2020.03.06,

Քննադատ

Լրագրության անցյալից. ՀՀՇ-ի գիծը, պահպանակ խոսափողին, սկանդալ սասունցիների հետ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Մի անգամ ինչ-որ առիթով «Հայքի» գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանը բացակայելու էր և հարկադրված էր թերթի հերթական համարը վստահել մեզ:

Սամվելը նուրբ հումոր ուներ, որը փորձում էր զուգակցել պահանջկոտության հետ, ու հավանաբար սրա արդյունքն էր, որ յուրաքանչյուրիս առանձին-առանձին ասում էր՝ դու ես խմբագրի տեղակալը… Ու ինչ-որ պահի պարզվեց, որ «Հայքում» միանգամից 4-5 տեղակալ կա:

Այդ անգամ, այնուամենայնիվ, հստակեցրեց՝ թերթը իր բացակայությամբ կստորագրի խմբագրի տեղակալ Վահրամ Մարտիրոսյանը: Գնալուց առաջ ընդամենը մի պայման դրեց՝ տպագրեք ինչ ուզում եք, բայց գիծը կպահեք…

«Ի՞նչ գիծ»,- հետաքրքրվեց ու հարցական նշանի նմանվեց Վահրամը: «Դե, ՀՀՇ-ի, էլի»,- ժպտաց Սամվելը:

Թե ինչպես պահեցինք ՀՀՇ-ի գիծը այդ համարում՝ իսկապես շատ հուզիչ էր. առաջինից մինչև 8-րդ էջ վեց պունկտանոց մի գիծ էր ձգվում, և ամեն էջի գծի տակ ստորագրված էր. «Գիծը՝ Սամվել Գևորգյանի»: Անշեղ ու աներեր այդ գիծը անցնում էր բոլոր հոդվածների միջով, կիսում էր նկարները, չխնայելով նաև Բուդդայի պատկերը, որը նյութերից մեկի իլյուստրացիան էր…

Չափազանց շատ էին խմբագրություն այցելող քաղաքացիները, ՀՀՇ-ի առաջնորդներին երկրպագողները: Գալիս էին ամենաաներևակայելի հարցերով, խելահեղ առաջարկներով, հիմնականում՝ աջակցություն հայցելու:

Ընդ որում, ավելի շատ էին ՀՀՇ վարչությունից ակնկալիքներ ունեցողները, որոնց վարչության անդամները նույնպես ուղղորդում էին խմբագրություն: Չդիմանալով այդ անմարդկային ճնշումներին, մի օր «Հայքի» խմբագիր Սամվել Գևորգյանը իր անզուսպ վրդովմունքն արտահայտեց, դիմելով այդ ժամանակ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանին. «Ի՞նչ եք ուզում ինձանից… էս ՀՀՇ-ի գիժ կնանիք ու դուք»:

ՀՀ նախագահի 1991թ. ընտրություններից հետո խմբագրությունում խոսում էինք, թե ով ում օգտին է քվեարկել:

Ենթադրություններ ու կատակներ եղան, ապա՝ խոստովանություններ, և ինչ-որ մեկը քրքջալով հարցրեց. «Ոչ մեկդ, այսինքն, Լևոնի օգտին չե՞ք քվեարկել…»: Այդ պահին խմբագրություն մտավ Վանոն, հարցրեց՝ էս ինչի՞ց եք ուրախացել, և լսելով Սամվելի բացատրությունը՝ «Հայքի» ոչ մի աշխատակից, փաստորեն, ՀՀՇ-ի թեկնածուի օգտին չի քվեարկել», ասաց. «Ռազագնած նուժնը էտու ռեդակցիյու»:

«Ի՞նչ կա զարմանալու,- անվրդով շարունակեց Սամվելը,- ՀՀՇ-ն էլ ա ըտենց բազմակուսակցական… Վարչության անդամներից մեկն էլ Աշոտ Նավասարդյանի օգտին ա քվեարկել»:

Թերթի մի համար էլ լույս տեսավ առաջին հայացքից՝ անմեղ, իրականում՝  անպարկեշտ մի լուսանկարով:

«Հայք», 1992թ, նոյեմբերի 21

Կադրում Գերագույն խորհրդի պատգամավոր Արշակ Սադոյանն էր, որը բռնել էր հանրահայտ 2-րդ խոսափողը և ԳԽ նիստում հերթական ելույթն էր ունենում…

Չիմացողների համար անտեսանելի էր՝ տպագրության որակը թույլ չէր տալիս նշմարել, բայց իմացողները գիտեին, որ խոսափողի վրա պահպանակ կա, այդ իսկ պատճառով նրա ձայնը մասամբ վատ էր լսվում, և որքան էլ Արշակը բերանը մոտեցներ խոսափողին՝ նրա կրքոտ ու զայրացայտ խոսքերը վարակիչ լինել չէին կարող…

(Այս չար կատակը մտահղացել էր Վանո Սիրադեղյանը. լուսանկարը տպագրեցի խորհրդարանի հերթական նիստի մասին պատմող ռեպորտաժի հետ, առաջին էջում):

Առհասարակ մեր երևակայությունը և սրամտությունը սահմաններ չէր ճանաչում՝ լուրջ հոդվածների, վերլուծությունների, հարցազրույցների կողքին երբեմն տեղ էին գտնում սատիրայի ու սարկազմի պոռթկումներ:

Դրանցից մեկը, որի հեղինակը ես էի, դարձավ մեծ սկանդալի առիթ և շատ անսպասելի շարունակություն ունեցավ:

«Գործադուլից գործընթաց». այսպես էի վերնագրել մամուլի երևակայական ասուլիսը, որի ընթացքում իբր լրագրողների հարցերին պատասխանում էին կառավարության անդամները:

Դա ասուլիսի պարոդիա էր («Հայք», 27 մարտի, 1991թ.), համեմված սրամտություններով:

Համարձակվել էի կանխամտածված մի վրիպակ և խիստ թունդ մի ձևակերպում թույլ տալ՝ «Սասուն» հայրենակցական միության «Երկիր ավետյաց» հանդեսի երևակայական թղթակիցը հանդես էր գալիս որպես «ԽՄԿԿ ազգային հայրենակցական միության «Երկիր աղետյաց» պարբերականի լրագրող, որին  իբր հետաքրքրվում է մեր պատմական տարածքների ճակատագիրը…

ԽՄԿԿ-ի հետ զուգահեռը բխում էր այն իրողությունից, որ հայրենակցական միությունում քիչ չէին ոչ վաղ անցյալի կարկառուն կոմունիստները, իսկ վ-ն ղ-ով փոխարինել էի ընդամենը հանուն բառախաղի, մանավանդ որ երկիրը իսկապես աղետյալ վիճակում էր…

Ու թեև դա ընդամենը հումոր էր, իմ կարծիքով՝ առանց վիրավորական ենթատեքստի, հակահարվածը չուշացավ:

«Երկիր ավետյացը» իմ այդ սրբապղծությանը պատասխանեց շատ հուժկու, նորահայտ դավաճանին ստորացնելու, ծաղրելու և ոչնչացնելու բացահայտ անողոքությամբ:

Հոդվածը վերնագրված էր «Եվս մի Վասակ»:

Բավական է ասել, որ մեկ տասնյակից ավելի անգամ անունս գրված էր փոքրատառ վ-ով, հոդվածի հեղինակ Ե. Ավետյանը վերջում հռետորական հարց էր տալիս՝ «երբևէ կվերանա՞ն վասակներն ու վասակյանները», ապա հույս հայտնում, որ «մեր խորհրդարանին պիտի լրջորեն անհանգստացնի այս տխուր, պառակտիչ երևույթը»…

Ահա այդպես ես վերածվել էի տխուր, պառակտիչ երևույթի ու  միանգամից դարձել ինձ ճանաչող ու չճանաչող բոլոր սասունցիների և հայրենասիրական ուժերի աչքի գրողը, այդ թվում՝ իմ երբեմնի ընկերների… Ես ապշած էի այդ միահամուռ զայրույթից ու ատելությունից:

Մի խաղաղ երեկո, ավելի ճիշտ՝ կեսգիշերին, մեր տան դուռը բախեց հանրահայտ սասունցի Աֆոն: Նա ապրում էր դիմացի շենքում: Շուտվանից էինք ծանոթ: Ներս հրավիրեցի: Խեթ ու արհամարհական հայացք նետելով՝ առաջացավ, հարցրեց՝ ինչո՞վ կարող եմ հյուրասիրել իրեն: Խմած էր ու նյարդային: Տնական օղի դրեցի, հաց, պանիր, վարունգ…

«Է՞ս է քո հյուրասիրածը»,- դժգոհեց: Ձեռքը տարավ կաշվե բաճկոնի ծոցագրպանը, երկար չարչարվեց, որ հանի գրպանի պարունակությունը, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում… Ի վերջո դանակ պահանջեց:

Խոհանոցի մեծ դանակը տվեցի, մռայլ նայեց ու ասաց. «Քեզ պիտի սպանեմ…»: Ապա հարցրեց. «Քանի՞ երեխա ունես… երեխաներիդ կպահենք, չմտածես…»: Հանեց բաճկոնը և փորձեց դանակով ճղել աստառը: Ինչ-որ գունդ էր գրպանում, մի պահ մտածեցի, որ նռնակ է… «Ափսոս չի՞ կուրտկադ,- հարցրի,- մի ճղիր…»: Բայց չլսեց, աստառը ճղեց, և գրպանից ցած ընկավ թուրքական գարեջրի բանկան: Առժամանակ նստեց, նախատեց ինձ վատ արարքի համար, մինչև որ հոգնեց ու հեռացավ:

Անցավ ժամանակ, և ինձ ասացին, որ այդ հոդվածի հեղինակը ոչ այլ ոք է, քան… Վահագն Դավթյանը: Ես չհավատացի: Մինչև հիմա էլ ուզում եմ չհավատալ: Հետո իմացա նաև, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է եղել, քան Աֆոյի այցը և նռնակ պատկերացրածս գարեջրի բանկան:

Մասնավորապես, որ սասունցի մեր ընկերների վրեժխնդրությունը կանխել են, մի կողմից՝ Վանո Սիրադեղյանը, մյուս կողմից՝ Աղվան Վարդանյանը:

Ես, անկեղծ ասած, ամենավատ երազում անգամ չէի կարող տեսնել, որ իմ կարծիքով՝ անմեղ, շատերի ընկալմամբ՝ չար կատակը կարող էր այդքան կրքեր բորբոքել:

Այս պատմությունն ավարտվեց այսպես. Աղվանը մի օր զանգեց, ասաց, որ տեղ ունենք գնալու: Պայմանավորվեցինք: Նախազգուշացրեց, որ մեզ կմիանան երկու հոգի… «Ո՞վ են»,- հարցրի: «Չես ճանաչի»,- ցրեց:

Միայն վերջին պահին, երբ մեքենայով մոտեցանք նրանց, տեսա, որ մեկը Սիլվա Յուզբաշյանն է, որի հետ, կարելի է ասել, մտերիմ էինք իմ՝ Գրողների միությունում աշխատելու տարիներից և որին այդ տարիներին հաճախ էինք հրավիրում զանազան միջոցառումների, մյուսը՝ Վահագն Դավթյանը, որի հետ, բնականաբար, նույնպես ծանոթ էինք, թեև անձնական շփում չէինք ունեցել:

Ես ընդառաջ գնացի Աղվանի խնդրանք-պայմանին՝ իբր ես ոչ թե Վասակն եմ, այլ, դիցուք՝ Խաչիկը, որին ոչ Սիլվան է ճանաչում, ոչ Վահագնը…

Վահագն Դավթյանին այս խաղը շատ դուր եկավ, քանի որ ձերբազատում էր նրան ու ինձ բոլոր պայմանականություններից ու կաշկանդումներից՝ «անցած լինի» ենթատեքստով:

Գնացինք քաղաքից դուրս, քեֆ արեցինք,  զրուցեցինք ամեն ինչից, բացի իմ պարոդիայից ու դրան ի պատասխան գրված հոդվածից:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *