2020.04.09,

Նյուսրում

Covid19-ի պատճառով լրատվամիջոցները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կորոնավիրոսի հետևանքով ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն լրատվամիջոցները: Գովազդային բազմաթիվ գրավոր և բանավոր պայմանավորվածություններ արտակարգ դրություն հայտարարելուց հետո խզվել են ու կասեցվել:

Ընդ որում, եթե ռեստորանային բիզնեսի դեպքում արձագանքը հասկանալի է, որովհետև, եթե չկա գործունեություն, ապա գովազդ ունենալն իմաստ չի ունենում, ապա մնացած բիզնեսներում անորոշությունն ազդել է ընկերության գովազդային քաղաքականության վրա: 

Կազմակերպությունները կրճատել են գովազդային բյուջեն կամ նոր վերաբաշխում են արել հարթակների միջև:

Թվային գովազդի մասնագետ, «Caramel» ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանն ասում է, որ ընկերությունների մեծ մասը կտրուկ կասեցրել է իր գովազդային բյուջեն, որոշներն էլ սկսել են նոր բյուջեներով այլ հարթակների հետ աշխատել:

«Տենդենցը դեպի անկում է գնում, և սա դեռ միայն սկիզբն է: Դաշտում ակտիվությունը պահպանում են առցանց խանութները և առցանց ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունները: Ֆեյսբուքում գովազդի գինն էլ սկսել է էժանանալ»,-ասում է Սուլթանյանը:

Ըստ նրա, շատ ընկերությունների համար հիմա գովազդ ունենալն ուղղակի արդարացված չէ, խոսքը տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների և սպասարկման այլ ոլորտների մասին է:  

Ցանկացած ճգնաժամի ժամանակ ինտերնետ գովազդը կարողանում է օգուտներով աշխատել«Եթե ընկերությունները այլ հարթակների դեպքում խնայում են գովազդի գումարը, ապա քանի որ ինտերնետ գովազդը համեմատար էժան է, ընկերությունն իր ներկայությունը փոքր գումարներով պահում է ցանցում»։

Լրատվական կայքերում գովազդների մի զգալի մասը դեռ կա, բայց, ըստ մասնագետի, ապրիլի համար կայքերում էլ անկումներ կնկատվեն ոչ միայն բաներային գովազդները նկատելիորեն կպակասեն, այլև ընկերության մասին նորություններն ու PR-ի մաս համարվող այլ տեղեկությունները:

«Սկիզբ Մեդիա»-ի (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանն ասում է, որ մարտ ամսին կորցրել են երկու խոշոր գովազդատուների, սակայն ապրիլի համար ավելի բարդ զարգացումների են սպասում:

«Մարտին կազմակերպություններից մեկը իր գովազդը կասեցրել է 10 օրով, դեռ պարզ չէ հետագայում ինչպես ենք աշխատելու, երբ ենք վերսկսելու: Ապրիլին հնարավոր է այլ ընկերություններ կասեցնեն լրատվականի հետ իրենց գովազդը»,- ասում է նա։

Լրատվամիջոցում կրճատումներ չեն եղել, որևէ ծրագրի կամ դրամաշնորհի չեն դիմել, սպասում են, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու ապրիլի 12-ից հետո:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն ասում է, որ բոլոր հեռուստաընկերությունները ֆինանսական տարբեր խնդիրներ են ունենում այս օրերին:

«Վերգետնյա հեռարձակողները դիմել են կառավարությանը, որպեսզի Կապի և տրանսպորտի նախարարության հետ քննարկեն և ժամանակավորապես կասեցնեն կամ հետաձգեն հեռարձակման վճարները, որն ամսվա համար մի քանի միլիոն դրամի է հասնում»,-ասում է նա:

Հեռուստատեսային ոլորտում, ըստ Մանուկյանի, ընդհանրապես գովազդները քչացել են, իսկ Կորոնավիրուսի հետ կապված հիմա ավելի է վատթարացել իրավիճակը։ Չնայած ֆինանսական խնդիրներին «Երկիր մեդիա»-ն ամբողջությամբ վճարել է աշխատավարձերը այն դեպքում, երբ աշխատողների մեծ մասն աշխատանքի չի գնում և տնից է աշխատում:

Նա ասում է, որ, եթե կառավարությունը օժանդակություն առաջարկի լրատվամիջոցներին, իրենք այն կընդունեն․«Մենք հիմա դարձել ենք Կառավարության և Պարետատան մի օղակը, հեռարձակում ենք մամուլի ասուլիսները, իրենց պատրաստած տեսանյութերը և այլն: Փոխվել է ամբողջ եթերային ցանցը: Եվ ստեղծված իրավիճակում հասկանալի կլինի պետական աջակցությունը՝ մեր աշխատանքների բնականոն շարունակման համար»:

Կառավարության աջակցության ծրագրերից մեկին է դիմելու «Առավոտ» օրաթերթը՝ աշխատավարձերի վճարման բեռը թեթևացնելու համար: Տնօրեն Գարիկ Մելքոնյանը պատմում է, որ թերթն աշխատում է վնասներով և փնտրում գովազդի պետական և մասնավոր աջակցության տարբերակներ:

Նրա խոսքով, թերթի վաճառքը մի քանի անգամ ընկել է, գովազդային պայմանավորվածություններն անորոշ ժամանակով սառեցվել են. «Մենք հիմնականում թերթի վաճառքով և գովազդով ենք պահում կայքը: Որևէ կրճատում չենք արել, քանի որ «Առավոտ»-ը մեծ ընտանիք է, որի անդամները իրենց աշխատանքից գոյացած գումարով մի փոքրիկ ընտանիք են պահում»։

Թերթի վաճառքն, ըստ նրա, հիմա 4-րդական պլանում է, սակայն չեն դադարեցրել տպագրությունը, բանակցում են նոր գովազդատուների հետ:

«Մենք պարապուրդի չենք մատնվել և ամբողջ աշխատակազմով աշխատել ենք: Տարբեր ֆինանսական պարտավորություններ են առաջացել, որոնք դեռ չենք վճարել: Հիմա տպագրատան հետ քննարկում ենք վճարումը  մի փոքր ուշացնելու հարցը»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների խոսքով, ապրիլին շատ գովազդներ են կորցնելու, սակայն թվերով կարող են խոսել միայն ամիսն ամփոփելուց հետո: Նրանք հույս ունեն, որ արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո գովազդային հին գործընկերներից շատերը նորից կատիվանան ու կսկեն աշխատել իրենց հետ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *