Հանքերի իրական սեփականատերերի մասին տվյալները հասանելի կլինեն

12.04.2017, Նյուսրում

Լրագրող

Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտների ներդրումը կօգնի հասանելի դարձնել հանքարդյունաբերության ոլորտի տվյալները: ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայումս անդամակցում են 50-ից ավելի երկրներ: 2017 թվականի մարտից  Հայաստանը ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր է:

Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը կառավարելու և վերահսկելու համար գործում է կառավարության անդամներից, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված խումբ: Նպատակը հանքարդյունաբերության ոլորտի տվյալները հնարավորինս բաց ու մատչելի դարձնելն է:

Հայաստանը պարտավորվել է 1.5 տարվա ընթացքում հրապարակել առաջին ԱՃԹՆ-ի զեկույցը: Այն կներառի ամբողջական տվյալներ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի մասին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ-ի փորձագետ Լուսինե Թովմասյանի խոսքերով, նախատեսվում է ստեղծել կայք, որտեղ կլինեն արդյունահանմանը վերաբերող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը: Իսկ մինչ այդ նշված տեղեկությունները տեղադրվում են կառավարության կայքի հատուկ ենթաբաժնում:

«Կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ գործընթացի ամեն մի փաստաթուղթը պետք է հրապարակային լինի: Առայժմ այդ հարթակը կառավարության կայքն է: Հուսով ենք, որ առանձին կայքը կունենանք այս տարվա ընթացքում»,- ասում է Լուսինե Թովմասյանը:

«Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանն ասում է, որ պետության հետ  հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների պայմանագրերը հասանելի չեն հանրությանը, այդ թվում՝ լրագրողներին:

«Առևտրային գաղտնիք անվան տակ դրանք մշտապես գաղտնի են պահվում: Չնայած՝ ընդերքը պետությանն է պատկանում, և նրա որևէ տեսակի շահագործում պետք է թափանցիկ  լինի հանրության համար»,- ասում է հետաքննող լրագրողը:

Ըստ Քրիստինեի, հասանելի չէ նաև բաժնետերերի մասին տեղեկությունը, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր կարող է ենթադրել:

«Սովորաբար, մեծ հանքարդյունաբերողների հետևում օֆշորային ընկերություններ են, որոնց հետևում էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց դիրքն ու լիազորություններն օգտագործելով հեշտությամբ են հանքարդյունաբերության և փորձաքննության լիցենզիաներ ստանում: Ընդերք օգտագործողները պետք է գաղտնազերծված լինեն: Այսինքն՝ վերջնական բաժնետերը պետք է հայտնի լինի»,- ասում է լրագրողը:

Քրիստինե Աղալարյան դժվարանում է ասել, թե ինչքանով իրավիճակը կփոխի ԱՃԹՆ-ի ներդրումը. «Նույն կերպ Հայաստանում շատ լավ օրենքներ կան, որոնք ուղղակի չեն գործում»: Ըստ լրագրողի վտանգ կա, որ ԱՃԹՆ-ն կլինի հերթական չգործող բարեփոխումը և «ոչ մի մեխանիզմ չկա, որ դրանք չկատարելու համար պատասխանատվություն կիրառվի»:

ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը կառավարելու և վերահսկելու համար ստեղծված խմբում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ բնապահպան իրավաբան Արթուր Գրիգորյանի կարծիքով հանքարդյունաբերությունը Հայաստանում այդքան էլ թափանցիկ չէ, քանի որ ոլորտում ներգրավված ընկերությունները օֆշորներում են գրանցված, իսկ դրանց տվյալները փակ են. «Ֆորմալ առումով Ազգային վիճակագրական ծառայությունում թվերը հրապարակվում են, հաշվետվությունները, եթե հարցում անես, կարող ես ստանալ, բայց թե իրականում դրանք ինչքանով են համապատասխանում իրական թվերին՝ դա արդեն այլ հարց է: ԱՃԹՆ-ն պետք է աշխատի իրական պատկերը վեր հանելու ուղղությամբ, որպեսզի թաքցնելու որևէ հնարավորություն չլինի»:

Խումբն ունի 3 տարվա աշխատանքային ծրագիր, որի խնդիրներից մեկն էլ իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումն է. «պարտադրվելու է, որպեսզի ընկերությունները հրապարակեն բաժնետոմս ունեցող անձանց տվյալները, բայց դեռ չենք որոշել, թե առնվազն քանի տոկոս բաժնետոմս ունեցողներինը»,- ասում է Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով, ոլորտով հետաքրքրվողները հնարավորություն կունենան մեկ կայքից ստանալ ամբողջական տեղեկատվությունը և ստիպված չեն լինի դրանք փնտրել տարբեր կայքերում. «Հիմա, եթե ես փորձեմ ստանալ ինչ-որ տեղեկություն, պետք է դիմեմ նախարարություն, ստանամ պատասխան, այն բավարար չլինելու դեպքում դիմեմ դատարան: Ինֆորմացիան ցրված է և տեղադրված տարբեր կայքերում: ԱՃԹՆ-ի կայքն ունենալու դեպքում այդ ամենը դուրս է գալիս»:

ԱՃԹՆ-ի ներդրման առաջին փուլում բացվելու են  Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության մասին տվյալները:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?