Ինչ լուրեր շրջանառվեցին ու հերքվեցին ապրիլի 1-15-ը

16.04.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Ապրիլի սկզբին հայկական մեդիա դաշտում նորից շահարկվեցին ԼԳԲՏ և Ղարաբաղյան հակամարտության թեմաները:  

Փաշինյանը տեղյակ էր

 

ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցերից մեկին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չգիտի ինչու է չեղարկվել ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անցկացումը Հայաստանում: «Չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է չեղարկվել ու երբ էր պլանավորվել այդ միջոցառումը։ Ես խնդրին տեղյակ եմ սոցցանցերում արված 1-2 գրառման շրջանակում ու առավել մանրամասն պատասխան տալ չեմ կարող», - մեջբերում է PanArmenian.net-ը:

«Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը» պետք է անցներ նոյեմբերի 15-18-ը: Մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով կազմակերպիչները ստիպված էին չեղարկել ֆորումը:

Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը առանձին անդրադարձել էր հարցին ԱԺ ամբիոնից՝ ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը և մասնավորապես հայտարարել, որ հանձնարարել է ճշտել, թե ինչ միջոցառում է, ով է կազմակերպել և ինչ նպատակով:

Ասելով, թե այդ միջոցառման մասին բացի ֆեյսբուքյան 1-2 գրառումից այլ տեղեկություն չունի՝ վարչապետը իրականության մի մասն է ներկայացնում:  

Ռուսաստանի դեմ մեղադրանքի հայտարարություն

Ապրիլի 10-ին 7or.am-ը, հղում տալով մամուլի հրապարակումներին, հայտնել էր, որ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպել են «ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով»:

Նյութը վերատպեցին մի շարք այլ կայքեր: Տեղեկությունը հերքեց Անդրանիկ Քոչարյանը, որակելով այն «սուտ» և «անհեթեթ»:

ԼԳԲՏ թեմայի անվերջանալի շահարկումները

Ապրիլի 5-ին ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթին հաջորդեցին մի շարք կեղծ լուրեր: Օրինակ, հայտարարվեց, որ ամռանը Հայաստանում անց է կացվելու գեյ-շքերթ:

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը Media.am-ի հետ զրույցում տեղեկությունը անվանեց «սուտ», նշելով, որ պարբերաբար արվող նմանատիպ հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն:  

HYNEWS2 սունկ կայքն էլ 20 կեղծ կամ կիսաճշմարիտ հրապարակումներ արեց, որոնցից մեկում, օրինակ, կար պնդում, որ Երևանում «աղջիկ ներկայացող տղային դաժան ծեծի են ենթարկում հենց փողոցի մեջտեղում»: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը:

Հակոբյանն ու Ալիևան միասին չեն եղել ինքնաթիռում

Ապրիլի 1-ին Վահագն Աղաբեկյան անունով ֆեյսբուքյան օգտատերը գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջին տիկնայք Աննա Հակոբայնը և Մեհրիբան Ալիևան «իրար կողք նստած են թռնում` 9.5 ժամ» Փարիզից Նյու Յորք:

Աղաբեկյանը նշել է, որ իր փեսան նկարել է հանդիպումը, ինքն էլ հորդորել է փեսային իջնելուն պես հրապարակել նկարը: Մեկ այլ մեկնաբանությունում, սակայն, նա նշել է, որ ինքնաթիռում ինտերնետ կա, մեկ ուրիշում էլ՝ որ անվտանգության աշխատակիցները փեսային կարգադրել են ջնջել նկարը:  

Տեղեկությունը հերքել է Աննա Հակոբյանի խոսնակը, նշելով, որ Հակոբյանը Փարիզով չի մեկնել ԱՄՆ:  

Կոչ-հորդոր

Ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացավ՝ տեսնելով գետնին ընկած դրոշը: «Ով որ այս սենյակում աշխատել ա, ոչ ոք չաշխատի», - ասաց Փաշինյանը: Մաքսատան աշխատակցին դիմելով, նա հավելեց. «[...] դիմում կգրես կգնաս ստեղից»:

Արձագանքելով միջադեպի մասին հարցերին, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն ասաց, թե վարչապետը ոչ թե աշխատանքից ազատել է, այլ դուրս գալու «կոչ-հորդոր» է արել, և աշխատակիցը կարող էր չհետևել այդ հորդորին:

Սակայն Փաշինյանն իր կտրուկ արձագանքը հորդոր չի համարում: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է. «Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ», փաստորեն, որակելով իր գործողությունը որպես աշխատանքից ազատում:  

Fip.am-ը ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունը և պարզել, որ մաքսատան աշխատակցին ազատելը դուրս է Փաշինյանի լիազորությունների շրջանակից, և այս քայլով նա օրենք է խախտում:

Կեղծ «մեղադրանք» պատվաստումների դեմ տեղեկատվական արշավի վերաբերյալ հոդվածից հետո

Media.am-ում Պատվաստումների դեմ թեժ պայքարում թիրախավորվում են մայրիկների ֆեյսբուքյան խմբերը հոդվածից հետո Ֆեյսբուքում գրառում կատարեց այդ խմբի ակտիվ մասնակիցներից Մարինա Խաչատրյանը։

«․․․կայքը բազմիցս գումարներ է ստացել Սորոսի հիմնադրամից, իսկ 2018 թվականին ստացել է շուրջ 42.000 $։ Հետևաբար այն սորոսական է և կատարում է սորոսենց պատվերները»,- գրել է Ֆեյսբուքի օգտատերը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) գործադիր տնօրեն Նունե  Սարգսյանը նույն գրառման տակ պարզաբանել է, որ ՄՆԿ-ն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից վերջին անգամ ֆինանսավորում ստացել է 2008 թվականին, ոչ թե 2018-ին։ «Դրանից հետո կայքը, այսինքն՝ կազմակերպությունը հիմնադրամի հետ չի համագործակցել։ Սակայն դա այդքան էլ կարևոր չի այս դեպքում. «սորոսական» բառը մեզ համար չունի Ձեր գրառման մեջ եղած բացասական բովանդակությունը։ Կայքի ֆինանսավորման աղբյուրները նշված են media.am էջում, դրանք բաց են և միշտ թափանցիկ, ինչպես և մեր գործունեությունը»,- գրել է Նունե Սարգսյանը։

Այս մեկնաբանությունից հետո էլ Մարինա Խաչատրյանը չի խմբագրել իր՝ ոչ ճիշտ տեղեկություններ պարունակող գրառումը։

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?