2020.08.13,

Ստուգված է

Ընթերցող գրավող վերնագրեր. shamshyan.com

Երբեմն վերնագրից է կախված նյութը կդիտվի ու կտարածվի, թե՞  կկորչի լրատվական հոսքի արագության մեջ։ Բայց ընթեցողի ուշադրության համար այս մրցավազքում կարևոր է, որ լրատվամիջոցը չչարաշահի մարդու հույզերն ու զգացմունքները։ 

Shamshyan.com-ի վերնագրերում  նման օրինակների հաճախ ենք հանդիպում։

Շամշյանի աղբյուրների տիպերը

Շարքի նախորդ նյութում անդրադարձել ենք ըստ similarweb.com-ի, հայկական լրատվականների մեջ ամենամեծ այցելություններն ունեցող News.am-ին, այսօր կխոսենք դիտելությամբ երրորդ տեղում գտնվող shamshyan.com կայքի մասին։

Shamshyan.com-ի աղբյուրները 

Մեր դիտարկած երեք oրվա ընթացքում (հուլիսի 22,23,24)  shamshyan.com կայքում հրապարակվել են  199 սեփական արտադրության, 44 տեղական, 30 միջազգային լրատվամիջոցներից վերցրած նյութեր։  10 նյութի աղբյուր հնարավոր չեղավ պարզել։ 

Սեփական նյութերի թվում ներառել ենք նաև 29-ը սոցցանցային գրառումները և  121 պաշտոնական հաղորդագրությունները, որոնցում մեծ տեղ են զբաղեցնում ոստիկանության հայտարարությունները։

Գագիկ Շամշյանի աղբյուրները

Գագիկ Շամշյան կայքի աղբյուրները

Պատահարը՝ լուր

Պատահարներ, ավտովթարներ, ողբերգական դեպքեր․ սա  է  shamshyan.com-ի հիմնական բովանդակությունը։ Կայքն առանձնանում է նրանով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «դեպքի վայրից» տեղեկություններ է հաղորդում։ Նրա ռեպորտաժները սովորաբար ուղեկցվում են  լուսանկարներով և տեսանյութով։  

Այս կայքի վերնագրերը  երկար են, պատկերավոր և հաճախ ներկայացնում են նյութի ողջ բովանդակությունը։ Վերնագիրը բացելուց հետո  քիչ նոր բան ենք կարդում։

«Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 35-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում․ կան վիրավորներ․ ժամանել են Աշտարակի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ» օրինակում վերնագիրն արդեն իսկ բովանդակություն է։ 

Shamshyan.com կայքի վերնագրերն առավել քան էմոցիոնալ են․ «ողբերգական», «զարհուրելի», «դժբախտ» և նմանատիպ այլ բառերով միանգամից գրավում են ընթերցողի ուշադրությունը։ 

Այս միտումը, ըստ մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի ամենուր է․ «Ամենապահանջված և դիտելության բարձր մակարդակ ունեցող նյութերն առնչվում են ողբերգություններին, մահվանը, սկանդալներին, հրդեհներին, ջրհեղեղներին, փլուզումներին, վթարներին, կորուստներին, անոմալ երևույթներին, և եթե փորձենք մեղադրել նրանց (կայքերին), կպնդեն, որ նմանատիպ ինֆորմացիան ամենալավն է սպառվում, իսկ եթե կա պահանջարկ, պետք է լինի նաև առաջարկ։ 

Հենց սա էլ ապահովում է կայքի բարձր դիտելիությունը։

Որպիսի հասկանանք՝ ինչպիսի ազդեցություն ունի «ողբերգական» բառը դիտելիության վրա, համեմատենք երկու նմանատիպ նյութերը։

«Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է էլեկտրասյանը, կինը հիվանդանոցում մահացել է, բժիշկները պայքարում են ամուսնու և աղջնակի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ» այս նյութը ունի 112 հազար 336 դիտում, իսկ օրինակ այս նյութը՝ Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են կանչով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ  ունի 40 հազար 528 դիտում։ 

Շամշյանի կայքն ու աղբյուրները

Առաջին վերնագրում միայն «ողբերգական» բառը չէ, որ մղում է  ընթերցողին բացել նյութը, այստեղ խաղարկվում է նաև ընտանիքի գաղափարը։ Հայկական մտածողության մեջ ընտանիքը բարձր արժեք է և, եթե խոսքը ընտանիքի մասին է, ապա էմոցիոնալ ազդեցությունն ավելի ուժեղանում է, ինչպես օրինակ այս վերնագրում Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում 3 Mercedes-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ։

Shamshyan.com -ի վերնագրերի մյուս առանձնահատկությունը դրանցում առկա մանրամասն նկարագրություններն են։ 

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 60 մետր հեռավորության վրա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Նկարագրություն-վերնագիրը ամբողջությամբ  փոխանցում է տեղի ունեցածի սարսափելի ու զարհուրելի լինելը, և սա այնքան է ազդում մարդու հետաքրքրության վրա, որ նա  ցանկանում է սեփական աչքերով տեսնել դեպքը՝  հատկապես, որ վերնագրում  մեծատառերով գրված են «ֆոտոռեպորտաժ», «տեսանյութ» բառերը։

