2012.03.01,

Քննադատ

Շարունակելի

Մեզանում գնալով ավելի ու ավելի են ծավալվում ու տարածվում  թերթերի մոտալուտ մահվան մասին խոսակցությունները: Ասվում ու խոսվում է, որ շատ շուտով մեր թերթերը վերջնականապես ու ամբողջովին իրենց տեղը զիջելու են լրատվական կայքերին: Ամենատարօրինակն այն է, որ նման խոսակցություններն ամենից ավելի տարածում ունեն թերթերի խմբագրություններում ու լրագրողների միջավայրում: 

Չնայած ինքս երբեւէ ակտիվ լրագրող չեմ եղել, այդուհանդերձ, գրեթե իմ  ողջ գիտակցական կյանքում ակտիվորեն մասնակցել եմ մեր օրաթերթերից ու շաբաթաթերթերից մի քանիսի կայացմանը, եւ, բնականաբար, այս տիպի եզրակացություններն ու գուշակություններն ականջիս հաճելի չեն: Բայց եթե խոսակցություններն արդեն սկսվել ու տարածվում են, կնշանակի` էդպիսի խոսակցությունների համար ռեալ պատճառներ ու հիմքեր կան:

Այսուհանդերձ, այսօրինակ թերթային խուճապը պիտի որ Հայաստանում այսքան վաղաժամ չծավալվեր, թեկուզեւ այն պատճառով, որ Հայաստանի բնակչության զգալի մասը տանը համակարգիչ չունի եւ դեռեւս ստիպված է թերթ առնել. ովքեր էլ որ թերթ առնելու հնարավորություն չունեն, էստեղից ու էնտեղից ճարում ու կարդում են: Ինչ վերաբերում է թերթերի տպաքանակի կտրուկ նվազմանը, դրա պատճառը, մեր համեստ կարծիքով, բնակչության անվճարունակությունն է, ինչպես նաեւ լրագրային հետաքրքիր հրապարակումների սակավությունը:

Իսկ լրագրային հետաքրքիր հրապարակումների սակավության պատճառն էլ, կարծում ենք, լրագրողների ստեղծագործական  պրպտումների պակասն է, ավելի ճիշտ` դրանց բացակայությունը:                       

Ինչքան էլ դժգոհենք մեր հեռուստատեսության մակարդակից, փաստը մնում է փաստ, որ լրատվության ասպարեզում մեր թերթերը բավական հետ են մնում մեր հեռուստաընկերություններից, մինչդեռ կայքերը լրատվության հրատապության առումով միանգամայն ի վիճակի են  հեռուստատեսության հետ ոտք գցել:

Այս իրավիճակում ի՞նչ է մնում անել թերթերի լրագրողներին: Նրանք պետք է նախապատվությունը տան վերլուծական նյութերին. այսինքն` պետք է իրականացնեն այն առավելությունը, որ ունի թերթը հեռուստացույցի ու կայքերի հանդեպ: Այսինքն` պիտի ավելի  ստեղծագործաբար մոտենան իրենց աշխատանքին. ճիշտ այնպես, ինչպես անում էին անկախության առաջին սերնդի լրագրողները: Հայաստանը նոր էր անկախացել, թերթերն ազատվել էին գրաքննությունից, եւ լրագրողներն ագահաբար վրա էին տվել ազատ  խոսքին:

Ճիշտն ասած, մտածում էի անուն առ անուն հիշել նրանց, բայց երբ սկսեցի մեկ առ մեկ անունները գրել, կեսից հասկացա, որ հարյուրից  ավելի են: Եվ կեսից դադարեցրի, որովհետեւ իրավունք չունեի որեւէ մեկին մոռանալ, իսկ եթե բոլորին մեկ առ մեկ թվարկեի, նյութս չափից  ավելի կերկարեր: Առանց այդ էլ երկարեց: Մի խոսքով, էդ հարյուրից ավելի ջահելները, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին քսանից երեսուն տարեկան էին, դրեցին մեր ազատ ու անկախ մամուլի  հիմքերը: Այսօր նրանք քառասունի ու հիսունի շեմին են, բայց էլի իրենց ուսերին են կրում լրագրության բնագավառի գրեթե ողջ ծանրությունը: 

Թերթային լրագրության ասպարեզում նոր երիտասարդներ հայտնվել են, ճիշտ է, բայց դեռեւս իրենց էական խոսքը չեն ասել, որովհետեւ դեռեւս ավագների հովանու տակ են աշխատում ու ստեղծագործում: Եթե նոր սերնդի ջահելներն իրենց թերթերը չբացեն, Հայաստանում թերթային լրագրությունն իսկապես կվերանա: Բայց դա ընդամենը ժամանակավոր մահ կլինի, որովհետեւ կյանքն արդեն ցույց է տվել, որ զրոյից էլ կարելի է սկսել` այնպես, ինչպես, իննսուննականների ջահելներն սկսեցին համարյա զրոյից, եւ եթե իրենց թիվը հարյուրից անց է, խորհրդային յոթանասուն տարիների հայ լրագրությունից գոնե տասը օրինակելի անուն դժվարանում եմ հիշել: 

Այսինքն` ամեն ինչ առջեւում  է:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *