2017.01.19,

Քննադատ

«Ես ռասիստ չեմ». Դու այն ես, ինչ գրում ես սոցիալական մեդիայում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ինտերնետը տվեց արտահայտվելու նոր, լայն, անծայրածիր ու անսահման հնարավորություններ: Այն իր հետ բերեց առավելություններ ու օգուտներ, որոնք մինչ այդ անհայտ էին մարդկությանը: Լսելի դարձրեց այն մարդկանց ձայները, որոնք արտահայտվելու հնարավորություն չունեին, և անգամներ ավելացրեց հանրային անձանց ազդեցությունը, որոնք կարծիքներ ձևավորելու լծակներ ունեն:

Ազատության հետ մեկտեղ ինտերնետն իր հետ բերեց նաև պատասխանատվություն` սեփական խոսքի, գործողությունների և այլ անձանց իրավունքների նկատմամբ, պատասխանատու ազատություն, որը կապում է վիրտուալ և ռեալ իրականությունները, որոնց միջև սահմանները դադարել են գոյություն ունենալ:

Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N52 դպրոցի ուսուցիչ Լևոն Ստեփանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնաբանել է «Մարաշլյան» լուսանկարչական ատելիեի տեղադրած (հետագայում հեռացրած) լուսանկարը, որում պատկերված էր հայ կինն իր սևամորթ ամուսնու ու երեխայի հետ:

Ուսուցիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակային (բաց) գրառում է կատարել՝ քննադատելով հայերի և սևամորթների միությունն ու նրանց, ովքեր արդարացնում են դա: Լևոն Ստեփանյանը գրել է, թե «օտարամոլ և պացիֆիստ հայերի դեմը պետք է առնել, որ չտարածվեն մեր ազգի գլխին», և նսեմացրել սևամորթներին` նրանց անվանելով բնազդներով ապրող և մտավոր ունակություններ չունեցող:

Լևոն Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումըՌասիզմ և ատելության խոսք պարունակող այս գրառումը միակը չէ ֆեյսբուքում` տվյալ լուսանկարի հետ կապված: Սակայն այս մեկը հատկապես վտանգավոր է մի քանի պատճառով.

  • Գրառում կատարողը ուսուցիչ է, որն ամեն օր մտնում է դասարան ու կրթում հարյուրավոր երեխաների, ձևավորում մտածելակերպ ու աշխարհայացք, քաղաքացիական գիտակցություն:
     
  • Դպրոցի ղեկավարությունն ու կրթության և գիտության նախարարությունը (կրթող պետական հաստատությունները) անուղղակիորեն արդարացնում են ուսուցչի գրառումը` ռասայական խտրականության և ատելության խոսքը համարելով խոսքի և արտահայտման ազատության իրացում:
     
  • Ուսուցիչը ռասիզմ և ատելություն պարունակող խոսքն արտահայտել է ոչ թե ընկերների/ընտանեկան կամ որևէ այլ փակ շրջանակում, այլ հանրային տարածքում` սոցիալական մեդիայում և բաց գրառմամբ: Արդյունքում նրա խոսքը հասանելի է դարձել ոչ միայն իր ընկերների, այլև աշխարհի համար: Ուսուցիչը նպատակ է ունեցել տարածել իր գաղափարները լայն հանրության շրջանում:

Սոցիալական մեդիան մեդիա է` անկախ նրանից, թե օգտատերն ինչպես է ընկալում դրա էությունը: Այն ժամանակակից մեդիայի տեսակներից մեկն է, որը մասնագիտությամբ ոչ լրագրող մարդկանց էլ արտահայտվելու և իրենց խոսքը տարածելու հարթակ է տրամադրում: Սոցիալական մեդիան գաղափարներ տարածելու և հանրային կարծիք ձևավորելու հզոր գործիք է: Հատկապես, երբ հայտնվում է հանրային անձանց ձեռքում:

Իսկ ուսուցիչը հանրային անձ է, որը հսկայական պատասխանատվություն ունի. նա կրթում է ոչ միայն դպրոցական ծրագրերի միջոցով, այլև ակամայից: Ի վերջո, ցանկացած ուսուցիչ ձգտում է ավելի զարգացած ու հանդուրժող հասարակություն ստեղծել: Եվ դասարանում բազմազան, բազմամշակութային և ներառական միջավայր հաստատելով` օգնում ձերբազատվել նախապաշարմունքից, կարծրատիպերից և խտրականությունից:

Ուսուցիչը օրինակելի կերպար է, որն իր գործողություններով ու խոսքով ներկայանում է սոցիալական արդարության և հավասարության դիրքերից: Նեղ մտահորիզոնով օրինակելի կերպարի գոյությունը վտանգավոր է, քանի որ երեխաների պատկերացմամբ՝ այդպես օրինականացվում է ագրեսիվ ու կասկածելի պահվածքը:

