Արզաքանցյանը մեկ միլիարդ կպահանջեր «Երկիր»-ից, եթե հնարավոր լիներ

25.03.2011, Նյուսրում

Կայացավ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթ առաջին նախնական դատական նիստը: ՀՀԿ խմբակցության պատգամավորը 3 միլիոն 568 հազար դրամ է պահանջում օրաթերթի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» հոդվածաշարի հրապարակմամբ վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իրեն հասցված վնասի փոխհատուցման համար:

Տիգրան Արզաքանցյանը վիրավորանք է համարում հոդվածում գրված «էդ լակոտը», «ստիլյագ», «առավել հասկանալի խոսում է հայերենի քյավառա բարբառով» արտահայտությունները: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանի խոսքերով՝ «ստիլյագ»-ը վիրավորանք է, քանի որ ժարգոնային արտահայտություն է, թերթը կարող էր դրա հայերեն գրական հոմանիշն օգտագործել իր նյութում, իսկ «առավել հասկանալի խոսում է հայերենի քյավառա բարբառով» արտահայտությամբ օրաթերթը ցանկացել է հայցվորին ներկայացնել որպես հայերենին բավարար չափով չտիրապետող անձ՝ դրանով նսեմացնելով պատգամավորին:

«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանն ասում է, որ «էդ լակոտը» արտահայտությունն արվել է Հրանտ Բագրատյանի կողմից, ինչի հերքումը օրաթերթը հետագայում տպագրել է, երբ հայցվորը գրություն է ներկայացրել Հրանտ Բագրատյանի կողմից, որում նշված է, թե վերջինս այդպիսի բան չի ասել:

«Իսկ «ստիլյագ» Սովետական միության ժամանակ անվանում էին գորշ հասարակությունից տարբերվողներին, բռենդային հագուստ կրողներին, ժարգոնային արտահայտությունը դեռեւս վիրավորանք չէ»,- ասում է նա:

Օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Լիաննա Գրիգորյանը հավելում է, որ բարբառով խոսելը չի կարող վիրավորանք լինել, քանի որ մեզանից յուրաքանչյուրը, որեւէ շրջանից սերելով, ունի իր բարբառն ու ակցենտը, ինչը վիրավորական կամ ամոթալի չէ:

Հայցվորը զրպարտություն է համարում հրապարակման մեջ տեղ գտած «ինքնաթիռով գեղեցկուհիներ է բերում ու տանում», «հայտնի է նաեւ որպես «կազինոների» մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի»,  «ծեծ է կերել», «ամեն անգամ ծեծվելուց հետո», «անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երեւացել Ազգային ժողովի միջանցքներում» արտահայտությունները:

Փաստաբան Լիաննա Գրիգորյանն այսօրվա դատական նիստին  ներկայացրեց հայկական եւ ռուսական տարբեր լրատվամիջոցների տպագրած նյութեր՝ վկայակոչելով դրանք որպես օրաթերթի հրապարակմանը ծառայած տեղեկատվության աղբյուրներ:

Պատասխանողի վրա պարտականություն դրվեց հաջորդ նախնական դատական նիստին հիմնավորել հրապարակման մեջ  «էդ լակոտը» արտահայտության օգտագործման հասարակական շահը, հետարքրքությունն ու անհրաժեշտությունը, եւ ապացուցող փաստեր ներկայացնել այն մասին, որ հայցվորի նշված արտահայտությունները զրպարտություն չեն:

Դատավոր Ռուբեն Ափինյանի` հայցվորի ներկայացուցչին ուղղված հարցին, թե ինչու են օրաթերթից մաքսիմալ չափով փոխհատուցում պահանջում, Վահե Հովսեփյանը պատասխանեց.

«Եթե Քաղաքացիական օրենսգրքով  նախատեսված լիներ մեկ միլիարդ, մենք մեկ միլիարդ կպահանջեինք. խոսքը ԱԺ պատգամավորի մասին է, թույլատրելի չէ նման արտահայտություներ ԱԺ պատգամավորի հասցեին»:

Դատական նիստի ավարտին Բագրատ Եսայանը հայտարարեց, որ վստահ է իրենց արդարության մեջ, բայց վստահ չէ հաղթանակի մեջ, պատճառաբանելով, որ մեր երկրում դրանք տարբեր բաներ են:

Անցած 3 ամսվա ընթացքում լրատվամիջոցների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով 6 հայց է ուղարկվել դատարաններ: Լրատվամիջոցի  եւ լրագրողի դեմ ամենաթարմ դատական հայցը Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Report.am կայքէջ եւ լրագրող Էդիկ Անդրեասյան հայցն է: ՍԻՄ նախագահը, որպես վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի փոխհատուցում, պահանջում է հերքում եւ հրապարակային ներողություն, ինչպես նաեւ երկու միլիոնական դրամ լրատվամիջոցից եւ հոդվածագրից:

Փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ պատգամավորներից յուրաքանչյուրի օգտին բռնագանձելով 2 միլիոն 44.000 դրամ:

Մարտի 2-ին լրագրողական մի քանի ազդեցիկ կազմակերպություններ հայտարարություն տարածեցին, որով կոչ էին անում Ազգային ժողովին՝ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, դատարաններին` «տուրք չտալ ազդեցիկ հայցվորների անսանձ հավակնություններին եւ անհագուրդ ախորժակին, ավելի շատ կիրառել օրենսդրությամբ նախատեսված` պատասխանի եւ հերքման հնարավորությունը», լրատվամիջոցներին՝ «զարգացնել ինքնակարգավորման եւ հասարակության առջեւ հաշվետվողականության մեխանիզմները»:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?