2019.01.27,

Ստուգված է

ՄԻԵԴ-ը, Մայրապետյանն ու Փաշինյանը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջով հունվարի 18-ին ուղիղ հեռարձակմամբ զրույց ունեցավ քաղաքացու հետ` կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին: Զրույցի ավարտին նա անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը` Սամվել Մայրապետյանի գործով:

Հանգամանքները

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվի աշնանը: Շուրջ 3 ամիս անց դատարանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել նրան` չվերադարձնելով անձնագիրը:

Մեղադրյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը` անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ բավարարվել էր հունվարի 8-ին: Սակայն, բուժման նպատակով արտերկիր մեկնելու թույլտվություն չէր տրվել` «նկատի ունենալով այն մեծ հավանականությունը, որ վերջինս կթաքնվի քննությունից», – ասված էր ՀՔԾ-ի պարզաբանման մեջ:  

Այս ընթացքում Մայրապետյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և խնդրել ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Ի՞նչ ասաց ՄԻԵԴ-ը

Հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն որոշում կայացրեց բավարարել Ս. Մայրապետյանի գործով միջնորդությունը միջանկյալ միջոց (որոշումը ՄԻԵԴ-ը կայացնում է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, երբ կան անդառնալի վնասի վերահաս ռիսկեր) ձեռնարկելու վերաբերյալ` «ՀՀ կառավարությունից պահանջելով անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը»:

Հունվարի 25-ին նախաքննական մարմինը Մայրապետյանին թույլատրել է մեկնել արտերկիր: Պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող էր հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:

Թվերը

Այս որոշումը դարձավ քննարկման նյութ: Խնդրին անդրադարձավ նաև վարչապետը` ասելով. «Ես չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն անել, ընդամենը վիճակագրություն ասեմ» (այս թեմայի մասին տեսանյութի 31:38 րոպեից):

Վարչապետ Փաշինյանը բերում է «իրավական, կայացած», «մարդու իրավունքերի պաշտպանության առումով ամենաբարձր համարվող» մի քանի երկրի նկատմամբ ՄԻԵԴ-ի նույն կետով կայացրած որոշման թվեր, որոնք, ըստ էության, ճիշտ են:

ՄԻԵԴ-ի հրապարակած վիճակագրությունը փաստում է, որ, այո, նման որոշում կայացվել է.

Ավստրիայի նկատմամբ`
2016 – 7
2017 – 4
Նիդերլանդների նկատմամբ`
2015 – 3
2016 – 4
2017 – 3
Շվեյցարիայի նկատմամբ`
2015 – 3
2016 – 6
2017 – 4
Ֆրանսիայի նկատմամբ`
2015 – 35
2016 – 10
2017 – 6

Փաստաթղթում չկան 2015 թվականի վճակագրությունը, որը, սակայն, հասանելի է Google Cache-ում պահպանված տվյալներում:

«Սրանք ուղղակի դատական վեճեր են: Այն քաղաքական, դարակազմիկ եզրակացությունները, որ դրանց հետ կապված արվում են, ուղղակի ծիծաղելի են: Դա, հերթական անգամ, ինչքան էլ ոմանց դուր չգա, սովորական մանիպուլյացիա է, և ոմանք, տիրապետելով ինչ-որ լրատվական ռեսուրսների, պարզապես օգտվում են դրանից` մեծադղիրդ բառեր և նախադասություններ արտասանելով, որպեսզի ինչ-որ տպավորություններ ստեղծեն», – ասում է Փաշինյանը:

Իրավիճակի մասին առավել խորքային և բազմակողմանի պատկերացում ունենալու համար եկեք ուշադրություն դարձնենք նույն այս վիճակագրությունում ներկայացված այլ տվյալների և տեսնենք, թե ինչ տպավորություն են դրանք ստեղծում:

Հայաստանից 2016-2018 թվականների ընթացքում ՄԻԵԴ միջանկյալ միջոց ձեռնարկելու համար ներկայացվել է 579 հայտ, որից 562-ը մերժվել է, 12-ը համարվել է իրավասության շրջանակից դուրս, բավարարվել է` 5-ը: Ավելի պարզ՝ ՄԻԵԴ-ը Մայրապետյանի ներկայացրած հիմքով նմանատիպ 579 հայտից միայն 5-ն է բավարարել։

Նիկոլ Փաշինյանը իրական վիճակագրություն է ներկայացրել: Մինևնույն ժամանակ վարչապետը խոսել է այլ երկրների նկատմամբ ՄԻԵԴ-ի կայացրած «ճիշտ նույն որոշում»-ներից, բայց իրավիճակի մասին մասնակի է պատմել,  չի խոսել այն փաստի մասին, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից ներկայացված հայտերի միայն գրեթե 0.9%-ի դեպքում է ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում կայացրել: Այսինքն ավելի քիչ, քան 100-ից մեկ դեպքում։ Սա փաստարկ է, որ Մայրապետյանի գործն իսկապես խնդրահարույց էր և ոչ թե «ուղղակի դատական վեճեր»:

Ի դեպ, 2016-2018 թվականների Հայաստանը ՄԻԵԴ 4-րդ ամենաշատ հայտ ներկայացրած երկիրն է Թուրքիայից (922), Մեծ Բրիտանիայից (606), Ռուսաստանի Դաշնությունից (592) հետո:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *