2020.02.21,

Քննադատ

Լրագրության անցյալից. մեր IBM-286-ը և դվիժոկ ունենալու երազանքը

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Չնայած երկրաշարժի, շրջափակման, գազատարի հաճախակի պայթեցումների հետևանքով խորացող տնտեսական դժվարություններին, թերթերն օրեցօր բարգավաճում էին: Համակարգիչները գալիս էին փոխարինելու գրիչներին, գործածությունից դուրս մղելու ոչ միայն գրամեքենաները, այլև տպարանի հսկայածավալ ու դարն ապրած տեխնիկան:

Ավանդական կուսակցությունները ժամանակակից տեխնիկայով ապահովեցին իրենց պաշտոնաթերթերի և իրենց հովանավորությամբ տպագրվող մյուս թերթերի խմբագրությունները: Հովհարային անջատումներին դիմագրավելու համար ձեռք բերեցին «դվիժոկներ», պահեստավորեցին վառելիք:

Մինչդեռ «Հայքը» շարունակվում էր հրատարակվել առաջվա պես՝ ձեռագիր հոդվածները մեքենագրելու, գրիչով խմբագրելու և սրբագրելու, եթե ուղղումները շատ էին՝ երկրորդ անգամ մեքենագրելու, նյութերը տպարան ուղարկելու, տպարանի տանջալի պրոցեսը հաղթահարելու (նախորդ հոդվածում այս մասին մանրամասն գրել եմ) եղանակով:

Միայն 92-ի կեսերին հաջողվեց ձեռք բերել մի համակարգիչ: Բայց շատ ավելի լավ կլիներ, եթե ձեռք չբերեինք, քանի որ այն, մեղմ ասած, գլխացավանք դարձավ խմբագրության համար:

Դա ընդամենը IBM-286 էր, արդեն հնացած, այդ ժամանակ ամենադանդաղ ու թույլ համակարգիչը, որով պիտի և՛ նյութերը մուտքագրվեին ու խմբագրվեին, և՛ թերթը պիտի էջադրվեր:

Հզորությունը չէր հերիքում, մեր խղճուկ ձեռքբերումը անընդհատ «կախում էր», և մեկ շաբաթը փաստորեն չէր բավականացնում Դավիթ Ներսիսյանին՝ «վարժեցնել» նվիրական այդ համակարգիչը թերթի ութ էջերը ավարտուն տեսքի բերելու համար. հերթական համարը վերջին օրվա լուսադեմին հազիվ էինք հասցնում տպարան:

Վիճակը առավել բարդացավ աշնան ու հատկապես ձմռան ամիսներին, երբ հովհարային անջատումները դարձան առավել հաճախակի:

Տեխնիկայի տունը (հետագայում դարձավ Սիրիայի դեսպանատունը), որը ՀՀՇ վարչության շենքն էր և որտեղ տեղակայված էր նաև «Հայքը», առավել հաճախ հոսանքազրկվող շենքերից էր՝ հանրապետության ղեկավարությունը իրեն երբեք թույլ չտվեց արտոնյալ պայմաններ (այդ օրերի տարեգրությունը «Հայքում» մեկ տարուց ավելի ներկայացնում էի «7 օր, 7 գիշեր» խորագրի ներքո:

Ահա 92-ի հունվարի 22-ից մի պատկեր. «Դիսքավըրի» տիեզերանավը կյանքի նոր պայմաններ հայտնագործելու նպատակով թռավ տիեզերք, իսկ երեկոյան մոմի լույսով տեղի ունեցավ ՀՀՇ վարչության նիստ»): Մոմի լույսով, իհարկե, հնարավոր էր վարչության նիստ անել, կարևորագույն հարցեր քննարկել, բայց, ցավոք, հնարավոր չէր թերթ տպագրել:

«Հայք»-ի արխիվային համարներից

Ի դեպ, Սամվել Գևորգյանի հեռանալուց հետո «Հայքը» առժամանակ մնաց նաև առանց փոխադրամիջոցի: Այսինքն, ի տարբերություն այլ խմբագրությունների, մենք կենտրոնացած էինք ոչ այնքան թերթ տպագրելու, որքան թերթի տպագրությունը չձախողելու վրա:

Սառնամանիքին, սառցակալած մայթերով մեր թանկագին ու անիծված IBM-286-ը՝ համակարգիչը, մոնիտորը, ստեղնաշարը, լարերն ու մկնիկը գուրգուրելով՝ որ չսայթաքենք սառույցի վրա ու ջարդուփշուր չանենք, – տեղից տեղ էինք տանում ամբողջ խմբագրակազմով, հասցնում էինք ինչ-որ մեկի մեքենային, ուղևորվում քաղաքի այն թաղամաս, որտեղ լույս կար և որտեղ ծանոթ-բարեկամներից մեկը կարող էր իր բնակարանի մի սենյակը, գոնե այդ սենյակի մի վարդակը, սեղանն ու մի երկու աթոռը այդ լույս եղած ժամերին տրամադրել մեզ:

Այդպես «Հայքը» դարձել էր շրջիկ խմբագրություն, քանի որ «դվիժոկի» նման ճոխությունը մեզ թույլ տրվեց շա՜տ թախանձագին ու տևական խնդրանքներից հետո: Ընդ որում, դա իր համեստ հզորությամբ՝ որ հանկարծ շատ վառելիք չծախսի,- միանգամայն ներդաշնակ էր մեր ողորմելի համակարգչին:

Ահա այսպիսի սյուրռեալիստական խմբագրություն ունեինք. ամենքիս սերն ու խանդաղատանքը վայելող, բայց դանդաղամիտ ու գրեթե անպիտան համակարգիչ, վառարան, որով տաքանում էինք ու որի վրա հաճախ կարտոֆիլ էինք խորովում,- և մոմի լույս, որին փոխարինելու էր եկել տեխնիկայի վերջին ճիչը՝ մի փոքրիկ ու խեղճ դվիժոկ, որը երբեմն խափանվում էր՝ մեր դժբախտությունը հասցնելով կատարելության:

Մինչդեռ, օրինակ, դաշնակցության «Երկիրը», որի խմբագիրն էր դարձել «Հայքից» վաղուց հեռացած իմ վաղեմի ընկեր Աղվան Վարդանյանը, և որտեղ բախտ ունեցա գտնվել մի քանի անգամ, տասնյակի չափ նորագույն համակարգիչներ ուներ, և շենքում համաչափ ու վստահ հռնդում էր այս ամբողջ տեխնիկան սնուցող հզոր «դվիժոկը», որը անխափան հոսանք և լույս էր ապահովում խմբագրության համար:

«Հայաստանի Հանրապետություն» թերթին նույն այդ հովհարային անջատումների պատճառով ինչ-որ պահի սենյակ տրամադրվեց նախագահականում՝ Բաղրամյան-26-ում:

Անտանելի վիճակից դուրս գալու, ելք գտնելու համար ստիպված էի մի ցուրտ ու գեղեցիկ երեկո, երբ սովորականի պես ՀՀՇ վերնախավը հավաքվել էր վարչության շենքում, ըմբռնում հայցել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից. բացատրեցի, որ թերթի ցանկացած համարի տպագրություն կարող է ձախողվել զուտ տեխնիկական պատճառներով: «Գուցե մի սենյակ էլ մե՞զ տրամադրեք,-ասացի,- լույս չկա, առանց լույսի հնարավոր չէ թերթ տպագրել»:

Իրավիճակը բացատրեցի ոչ այն է՝ ամաչելով, ոչ այն է՝ ցինիզմով: Ինձ այդ պահին հարկավոր էր միայն մի հարց լուծել. ինչ-որ կերպ ապահովել թերթի անխափան աշխատանքը, և բացարձակապես միևնույն էր, թե ինչ կմտածեր նախագահը իմ մասին:

Մի պահ դադար առավ ու հարցրեց. «Իսկ ի՞նչ կասի ժողովուրդը»: «Առանց այդ էլ ինչ ուզում՝ ասում է»,- չուշացավ պատասխանս: Ծանր լռություն տիրեց, որը խախտեց Վանո Սիրադեղյանը: «Ես սենյակ կտամ նախարարությունում»,- ասաց: Եվ ոչ ոք չհարցրեց՝ բա ինչ կասի ժողովուրդը, որովհետև բոլորին հայտնի էր, որ ժողովուրդն առանց այդ էլ ինչ ուզում՝ ասում էր:

Շուտով հարկադրված էի «Հայքը» տեղափոխել ՆԳ նախարարություն՝ խոստացված այդ սենյակը տրվեց խմբագրությունը: Դա ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնի մի փոքրիկ սենյակ էր, որտեղ վերջապես լուծվեց էլեկտրականության և տեխնիկայի հարցը: Թերթը դարձրինք եռօրյա:

Փոխարենն ի հայտ եկան այլ խնդիրներ, որոնք հարուցվում էին ՀՀՇ վարչությունից, կապված արդեն դժվար վաճառվող թերթի ֆինանսավորման հետ՝ աշխատավարձի ուշացումներ, տպարանի պարտքեր, որպես այս ամենի հետևանք՝ թերթի տպագրությունը կասեցնելու նախազգուշացումներ «Պարբերական» հրատարակչությունից…

Այսքանը քիչ է՝ 92-ի նոյեմբերին, մի ձախորդ կիրակի, ինձ զանգահարեց խմբագրության վարորդը և դողացող ձայնով ասաց, որ փողոցից գողացել են խմբագրության մեքենան, որը ձեռք էինք բերել ներքին պայմանավորվածությունների շնորհիվ՝ Վանո Սիրադեղյանն իր «Ժիգուլին» տվել էր այդ ժամանակ թերթի տնօրեն նշանակված Ալբերտ Բաղդասարյանին, Աբոյի «Ժիգուլին» էլ բաժին էր հասել «Հայքին»…

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *