Նեղանալ չկա. «Հիմնաբարություն» հայկական հեռուստաեթերում

11.03.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

2006 թվականից գործում է ՀՀ օրհներգի մասին օրենքը, որի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այն «հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձեւից, ամեն օր`

ա) հեռարձակման սկզբին եւ ավարտին,
բ) ժամը 6.00-ին եւ 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում,
գ) Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո»:

Դե հայկական հեռուստաալիքներն էլ կատարում են օրենքը. ուղիղ կեսգիշերին ընդհատում են հաղորդումներն ու եթեր են հեռարձակում հիմնը։ Որոշ զուսպ հեռուստաալիքներ, ինչպես «Դար 21»-ը, միայն երաժշտությունն են հեռարձակում զինանշանի ու դրոշի պատկերի ուղեկցությամբ, մյուսները տեսահոլովակներ են պատրաստել, որոնցում երգին ուղեկցում են Արարատ լեռան, եկեղեցիների, ձիերի, մոմերի, բերդերի մնացուկների, ամպերի, զինվորների, «եռագույն» երեխաների, այբուբենի, շախմատի, նույնիսկ էլեկտրական հողմաղացների կադրեր։

Տեսահոլովակների մոնտաժը նույնպես կարելի է բաժանել երկու կարգի՝ մի մասում կադրերը հաջորդում, ավելի «կրեատիվներում»՝ լղոզվում են իրար։

Հետաքրքիր է, թե ով է նայում հիմնը հեռուստացույցով եւ ոտքի կանգնում, ինչպես որ ընդունված է։ Ավելի ստույգ. ենթադրենք` մի անգամ բոլորը նայել են, ոտքի են կանգնել, բայց ո՞վ է նայել երկրորդ, երրորդ անգամ… կամ ո՞վ է ի վիճակի նայել ամեն օր։

Չգիտեմ, թե ինչ փաստարկներ են բերվել օրենքի այս կետն անցկացնելու համար, բայց երբ հիմնը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, այն դառնում է հաղորդումներից մեկը, իսկ որեւէ, նույնիսկ լավագույն հաղորդում, չի դիտվում մի քանի անգամից ավելի։ Դա նշանակում է, որ հենց որ օրնհերգը սկսվում է, մարդիկ փոխում են ալիքը, նայում ռուսական կամ այլ օտար հեռուստաալիքներ։

Ուրեմն, ի՞նչ զգացումներ կարող է առաջացնել օրհներգը, որը սկսվելուն պես հեռուստադիտողն աշխատում է չլսել։ Լավագույն դեպքում՝ ձանձրույթ։ Վատագույն դեպքում՝ նյարդայնություն, մանավանդ, որ կեսգիշերին համարյա բոլոր ալիքներով գեղարվեստական ֆիլմ է ցուցադրվում, որն առանց այդ էլ պարբերաբար ընդհատվում է գովազդով։

Առանձին խնդիր է, որ ինչքան շատ ես լսում հիմնը, այնքան արտառոց է թվում, որ մենք ազգովի՝ մեծ ու փոքր, զինվոր ու ակադեմիկոս, ֆուտբոլիստ ու… հանքափոր, երգում ենք աղջկա/կնոջ անունից ասվող բառեր։ Հայտնի է, որ տեքստի փոքր տարբերությամբ «Մեր հայրենիքը» եղել է նաեւ Առաջին Հանրապետության հիմնը։ Իմ խորին հարգանքը դեպի Առաջին եւ Երրորդ հանրապետությունների պետական այրերը (առնվազն՝ նրանց մի մասը), բայց անձամբ ինձ համար դժվար է անկեղծ ապրումներ ունենալ, երբ երգում եմ

Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի (դրոշը)

տողերը։

Չնայած դրան` ես կոչ չեմ անում մրցույթ հայտարարել նոր բառերի կամ հիմնի համար. այն կշահեն իշխանության հովանավորյալները՝ ագահ կամ օտարամոլ մարդիկ, ովքեր տոկոս կպահանջեն հիմնի ամեն մի կատարումից կամ ռուսերեն կգրեն տեքստն ու կուղարկեն Մոսկվա հաստատելու։

Կարծում եմ, որ ելքն այն է, որ հիմնի հանդեպ բացասական զգացումներ չառաջացնելու համար առաջատար հեռուստաընկերությունները պետք է հարցումներ անցկացնեն եւ դրանց արդյունքների հիման վրա փորձեն հանել օրենքի նշված կետը` բացառությամբ վերջին ենթակետի («հեռարձակվում է Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո»):

Դա թույլ կտա խուսափել այսօրվա վիճակից՝ հիմնը առօրեականացնելուց եւ նրա առաջին իսկ հնչյունների հետ ՀՀ հեռուստադիտող բնակչության կողմից հայկական ալիքները զանգվածայնորեն օտարներով փոխելու միջոցով վարկաբեկելուց։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?