2020.04.18,

Նյուսրում

Բռնության կոչը դառնում է քրեորեն պատժելի հանցանք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ապրիլի 15-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը:

Քրեական օրենսգիրքը լրացվում է 226.2-րդ հոդվածով, որով պատասխանատվություն է նախատեսվում բռնության կոչերի համար:

Քրեորեն կպատժվեն անձանց կամ խմբերի նկատմամբ բռնություն գործադրելու հանրային կոչեր անողները, որոնք պայմանավորված կլինեն.

  • սեռով,
  • ռասայով,
  • մաշկի գույնով,
  • էթնիկական կամ սոցիալական ծագումով,
  • գենետիկական հատկանիշներով,
  • լեզվով,
  • կրոնով,
  • աշխարհայացքով,
  • քաղաքական կամ այլ հայացքներով,
  • ազգային փոքրամասնությանը պատկանելիությամբ,
  • գույքային վիճակով,
  • ծնունդով,
  • հաշմանդամությամբ,
  • տարիքով,
  • սոցիալական կամ անձնական այլ բնութագրումներով:

Պատժամիջոցներ են սահմանվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: Որպես պատժամիջոց կարող են կիրառվել տուգանք՝ 50 կամ 100 հազար դրամի չափով, կալանք՝ մինչև երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:

Բռնության կոչերը քրեականացնող օրենքն ավելի խիստ է պաշտոնատար անձանց նկատմամբ, նրանք կարող են զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Հանցակազմի առկայությունը դատարանը որոշելու է՝ դիտարկելով կոչի դիտավորության հիմքը, լսարանի ծավալը, որին հասել է այդ բռնության կոչը և հեղինակի ազդեցիկության չափը:

Որքան հեղինակավոր է բռնության կոչ անողն ու որքան մեծ է նրան արձագանքող լսարանն, այնքան մեծ է հավանակությունը, որ արարքը կարող է հրահրել բռնություն և մեծացնել դրա հանրային վտանգավորությունը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԱԺ-ում ասաց.

«Արդյո՞ք բոլոր ատելության կոչերն են պախարակելի և դատապարտելի: Այո, իհարկե: Արդյո՞ք, բոլոր այդ կոչերը կլինեն քրեորեն պատժելի հենց այս հոդվածի ներքո: Ոչ: Այս հոդվածի ներքո քրեորեն պատժելի կլինեն միայն այն կոչերը, որոնք ուղղված են անձի կամ անձանց խմբերին՝ նշված հատկանիշներով»:

Ըստ Մարիա Կարապետյանի, օրենքում շարադրված են հատկանիշներ, որոնք «իրական կամ երևակայված խոցելության առիթ են հանդիսանում».

«Կան հատկանիշներ, որոնք օբյեկտիվորեն մարդուն դարձնում են խոցելի: Օրինակ, աղքատությունը: Եվ կան հատկանիշներ, որոնք իդեալական աշխարհում այդպիսին չէին հանդիսանա, բայց ցավալիորեն այդպես են ընկալվում»:

Օրենքը կիրառելիս պիտի հաշվի առնել՝ արդյոք բռնություն հրահրելը կատարվել է դիտավորությամբ, թե անզգուշությամբ։

Դիտավորության գործոնը

Հասկանալի է, որ օրենքը ենթադրում է զգուշավոր ու նրբանկատ կիրառում: Ի վերջո, դատական համակարգի ներկայացուցիչներն իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ատելության հիմքով հանցագործություն, քանի որ չկա «ատելության խոսքի» հստակ սահմանում:

Դատավորը՝ քննելիս այս հոդվածով ենթադրյալ հանցագործությունը, պիտի առաջնային համարի հարցը՝ արդյո՞ք բռնության կոչը հնչել է այնպիսի հիմքով, որը կարող է հանրության կամ հանրության մի մասի մոտ առաջացնել ցանկություն գործադրել բռություն:

«Փինք» իրավապաշտպանական ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը վստահ է, որ Հայաստանում վաղուց պետք է կարգավորվեին բռնության կոչերը, քանի որ նման ելույթներն ու գրառումները օր օրի ավելանում են ինչպես քաղաքացիների, այնպես էլ պաշտոնյաների շրջանում և մեդիայում:

Նա ասում է, որ մենք չունենք ո՛չ խտրականությունն արգելող համապարփակ օրենք, ո՛չ ատելության խոսքի սահմանում, ո՛չ պաշտպանական մեխանիզմներ վտանգի ենթարկվող անձանց համար.

«Իրավապահ մարմինները և դատական համակարգը առանձապես ջանք չեն գործադրում նման վերաբերմունքի արժանացող քաղաքացիների կամ իրավաբանական անձանց պատշպանության եզրեր գտնելու համար՝ սահմանելով նախադեպեր, հղում տալով միջազգային փաստաթղթերին և ՄԻԵԴ որոշումներին։ Տեղի է ունենում լրիվ հակառակը. այս ամենն արդարացվում և լեգիտիմացվում է հենց այս կառույցների կողմից՝ «խոսքի ազատության», «հանցակազմ չլինելու» և իրենց կողմնակալ վերաբերմունքի ներքո»։

Արդյո՞ք այս օրենքը պաշտպանելու է բռնության կոչերից ամենաշատ տուժած խմբերին։ Մամիկոն Հովսեփյանի կարծիքով՝ ոչ:

«Այո, վաղուց կային խտրականության արգելքի համար սահմանված հիմքեր, սակայն դրանք լիարժեք չեն և չեն պաշտպանում հասարակության մի շարք խմբերի։ Իսկ հիմքերում նշված «սոցիալական բնույթի այլ հանգամանքները» թողնում են գործը քննող մարմնի մեկնաբանության հույսին, իսկ այդ հույսը անհույս է: Եվ Հայաստանը կշարունի բազում դեպքեր պարտվել Եվրադատարանում՝ նույնիսկ քրեական օրենսգրքի այսպիսի թարմ «թխած» լրացումից հետո»,- կարծում է նա։

Ողջամտության գործոնը

Քրեական գործեր հարուցելու դեպքում պետք է հաշվի նստել նաև հանրային արձագանքի հետ: Այս օրենքը պահանջում է համատեքստի ուսումնասիրություն՝ ցանկացած կոնկրետ բռնության կոչի դեպքում:

Հնարավոր է, որ բռնության կոչերը հասարակությունը ընդունի չեզոք և չտրվի բուռն արձագանքելու ցանկությանը՝ առանց իր մեջ արթնացնելու բռնություն գործադրելու ցանկություն: Եվ ամեն բռնության կոչ չէ, որ արվում է ատելության շարժառիթով: Կամ հակառակը՝ ընկալվում է որպես ատելության խոսքի ծայրահեղ դրսևորում:

Այստեղ առաջանում է հարց՝ ինչպե՞ս է մեկնաբանվելու օրենքը և արդյո՞ք կլինեն փորձագետներ, որոնք ունակ են վերլուծել արձագանքներն ու լայն մոնիթորինգ անել: Այդ թվում նաև՝ դատարանի պատվերով, դառնալով եզրակացություն անող աներկբա ընդունելի աղբյուր:

Այս հարցին պատասխանում է Մարիա Կարապետյանը.

«Օրենքի կիրառումը չպետք է պայմանավորվի նրանով, թե ինչ իրական արձագանք կտա լսարանը կոնկրետ բռնության կոչին, բռնության արդարացմանը կամ բռնության քարոզին։ Այսինքն, սա հետևանք չպահանջող հանցակազմ է։ Մասնագիտական լեզվով սա կոչվում է «ձևական հանցակազմ»:

Նա նշում է այսպիսի օրինակ.

