Գոնե այս ընտրարշավի ժամանակ հեռուստաբանավեճեր լինեն

08.04.2013, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Անցած նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակաշրջանում այդպես էլ չկայացած բանավեճերի վերաբերյալ իմ «Մենախոսությամբ բանավեճ չի ստացվի» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էի այդպիսիք չկազմակերպելուն եւ նշել էի. «Ինձ ավելի շատ մտահոգում է  ԶԼՄ-ների պահվածքը այս պարագայում: Մանավանդ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերությունները, որ ամենից ազդեցիկն են, այդպես էլ բանավիճային հաղորդումներ չնախաձեռնեցին կամ, եթե նախաձեռնեցին էլ, չկարողացան թեկնածուներին բերել դեմ առ դեմ զրույցի»:

Երեւի լրացուցիչ պարզաբանման կարիք չկա, թե ինչու նորից հիշեցի սա, եւ ինչու եմ կրկին անդրադառնում այս թեմային. սկսվում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանը, եւ համենայն դեպս մայրաքաղաքի բնակչության համար կարեւոր է, թե նախընտրական ցուցակների առաջին համարները, որ քաղաքապետի հավանական թեկնածուներն են, ինչ են մտածում Երեւանի բազմաթիվ ու բազմազան պրոբլեմների եւ դրանց լուծման մասին:

Ընդ որում՝ կարծում եմ, ընտրողների մի ստվար զանգված անպայման կցանկանար ոչ թե նախընտրական հանդիպումների ժամանակ լսել մենախոսող թեկնածուների վերամբարձ խոստումները, այլ կոնկրետ առաջարկներ ու կոնկրետ խնդիրների (որոնք մայրաքաղաքում շատ են) լուծումների մասին կոնկրետ պատկերացումներ: Իսկ նման առաջարկներ, այդ առաջարկների քննարկումներ, դրանց ընդդիմացում եւ այլընտրանքի առաջադրում, տողերիս հեղինակի կարծիքով, կարող են լինել միայն բանավեճերի ժամանակ:

Եվ եթե նախագահական ընտրություններում, ոնց էլ անես, այդ վերացական ու վերամբարձ լոզունգները, մեկ է, շատ են լինում եւ բանավեճի (եթե այդպիսիք կայանան էլ) առարկայական կողմը կարող է խամրել, ապա Երեւանի խնդիրները շատ կոնկրետ են, եւ էստեղ վերացական բանավեճը կամ ճոռոմ լոզունգները չեն փրկի: Հետեւաբար, այս պարագայում կոնկրետ դրված խնդրի շուրջ կարող է առավել առարկայական բանավեճ ծավալվել, եւ հեռուստադիտողին (ընտրողին) պարզ կլինի, թե ով է պատրաստ ավելի արդյունավետ լուծելու իր առօրյային առնչվող խնդիրները:

Այս ընտրարշավը յուրահատուկ է հենց նրանով, որ անմիջապես հաջորդում է նախագահականին, եւ այս իմաստով նախագահական ընտրությունների քարոզչության շրջանի բացերն ու բացթողումները կարող են դաս լինել ու հաշվի առնվել: Իսկ ամենամեծ բացթողումը հենց եթերում բանավեճեր կազմակերպելուց խուսափելն էր կամ, եթե կուզեք, չկարողանալը:

Արդ, ի՞նչ է, իմ կարծիքով, անհրաժեշտ, որպեսզի գոնե այս ընտրարշավի ժամանակ մենք ականատես լինենք իսկական հեռուստաբանավեճերի.

ա) Եթերային հեռարձակում ունեցող որեւէ հեռուստաընկերություն, լավ կլինի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (կամ մայրաքաղաքային սփռման լիցենզիա ստացած ընդհանուր ուղղվածության որեւէ հեռուստաընկերություն) պետք է նախաձեռնի այն՝ նախապես տեղեկացնելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչության պատասխանատուներին այդ նախաձեռնության, նախատեսվող ձեւաչափի, ժամանակի եւ այլնի մասին:

բ) Լավ կլինի՝ կազմակերպվեն այնքան հեռուստահաղորդումներ, որ նախընտրական ցուցակների գոնե առաջին համարները հնարավորություն ստանան իրար հետ բանավիճելու՝ բոլորը բոլորի հետ բանավիճել են սկզբունքով:

գ) Յուրաքանչյուր հաղորդման համար ընտրվի երկու-երեք կոնկրետ թեմա՝ համաձայնեցված մասնակիցների հետ, որպեսզի վերջիններս էլ պատրաստվեն ինչպես հարկն է ներկայացնելու խնդրի վերաբերյալ իրենց պատկերացումները:

դ) Նման հաղորդումների համար պետք է ընտրվեն եթերային ամենհարմար ժամերը:

Այս թեմային վերաբերող նախորդ իմ հոդվածում նշել էի. «...կարծում եմ, որ դեմ առ դեմ բանավիճել  չկարողանալը հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծագույն թերության կամ գուցե մեծամտության («նա ո՞վ ա, որ ես նրա հետ բանավիճեմ») դրսեւորումներից է: Երեւի մենախոսելը, որ այս (ինչու միայն այս) ընտրարշավի բնորոշ տարրն էր, ավելի հեշտ է. քեզ առարկող չկա, ինչ կուզես կասես...»:

Հիմա ցանկությունս է,  որ գոնե Երեւանի ավագանու ընտրություների ժամանակ քաղաքական գործիչները՝ քաղաքապետի թեկնածուները, այս մտայնությունները վերանայեն, եւ մենք ականատես դառնանք իսկական հեռուստաբանավեճերի:

Ճիշտ է, դրա համար հարկ կլինի, որ հեռուստաընկերությունները առաջինը նախաձեռնություն հանդես բերեն:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?