ամեն մի տարօրինակ փոփոխության կարող են ենթարկել։ Նա առաջարկեց, որպեսզի հասարակական կազմակերպություններն առանձին օրենքի նախագիծ ներկայացնեն նախարարություն։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի ամենաշատը քննարկված նախագծերի եռյակում չկա։ Նախագիծն ունի մոտ 850 դիտում, առաջարկների թիվը 1 է։ 17 անձ կողմ է քվեարկել նախագծին, 9-ը՝ դեմ։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?