Երբ ծանր հանցագործությունը ողբերգական դեպք է դառնում

20.01.2015, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հունվարի 12-ին կատարված Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունը մի քանի օր շարունակ տեղ չէր գտնում ռուսաստանյան դաշնային նշանակություն ունեցող ու պետական քարոզչություն իրականացնող մեդիայում: Մեկ շաբաթ հետո հայտնվեց ակնարկ Վլադիմիր Պուտինի արձագանքի մասին, ու իրավիճակը փոխվեց:

Պաշտոնապես հայտարարվեց, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու «մեկ անգամ ևս ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին»: Այդ լուրից անհասականալի մնաց, թե երբ է ՌԴ նախագահն առաջին անգամ ցավակցություն հայտնել, և, ի վերջո, ինչն է եղել 7 անձի մահվան պատճառը (միգուցե ցունամի՞ն):

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը Պուտինի արձագանքից հետո ևս արձագանքեց (հունվարի 18-ին) ու հղում արեց Պուտինին ու նրա ցավակցությանը: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահից հետո ցավակցեց ՀՀ նախագահը:

Հայ-ռուսական հարաբերությունները հանրային հարթության վրա հիմա հակասական են: Մի կողմից զգուշավորություն է, մյուս կողմից՝ բարկություն: Եվ շատ հարցեր: Հանրությունն առնվազն արժանապատիվ պարզաբանումներ է սպասում, այլ ոչ թե Ռուսաստանի մեծամիտ կայսերական հայտարարությունների:

Իսկ Գյումրիում կատարված սպանությունը ռուսաստանյան մեդիան (հիմնականում հեռուստաալիքները) լուսաբանեց այն բառապաշարով ու ոճով, որից ծորում էր անթաքույց մեծամտությունը:

Խոսքն առաջին հերթին բառերի, տերմինների ու հասկացությունների միտումնավոր լղոզման մասին է: Մեդիա մանիպուլյացիայի առաջին նշանը հստակ տերմինը էմոցիոնալ բառով փոխարինելն է: Ինչն էլ տեղի է ունենում ռուսաստանյան պատասխանատու մեդիայում: Եվ հետո այդ նույն լղոզումը շրջանառության մեջ է դնում հայաստանյան պատասխանատու մեդիան:

Օրինակ՝ երբ «հանցագործություն» բառն ամենուրեք դառնում է «ողբերգություն», այն միանգամից կորցնում է հստակ հասցեատիրոջը (կասկածյալներին, դատաքննչական կարգ իրականացնողներին, պատժամիջոցներ կիրառողներին) ու ձեռք բերում վերացական, հուզիչ, անգամ՝ տիեզերական իմաստ:

Հանցագործությունն իր սահմանումն ունի օրենսգրքում, իսկ ողբերգությունը՝ ոչ: Ողբերգությունը տեսանկյուն է, իսկ հանցագործությունը՝ գործողություն:

Հունվարի 18-ին Կրեմլի բարձրախոս Դմիտրի Կիսիլևը իր հեղինակային «Վեստի նեդելի» հաղորդման մեջ անդրադարձավ Գյումրիում կատարված սպանությանը (1:26- 1:29): «Կարծում եմ, որ ընդհանուր դժբախտությունը պիտի ավելի սերտ միավորի մեր ժողովուրդներին... Գյումրիի մղձավանջը մեր ընդհանուր ցավն է»,- ասաց նա:

Եթե «դժբախտության» կամ «մղձավանջի» փոխարեն ասվեր «գնդակահարություն և կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելը», պատկերն ավելի հստակ կլիներ, ու ավելորդ բառերի կարիք չէր լինի:

Ասենք՝ Կիսիլևը ծանր հանցագործության համար մեղադրվողին չէր շտապի ներկայացնել որպես Ամերիկայում հիմնադրված ուղղափառ եկեղեցու բազմաթիվ աղանդներից մեկի հետնորդ: «Տեղի ունեցածը հակասում է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների բնույթին, և հնարավոր է, որ հենց այդ պատճառով տեղի ունեցածը վայրենություն է թվում», - ասում է նա ու խոսքը տեղափոխում անտրամաբանական տիրույթ:

Ռուսական քարոզչության ծանր հրետանի Վլադիմիր Սոլովյովը միլիոնանոց լսարանին ասում է՝ «անկեղծ ցավակցություն եմ հայտնում» (կարծես ոչ անկեղծ էլ կարող է լինել ու այդ մասին հայտարարվել էկրանից): Հետո նշվում է՝ «եղբայրական հայ ժողովուրդը», «մեծն հայ ժողովուդը»:

Պարզ է, որ երբ ցավն ու արդարության պահանջը գերակշռում են, բառեր ընտրելը բարդ է: Ցանկալի է մեդիայում դա անել առանց շրխկոցի ու օդի անիմաստ տատանումների:

Գյումրեցի ընտանիքի գնդակահարությունը ծանր հանցագործություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն այս դեպքում ոչ թե «եղբայրներ» ու «դարավոր ընկերներ» են, այլ գործընկերային հարաբերություններ ունեցող պետություններ:

Ի վերջո, ընկերությունը սահմանում չունի (դա նույնպես տեսանկյուն է), իսկ Սահմանադրությունն ու պետական համաձայնագրերը փաստաթղթեր են, որոնց վրա հիմնվում են:

«Վլադիմիր Պուտինը վստահություն հայտնեց, որ ամենասեղմ ժամկետներում կանցկացվեն բոլոր քննչական գործողությունները, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը»,- ասված է պաշտոնապես:

«Պուտինը խոստացավ Հայաստանի նախագահին արագ արդարադատություն հաստատել վեց անձանց սպանության համար մեղադրվողների նկատմամբ». լուր հեռարձակվեց «Ռոսիա» ալիքը:

«Պուտինը վստահ է, որ մեղավորները կպատժվեն» վերնագրով նյութ տպագրեց «Իտառ-Տասը»:

«Մի մտահոգվեք, այդ հանցագործությունն անպայման կբացահայտվի... Ոչ մի փաստ չի կոծկվի»,- շարունակեց Վլադիմիր Սոլովյովը:

Ռուսաստանի մեդիայի այդ պնդումները նախևառաջ հարց են բարձրացնում «խոստացավ», «վստահություն հայտնեց» բառերի օգտագործման առումով: Իսկ ինչու՞ պիտի գնդակահարության մեջ կասկածվող անձը ներկայացնող պետությունը վստահ լինի ու խոստանա մյուս կողմին պատժել և այն էլ սեղմ ժամկետում:

Հանցագործությունը չքաղաքականացնելու, կրքերը չբորբոքելու ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը չսասանելու կոչերը շատ լավ տեղավորվում են քարոզչական լրագրության կանոններում:

Եվ եթե Գյումրիի հանցագործությունը պիտի անընդհատ հիշատակվի ողբերգություն բառի հետ, ապա ցանկալի է, որ այն իրոք ողբերգության մաս կազմող մաքրագործումն էլ ունենա: Եվ այդ մաքրագործումը պիտի սկսել՝ ճակատային ու վտանգավոր քարոզչություն իրականացնող ռուսական մեդիային ցավակցելով: Ու հուղարկավորելով այն:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?