Եթե նյութում զոհի մասին տեղեկատվություն կա, կայքը անպայման նշում է, սակայն երբ չկան տուժածներ կամ զոհեր, վերնագրում չի շեշտվում։ Ասվածը երևում է այս օրինակում՝ Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարծիքը որպես լրագրություն

Սոցցանցերը յուրաքանչյուր մարդու հնարավորություն են տալիս արտահայտել սեփական կարծիքը և հանրայնացնել այն։ Լրատվամիջոցներն էլ հաճախ կարծիքները տեղափոխում են լրահոս և շեշտադրում դրանք վերնագրերում։

Երբ նյութի վերնագիրը միակողմանի է, չունի առաջարկվող այլընտրանք, ընթերցողի կարծիքի վրա ազդեցությունը ավելի մեծ է։ 

«ԿԳՄՍՆ-ում տանուլ են տալիս և մսխում մեր սահմանապահ զինվորների հաղթանակը. Գարիկ Ուրումյան»․ բերված վերնագրում   խոսվում է ընթերցողի համար  զգայուն թեմայից՝  զինվորներից։ Օգտագործվում են «տանուլ տալ», «մսխել» մեղադրողական արտահայտությունները։ Ասվածը ճշմարտություն չէ, բայց վերնագրի ազդեցությունն այնքան մեծ է, որ հանրության կողմից կարող է ընկալվել որպես եղելություն։

«Հռոմի պապը Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս, իսկ մեր «նեոլուսավորիչ» իշխանությունը համարում է, որ նա չպետք է ներառվի «Հայ գրականության» մեջ. Վլ. Մարտիրոսյան» օրինակում կրկին կարծիքն է թելադրում նյութի բովանդակությունը։

Կարծիք վերնագրերը երբեմն պարունակում են  հարցեր, որակավորումներ, դրանք կարող են անհասկանալի կամ դժվարըմբռնելի լինել, ինչպես այս օրինակում՝ «Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը, և բոլոր այն «հայերը», ովքեր ևս պայքարում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ, սատարում են թուրքերին. Մենուա Հարությունյան»։ Իհարկե որպես արդարացում լրատվամիջոցը կարող է ասել, որ վերնագրում բերված խոսքը իրենց հեղինակածը չէ, բայց չմոռանանք, որ լրատվամիջոցն ինքն է ընտրում՝ ինչ վերնագիր տալ նյութին, և խոսքի որ մասը ներկայացնել։

Երբ վերնագիրը հեռու է բովանդակությունից

Shamshyan.com կայքում հանդիպում ենք վերնագրերի, որոնք ոչ թե օգնում են ընթերցողին հասկանալ նյութի ասելիքը, այլ ավելի են խճճում, և ընթերցողը հասկանալու համար՝ ինչ է ակնարկում վերնագիրը, անցնում է հղումով։

Ալիև գյադա, այ ոչխար, հայերիցը հեռու մնա. Հիտլերը` Ալիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ վերնագիրը հակասական մտքեր է առաջացնում լսարանի մոտ։ Ինչպե՞ս կարող էր Հիտլերը ինչ-որ բան ասել Ալիևին։ Նյութը բացելուց հետո պարզ է դառնում, որ ասվածը հումորային տեսանյութի մասին է, որտեղ Հիտլերի ձայնի փոխարեն այլ ձայն է՝ այլ տեքստով։ Բայց վերնագրից ոչ մի կերպ չենք կարող կռահել, որ նյութը հումորային է։

Վերնագրի և նկարի համադրությունը ևս կարևոր է, քանի որ դրանք լրացնում են միմյանց։ Բայց կայքում նկատել ենք վերնագրի և նկարի այնպիսի համադրություն, որը շփոթեցնում է լսարանին։ Պատմությունը՝ փաստերով վերնագրին կցված է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ 

Վերնագիրը կարդալիս թվում է, թե Սերժ Սարգսյանի մասին տեղեկություն է ներկայացվում` նոր  փաստերով։ Նյութը բացելուց հետո պարզվում է, որ նյութը ԼՂՀ-ի մասին Սերժ Սարգսյանի 1993թ․-ին տված հարցազրույցին և վերահրապարակված է Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքից։

Shamshyan.com կայքում վերնագրերը աչքի են ընկնում իրենց երկարությամբ՝ երբեմն երեք և ավելի տող են գրավում։ Սակայն կայքի ֆեյսբուքյան էջում վերնագիրը հաճախ ամբողջությամբ չի երևում։

Այս միջոցը ևս «օգնում է» դիտելիությանը, նշում է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը. «Առհասարակ կիսատությունը լրացում է պահանջում։ Եթե վերնագիրը կիսատ է մնում այնտեղ, որտեղ ամենակարևորն է, ապա հետաքրքրասիրությունը ենթագիտակցորեն ստիպելու է բացել այն և կարդալ մինչև վերջ։ Սակայն մի կարևոր խնդիր էլ կա․ այսօր, լինեն դրանք Շամշյանի հրապարակումները, թե այլ նյութեր, սպառողի մի ստվար զանգված կարդում է միայն վերնագիրը և դրա տակ եղած մեկնաբանությունները։ Թերևս սա էլ այն պատճառներց մեկն է, որ հեղինակը զարկ է տալիս երկար և բովանդակային վերնագրերին»։

Մետաքսյա Մաթևոսյան,
հարցազրույցը` Գայանե Պողոսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *