Համերաշխություն. Լրագրողն ազատ արձակվեց լրագրողների միջնորդությամբ

01.03.2012, Նյուսրում

ՀՀ Գլխավոր դատախազության որոշմամբ՝ Տիգրան Հակոբյանը ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս որոշմանը նպաստել է նաեւ 24 մեդիաների եւ մեդիա կազմակերպությունների նամակը, որով նրանք գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կոչ են արել փոխել իրենց գործընկեր Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը:
Մեդիա խմբագիրներն ու լրագրողները նամակով դատախազի ուշադրությունն են հրավիրել Տիգրան Հակոբյանի առողջական վիճակի վրա:

«Տիգրան Հակոբյանը մեր լրատվական դաշտի աչքի ընկնող դեմքերից մեկն է` ղեկավարել է «Ռեսպուբլիկա Արմենիի» և «Հայք» թերթերը, Հեռուստառադիոպետկոմը և «Արմենպրես» գործակալությունը: Տեղեկացնենք, որ նա առողջական խնդիրներ ունի` մասնավորապես երկու անգամ սրտի վիրահատություն է տարել, և այժմ էլ նրա առողջական վիճակը մտահոգիչ է: Վստահ ենք նաև, որ նա, ազատության մեջ գտնվելով, որևէ մտադրություն, ինչպես նաև հնարավորություն չի ունենա ազդելու քննության ընթացքի վրա»,- գրված է նամակում:

Նամակը ստորագրել էին քաղաքական տարբեր հայացքներ ներկայացնող մեդիաներ: Լրագրողական համերաշխության այս ակցիային միացել էին նաեւ հեռուստաընկերությունների ղեկավարներն ու խմբագիրները:

«Մի տեսակ անսպասելի դրական բան էր մեդիաների համախմբվածությունը: Նամակի տակ այն մարդիկ են ստորագրել, որոնք լրատվական դաշտում լրիվ հակառակ դիրքերում են գտնվում: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ բան մեր լրատվական դաշտում փոխվում է դեպի դրականը»,- ասում է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:

«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը բարձր է գնահատում մեդիաների համերաշխության արտահայտումը:

«Գնահատելի է, որ, անկախ քաղաքական հայացքներից եւ լրատվամիջոցի ուղղվածությունից, գործընկերոջ պաշտպանության հարցում բոլորը միասնական դուրս եկան: Ենթադրում եմ՝ այն, որ գլխավոր խմբագիրները երաշխավորել էին, որ Տիգրանը կներկայանա նախաքննական մարմնի առաջին իսկ կանչով, իր դերը կատարել է»,- ասում է նա:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գտնում է, որ մեդիաների նման համախմբվածությունը նախ եւ առաջ պայմանավորված էր Տիգրան Հակոբյանի անձով:
«Մեդիաների առջեւ այդպիսի ծառայություն ունեցող մարդն արժանի էր, որ մեր մեդիաները միջնորդեին նրա խափանման միջոցը փոխելու համար: Դիմումի տակ ստորագրել են բացարձակապես տարբեր ուղղությունների եւ տարբեր հայացքների լրատվամիջոցներ, որովհետեւ Տիգրանի անձը հարգանք է ներշնչում բոլոր ուղղությունների լրատվամիջոցների ղեկավարների մոտ»,- ասում է նա:

Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?