Նոր մեդիա ժանր՝ քաղաքական հանելուկ

08.07.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Մենք հաճախ ենք նայում արտասահմանի կողմն ու նախանձում, երբ նոր հետաքրքիր մեդիա նախագծերի, երբեմն էլ ժանրերի ենք հանդիպում։

Ուրախալի է, որ հազվադեպ, բայց Հայաստանում էլ այդպիսիք կան։

Իր ձեւով ու բովանդակությամբ նոր մեդիա ժանր է քաղաքական հանելուկը, որի հեղինակը Արփի Ոսկանյանն է։

Արդեն երեք տարի է, ինչ նրա հանելուկները հայտնվում են «Հայկական ժամանակ» թերթում, որտեղից հետո տարածվում են համացանցում։

Քաղաքական դիմանկարները, որոնք սովորաբար ամփոփում են տվյալ գործչի մասին մեդիայի ամենաաղմկահարույց տվյալները, մեր մանկության հանելուկների նմանությամբ կոչվում են «Այն ո՞վ է, այն ո՞վ»։

Շարքի հերոսները տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ են, սկսած՝ պետության ղեկավարներից.

Նա սպանում է անվարան
Մրցակցին ու ոսոխին,
Բողոքողին ու անգամ
Իրեն բարեւ ասողին։

Չեն շրջանցվում եւ նրանք, ովքեր նույն ղեկավարների քմահաճույքով ծաղրանկարի են վերածում երկրի քաղաքական կյանքը՝ դրամատիկական իրավիճակներում կտրուկ փոխելով իրենց դերակատարությունը.

Բայց ուժերը մութ, անտես
Նրան հանեցին մասոն
Եվ դավաճան մի լրտես,
Ում դատ ու մահ է հասնում։
Հետո ուժն այդ փոշմանեց,
Նրան անվտանգության
Պահապանը դարձրեց
Իր վտանգած պետության։

Տվյալների նման համադրությունը հաճախ է զվարճալի պատկերներ ստեղծում, որը հասկանալու համար, սակայն, ընթերցողից պահանջվում են որոշակի գիտելիքներ։ Ես կարծես թե մշտապես հետեւել եմ Հայաստանի քաղաքական անցուդարձին, բայց որոշ դեպքերում ինքս էլ դժվարացա գուշակել հանելուկի հերոսին։ Այդ պատճառով, թերեւս, արժի, որ մեր մանկության հանելուկների նման պատասխաններն, այնուամենայնիվ, գրվեն ներքեւում… շրջված տառերով։

Ինչ վերաբերում է իրենց՝ Արփի Ոսկանյանի հերոսներին, ապա կա՛մ ոչ բոլորն են ծանոթ հանելուկներին, կա՛մ միտք չունեն որեւէ կերպ սրբագրել իրենց պահվածքը.  երկու տարի առաջ հորինված այս հանելուկն, ասենք, մի քանի օր առաջ նորից ապացուցեց իր արդիականությունը.

Ունի լուրջ տաղանդ դերասանական,
Գիտի աղոթքը նա տիրունական,
Գուցե թե դառնար հոգեւորական,
Թե չնախընտրեր լինել ոստիկան։

Նույնը վերաբերում է իշխանության մեկ ուրիշ ներկայացուցչի, որի անվան շուրջ մեդիայում քննարկվող հանցագործությունների նշաձողը ոչ վաղուց դեռեւս ծեծն էր.

Փառքով է անցել ուղին մարտական.
Երեխաների վեճի մեջ գցվել,
Դասընկերոջն է իր որդու ծեծել
Եվ պատվով դարձել հանրապետական…

իսկ հիմա արդեն «բարձրացել» է սպանության։

Հանուն արդարության պետք է նշել, որ նորանկախ Հայաստանի երգիծական մեդիա պոեզիան որոշակի ավանդույթներ ունի։ Երկար չծավալվելու համար նշեմ «Չորրորդ իշխանություն» թերթի զվարճալի պարոդիաները եւ «Առավոտ»-ի վերջին էջի «Քաղաքական պոեզիա» խորագիրը, որի մի քանի տողանոց անվրեպ հումորը հեղինակում էր Արմեն Շեկոյանը։

Նախկին խորհրդային հանրապետություններից մեզ լեզվականորեն հասանելի է ռուսական մեդիան։ Այստեղ լայնորեն հայտնի է «Քաղաքացի պոետ» տեսաշարքը, որի մոլեգին քաղաքական երգիծանքը, թերեւս, հեղինակների պատասխանն է հայկականից ավելի խիստ ռուսական գրաքննությանը։ «Ես չեմ սիրում Պուտինին» բանաստեղծության YouTube-յան մեկ հղումի 1.200.000-ից ավելի դիտումները շարքի որակի գնահատականն են։ Ճիշտ է՝ «Քաղաքացի պոետ»-ի հաջողության կարեւոր պայմանը դերասան Միխայիլ Եֆրեմովն է, որը վարպետորեն, մեծ կրքոտությամբ է մատուցում Դմիտրի Բիկովի ստեղծագործությունները։  

Արփին էլ է կարդում իր հանելուկները, նրան նույնպես բնորոշ է հիանալի հրապարակախոսական պաթոսը, որով նույնիսկ Ռոբին Հուդին է ոգեկոչում թալանչիներին պատժելու՝

Փայ է մտած մեր երկրում
Մանր ու խոշոր բիզնեսին.
Ասում են, թե՝ ճիշտ կեսին՝
Հիսուն տոկոսն է քերում։
[…]
Հանց աստղ «գալիվուդի»
Շողում է փայլով անմեռ,
Չի հանդիպել քանի դեռ
Իր բաժին Ռոբին Հուդին։

«Այն ո՞վ է, այն ո՞վ» շարքի հանելուկները մեծ մասամբ դիպուկ են, սրամիտ, ինչը պատճառ է դառնում, որ դրանք տարածվեն նաեւ հեղինակային իրավունքի խախտմամբ (առ այսօր շարունալվում է Արփիի հայցով դատական գործը ընդդեմ 1in.am կայքի), բայց երբեմն պատահում են՝ այսօրվա «ինտերնետ-համբերության» տեսանկյունից երկարաշունչ, «սեւ օրվա» հանգերով, ռիթմի ու չափի անսպասելի փոփոխություններով բանաստեղծություններ։ Այդպիսին է, ըստ իս, Գագիկ Հարությունյանին նվիրված գործը.

Նախագահները մեր բոլոր ընտրված,
Բայց պարտված գողական բազառում,
Անվստահ ու հուշիկ, դատապարտված՝
Նրա դուռն են կամացուկ բախում։  

Հազվադեպ, բայց  պատահում է նաեւ, որ հեղինակը ծաղրի որեւէ գործչի ֆիզիկական արատը, ինչը ոչ մի դեպքում ցանկալի չէ.

Ու երբ նա ընկավ ծուղակն իր լարած՝
Չկարմրեց էլ դեմքը բորբոսնած…

Հայաստանի քաղաքական կյանքը բարեբեր դաշտ է երգիծանքի համար, ուստի սպասենք Արփիի նոր հանելուկներին, իսկ միգուցե նաեւ այնպիսի ստեղծագործական թռիչքի, ինչպիսին նոր մեդիա ժանրն է։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?