ԱՄՆ-ում ռասիստական արտահայտություններ անելու պատճառով ուսուցիչներին աշխատանքից հեռացնելու դեպքերը քիչ չեն: Ամենաթարմ ու աղմկահարույց դեպքը 2016-ի դեկտեմբերին էր, երբ Արքանզասի Մալվերն ավագ դպրոցի (Malvern High School) գիտության ուսուցիչ Թրենթ Բենեթը (Trent Bennett) աշխատանքից հեռացվեց Ֆեյսբուքում Բարաք և Միշել Օբամաներին ու այլ սևամորթներին կապիկ անվանելու համար: Դպրոցի ղեկավարությունը ուսուցչի մեկնաբանությունը համարել էր անընդունելի և ռասիստական:

Դրանից վաղ աշխատանքից հեռացվել էր Բալթիմորի միջին դպրոցներից մեկի ուսուցիչը, որը սևամոթ աշակերտներին վիրավորել էր` խտրական վերաբերմունք ցուցաբերելով և նրանց անվանելով «նեգր»: Դպրոցի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Բալթիմորի քաղաքային հանրային դպրոցը չի հանդուրժում և հանդուրժի խտրականության որևէ դրսևորում, այն ողջունում, աջակցում և արժեվորում է համայնքի բոլոր անդամներին:

Հայաստանյան այս դեպքը ոչ թե մասնավոր անձի, այլ հենց Հայաստանի Հանարապետության համբավի ու իմիջի մասին է վկայում, քանի որ պետական կառույցի աշխատակցի այս տեսակետը աջակցություն է ստացել պետական կառույցների ղեկավարների կողմից, որոնք արտահայտում են պետության դիրքորոշումը:

Թե՛ պետական, թե՛ մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների համար ունեն սոցիալական մեդիայի վարքականոն, որտեղ սահմանված է, թե տվյալ հաստատության աշխատակիցը ինչ կարող է կամ չի կարող տեղադրել/գրառել սոցիալական ցանցերում:

Վարքականոնը սովորաբար ընդունվում է պայմանագիր կնքելու պահից և դառնում ուղեցույց` սեփական և ընկերության համբավին, վարկին ու բարոյական արժեքներին համապատասխան վարք դրսևորելու համար:

Չկա որևէ վարքականոն, որը խրախուսի ռասիզմը կամ ցանկացած հիմքով խտրականությունն ու ատելության խոսքը: Դա չի խրախուսում նաև հենց ինքը` Ֆեյսբուքը: Սոցիալական ցանցի համայնքային կանոնների համաձայն` Ֆեյսբուքը կարող է հեռացնել օգտատիրոջ գրառումը կամ էջը, եթե սոցցանցի տիրույթում խախտվել են օգտագործման պայմանները: Յուրաքանչյուր օգտատեր համաձայնում է պայմաններին և կանոններին և պարտավորվում է այն պահպանել` ֆեյսբուքում գրանցվելուց առաջ:

Արտահայտման ազատություն ունեն բոլորը: Դա մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Սակայն ազատ արտահայտվելու իրավունքը չի ենթադրում ռասիստական արտահայտությունների, անհանդուրժողականության կոչերի ու ատելության լեզվի տարածում: Ռասզիմն ու ատելության խոսքը արգելվում և պատասխանատվության են ենթարկվում: Գրված և հաստատված օրենքներով:

Հայաստանցի ուսուցիչն իր գրառումը ռասիստական չի համարում և խորհուրդ է տալիս «կարդալ ռասիզմ եզրի իմաստն ու փորձել ընկալել»: Եզրի համաձայն` ռասիզմը «նախապաշարմունք, խտրականություն կամ թշնամանք է` ուղղված այլ ռասայի ներկայացուցչի դեմ` հավատալով, որ սեփական ռասան առավել է մյուսից»:

Իր ֆեյսբուքյան էջում ուսուցիչը գրել է. «Բնությունը և պատմությունը արդեն ապացուցել են, որ նեգրերը, որպես կանոն, ունակ են լավ անել երեք բան՝ երգել, պարել և զբաղվել սպորտով։ Դա ունի պարզ բացատրություն․ նեգրերը ապրում են բնազդներով, իրենց մոտ զարգացած է մարմնի լեզուն, ինչը չես ասի իրենց մտավոր ընդունակությունների մասին։ Իրենք ունեն այն, ինչին արժանի են»։

Եզրի համաձայն` սա ռասիզիմի ցայտուն դրսևորում է:

«Ես ռասիստ չեմ»-ը ռասիզմն արդարացնելու ամենահայտնի արտահայտություններից մեկն է, որը «լավ մտադրությամբ ասված խոսքի» քողի ներքո փորձում է խուսափել պատասխանատվությունից:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *