Անվճար բուժօգնություն իշեմիկ կաթվածով հիվանդների համար
1
Ի՞նչ է պատահել։
2019թ․ փետրվարի 1-ից գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների (ինսուլտ) թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունները դարձել են անվճար։
2
Բուժօգնությունը բոլո՞ր դեպքերում է անվճար։
Անվճար է, եթե քաղաքացու մոտ ախտորոշվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված», գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, և եթե քաղաքացին չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ:
3
Ինչպե՞ս է տեղեկացվում քաղաքացին բուժօգնությունն անվճար է, թե ոչ։
Դա նշվում է իրազեկման թերթիկում, որը ներառում է տեղեկություն անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների, առողջական վիճակի և հնարավոր բարդությունների մասին:
Իրազեկման թերթիկը տրամադրում է Կաթվածի համապարփակ կենտրոնը՝ զննում իրականացնելուց հետո:
Իրազեկման թերթիկը ստորագրելուց հետո անհապաղ սկսվում են բուժական միջամտությունները:
4
Քանի՞ կաթվածի համապարփակ կենտրոն կա։
Դրանք երկուսն են ` Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցը և «Էրեբունի» բժշկական կենտրոնը։
5
Տարեկան քանի՞ քաղաքացու է հնարավոր անվճար ծառայություններ մատուցել և ինչքա՞ն գումար է նախատեսված այդ նպատակով։
Շուրջ 250 քաղաքացու է հնարավոր անվճար ծառայություններ մատուցել, ինչի համար նախատեսված է տարեկան 400 մլն դրամ։
6
Եթե պացիենտը անվճար է բուժում ստանում, հնարավո՞ր է, որ նրանից գումար պահանջեն և ո՞ր դեպքերում։
Եթե քաղաքացին ընդգրկվում է ծրագրում, ապա բոլոր հետազոտությունները և բուժական միջոցառումները` թրոմբոլիտիկ բուժումը և մեխանիկական թրոմբէկտոմիան անվճար են:
7
Ի՞նչ է մտնում անվճար բուժօգնության մեջ։
Անվճար բուժօգնության մեջ մտնում է․
- հիվանդին հիվանդասենյակով ապահովելը,
- մասնագիտացված խորհրդատվությունները,
- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները,
- վիրահատական և ֆիքսող միջոցները,
- բուժական միջամտությունները,
- դեղերով ապահովումը,
- թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապևտիկ բուժումը,
- հիվանդի խնամքի ապահովումը՝ միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից:
8
Հիվանդանոցից դուրս գրվելուց պացիենտը վճարո՞ւմ է հետագա հետազոտությունների համար, թե՞ ոչ։
Հետվիրահատական շրջանի որոշ ծառայություններ անվճար են:
Հետվիրահատական վերահսկումը անցկացնում է Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանը, որը մեկական անվճար զննում է անում պացիենտի դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:
Հսկողությունը ընդգրկում է.
- կլինիկական զննում
- մի շարք հետազոտություններ
- դեղորայքային բուժման շտկում
- ըստ ցուցումների՝ լոգոպեդի, վերականգնողական մասնագետի խորհրդատվություն
- ամբուլատոր բուժում