«Եթե իքս անձը կոչ անի բռնություն կիրառել բոլոր իգրեկ հատկանիշը ունեցող (կամ ենթադրաբար ունեցող) անձանց նկատմամբ, անհրաժեշտ չի լինի, որ լսարանը իրականում ալեկոծվի և բռնություն կիրառելու իր մտադրությունը հայտնի կամ կիրառի։ Բավական կլինի, որ լսարանի նման արձագանքը համարվի ողջամտորեն հնարավոր»:

Եվ հիշեցնում է այն դեպքի մասին, երբ ֆեյսբուքյան օգտատերը գրառում էր արել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի սպանության կապակցությամբ։

Այս տեղեկատվությունը արագ և լայնորեն տարածվեց իրանական լրատվամիջոցներում։ Եվ Մարիա Կարապետյանի կարծիքով՝ անհրաժեշտություն չկար մոնիթորինգ անելու՝ պարզելու համար, թե արդյոք իրանցիների մոտ առաջանում է թշնամանք կամ ատելություն Իրանի հայ համայնքի կամ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ.

«Բավական եղավ այն դատողությունը, որ նման թշնամանք կամ ատելություն ողջամտորեն կարող է առաջանալ: Այսինքն, գործը քննող մարմինը և դատավորը պետք է ուսումնասիրեն, թե արդյո՞ք բռնության կոչը, բռնության արդարացումը տվյալ հանրության համատեքստում ողջամտորեն կարող են հանգեցնել իրական բռնության: Կա՞ր նպաստավոր համատեքստ այդ խոսքը «գործ» դարձնելու համար»:

Մարիա Կարապետյանի կարծիքով՝ միգուցե անհրաժեշտություն լինի մոնիթորինգի կամ էքսպերտային կարծիքի.

«Բայց ոչ թե իրական հետևանքը քննելու, այլ արդեն իսկ գոյություն ունեցող սոցիալական, մշակութային և պատմական համատեքստը վերլուծելու համար»:

Քանի որ այս օրենքը դեռ նոր է դրվելու շրջանառության մեջ և վստահաբար բազմաթիվ տարընթերցումների դաշտ է բացելու, ծագում է նաև հարց, թե ինչպե՞ս են արձագանքելու իրավապաշտպանները, երբ հերթը հասնի արդեն կոնկրետ դատական հայցերի:

Մամիկոն Հովսեփյանին, օրինակ, մտահոգում է, որ օրինագիծը չքննարկվեց քաղաքացիական հասարակության հետ.

«Չքննարկվեց, չնայած կառավարությունը կարող է ասել, որ այն տեղադրված է եղել e-draft-ում և բոլորս հնարավորություն ենք ունեցել անելու առաջարկություններ, սակայն դա չի կարող լիարժեք ապահովել հանրային քննարկման գաղափարը։ Ինչպես նաև սովորության համաձայն՝ այդ կայքում հազվադեպ են արվում թարմացումներ՝ նախագծի նախնական տարբերակի փոփոխություններից հետո»։

Ի դեպ, երբ օրենքը սկսի գործել, հաշվի չեն առնվի նախկինում արված հրապարակումները, ելույթները, կոչերը: Մարիա Կարապետյանն ասում է.

«Այս օրենքը հետադարձ ուժ չի ունենա և կգործի միայն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած արարքների նկատմամբ։ Սա սահմանդրական սկզբունք է․անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չեն կարող ունենալ»:

Հատուկ նշվում է նաև, որ օրենքը չի տարածվի գեղարվեստական և գիտական ստեղծագործությունների վրա, որտեղ կան բռնության կոչեր հիշեցնող արտահայտություններ և մտքեր: Մշակութային և գիտական նշանակության աշխատանքներին այս օրենքը չի դիպչի:

Իսկ ինչպես գիտենք, սոցիալական մեդիան, օրինակ, նաև ստեղծագործելու դաշտ է:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *